կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-28 17:16
Իրավական

ՀՔԾ-ն դեռ չի՞ ճշտել` վկաներին ճնշել են, թե` ոչ

ՀՔԾ-ն դեռ չի՞ ճշտել` վկաներին ճնշել են, թե` ոչ

Մալաթիայի նախկին թաղապետի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվերի գործով այսօրվա դատական նիստին ցուցմունք տվեց պաշտպանական կողմից վկա Արմեն Բեկջանյանը: Թեև նա նախորդ նիստին պատշաճ ծանուցվել էր, սակայն չէր ներկայացել, ինչի արդյունքում նիստը հետաձգվել էր:

 

Բեկջանյանը դատարանին հայտնեց, որ Սեդրակ Զատիկյանի սպանության օրը իրեն զանգահարել է Նարեկ Խաչատրյանը (իր և մեղադրյալ Ստեփան Հակոբյանի ընդհանուր ընկերը) և խնդրել Ս.Հակոբյանի ամառանոց գալու ճանապարհին վերցնել մեքենայի մաքսազերծման փաստաթղթերը, որոնք մուգ, անթափանց փաթեթի մեջ են եղել: Բեկջանյանի հետ է եղել նաև գործով վկա Ահարոն Հակոբյանը, ով, իր հերթին, դրանք փոխանցել է մի երրորդ անձի: Թե ինչ է իրականում եղել փաթեթում, ըստ վկայի, ինքը տեղյակ չէ, քանի որ չի տեսել դրա պարունակությունը:

 

Դեռևս 2007թ. վկա Ահարոն Հակոբյանն իր  նախաքննական ցուցմունքում նշել  էր, որ   ինքը Արմեն Բեկջանյանի հետ գումար է փոխանցել,  սակայն, հատկանշական է, որ գործով առանցքային վկան` Բեկջանյանը, Սեդրակ Զատիկյանի սպանության բուն գործի շրջանակներում չի քննվել: Նա հարցաքննվել է միայն 2012-ին`  Զատիկյանի սպանության պատվեր տալու գործով:

 

Ամբաստանյալ  Ստեփան Հակոբյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հիշեցրեց , որ նախաքննական մարմնի կողմից խոշտանգումների ու վատ վերաբերմունքի մասին դատարանում հայտարարություններ են արել գործով վկաներ Ահարոն Հակոբյանը, Արամայիս Սեդրակյանն ու բուն սպանության գործով դատապարտյալ Արթուր Հովհաննիսյանը: Դատարանն այդ հայտարարությունների կապակցությամբ դիմել է Հատուկ քննչական ծառայությանը, սակայն դեռևս պատասխան չի ստացել:

 

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վաղարշակ Գևորգյանն էլ հայտարարեց, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել, որպեսզի ՀՔԾ-ն այդ ամենի մասին տեղյակ պահի դատավարության կողմերին: Պաշտպանական կողմը հայտարարեց, որ, ըստ ամենայնի, հաջորդ դատական նիստին կներկայացնի փաստեր նախաքննության ընթացքում քննության խորթ մեթոդների կիրառման մասին:

 

Հիշեցնենք, որ Ստեփան Հակոբյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 6 և 7-րդ կետերով` Սեդրակ Զատիկյանի սպանությունը կազմակերպելու համար: