Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վայոց ձորի մարզպետն՝ իր կլաններով, ինչքան ուժ ունի փորձում է նախ իր մասնակցությունը հերքել, երկրորդ՝ մեղավորությունը բարդել սպայի վրա: «Ինչ վերաբերում է Մխիթարյանի վիճակին, ապա նրա ապրելու հավանականությունը 1 տոկոս է, Աստված չանի՝ մահանա»,- Yerkir.am-ին ասաց պահեստազորի փոխգնդապետ Կարեն Հակոբյանը՝ անդրադառնալով Վայոց ձորի մարզում ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու փաստին:
Մխիթարյանի մարտական ընկերները կառավարության շենքի առջև ակցիա են իրականացնում՝ պահանջելով գործի արդար քննություն, քանի որ իրենք Վայոց ձորի ոստիկանությանը չեն վստահում։
Կարեն Հակոբյանը, չցանկանալով խոչընդոտել նախաքննության ընթացքին, միջադեպի մասին մանրամասներ չներկայացրեց, բայց տեղեկացրեց, որ Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, որն այժմ կալանավորված է, միայնակ չէր կարող 3 սպայի մարմնական վնաս պատճառել: «Այդ տղան փախել է, երրորդ հարկում սպասել՝ մինչ, մարզպետի գլխավորությամբ, 2 մեքենայով մարդիկ գան, հետո ներքև իջել և քարով հարվածել փոխգնդապետի գլխին»,- ասաց նա:
Փոխգնդապետի մյուս ընկերն էլ ասաց, թե մարզպետը սպառնում է բոլոր վկաներին, ասում՝ եթե ինչ-որ մեկն իր անունը տա, խիստ կպատժվի։
Պահեստազորի սպա, «Իրավունքի սահման» ՍՊԸ-ի տնօրեն Գևորգ Հովհաննիսյանը վստահեցրեց՝ որպես իրավաբանական գրասենյակի ղեկավար, հետևողական է լինելու, փաստաբանների է ներգրավելու, որպեսզի իր ծառայակից ընկերոջ առողջական վիճակի ախտորոշման առումով խնդիրներ չառաջանան, կոծկումներ չլինեն:
Փոխգնդապետի ընկեր Հարություն Հարությունյանը կառավարության մոտից անմիջապես ուղևորվել էր Մուրացանի հոսպիտալ, որտեղ այս պահին գտնվում է Մխիթարյանը: Նա Yerkir.am-ին հայտնեց՝ փոխգնդապետը դեռ կոմայի մեջ է, որևէ տեղաշարժ չկա:
Վայոց ձորի մարզպետարանից կատարվածի մասին չեն խոսում, ընդամենը ասում են՝ մարզպետը հերքել է դեպքին իր մասնակցությունը, իսկ հանգամանքերը կպարզի նախաքննությունը:
Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանն էլ Yerkir.am-ին տեղեկացրեց, որ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հարցաքննության չի կանչվել. գործով մի շարք այլ վկաներ են հարցաքննվել: «Այս պահին առգրավվել են դեպքի հարակից տարածքում առկա տեսախցիկները՝ միջադեպին մարզպետի մասնակցությունը ստուգելու նպատակով»,- ասաց նա:
ԶՈւ սպա Արա Մխիթարյանը 5-րդ օրն է՝ անգիտակից վիճակում է: Նա «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել սեպտեմբերի 18-ին: Պարզվել էր, որ մարմնական վնասվածքներ ստացել է Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում պարզաբանումներ ստանալու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ:
Ծեծկռտուքի մասնակիցների հետ կապվում է նաև մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը, թեև նա օրեր առաջ հերքել էր տեղեկությունը, իսկ նրա օգնական Հարություն Գրիգորյանը կալանավորվել է:
Աննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ