կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-27 14:40
Առանց Կատեգորիա

Կարմիր կովի եւ վարդագույն ակնոցի մասին

Կարմիր կովի եւ վարդագույն ակնոցի մասին

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն ամենուր պնդում են, թե ընտրություններն արդար էին, չկան կեղծիքներ, չկան կեղծիքի ապացույցներ: Համարենք, թե չկան, բայց այդ ապացույցները միշտ եղել են: Նայած, թե ով ինչ գույնի ակնոցով է դիտում: Չգիտենք ով` ոնց, բայց այն, ինչի մասին ուզում եմ գրել, տեսել եմ սեփական աչքերով եւ առանց սեւ կամ վարդագույն ակնոցի: Թեեւ ի՞նչ տարբերեւթյուն, թե ինչպես ես նայում իրականությանը: Չէ՞ որ, ինչպես առածն է ասում՝ կարմիր կովը կաշին երբեք չի փոխում:

 

ՀՀԿ-ն Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ կեղծիքների նոր շարք է սկսել: Ավելի ճիշտ է ասել՝ հին ու փորձված մեթոդը ներկայացնում են նորովի կամ, վարդագույն ակնոցով դիտելու դեպքում, յուրովի: emedia.am-ի լրագրող Հարություն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում հաղորդում է արել հանցագործության մասին. «Քիչ առաջ ինձ ահավոր լուր են պատմել, դպրոցի տնօրենը ոնց է ստիպում, որ աշխատողը Երևանի իրա բարեկամների ցուցակ բերի: Մարզպետը տնօրենին ասել է, որ «պա լյուբոմու Տարոն Մարգարյանը հաղթելու է»: Մարզպետը ստիպում է ոսւուցիչներին Երևանի իրենց բարեկամներից 15 հոգանոց ցուցակ բերել: Առաջիկայում պատրաստվում եմ հստակ ներկայացնել անուններ ու կադրեր, ուղղակի տեղեկացնում եմ, որ մախինացիաները դադարեցվեն, այլապես հստակ փաստերը կներկայացնեմ, ու համացանցը կողողվի հենց քարոզարշավի ժամանակ»:

 

Սա, իհարկե, նորություն չէ եւ գործել է բոլոր ընտրությունների ժամանակ: Իշխանությունն իր վերահսկողական միջոցների, լծակների միջոցով մշտապես նման ցուցակներ է կազմում, ընտրակեղծիքների զանազան` փորձված ու նորաբույծ մեթոդների դիմում, հետո էլ անմեղ ձեւանում, թե՝ աշխարհի ամենաարդար ընտրություններն էին, հակառակի մասին փաստեր չկան: Կան, շաաաաատ կան:

 

Երկրորդելով մեր գործընկերոջը՝ եւս մեկ ապացույց մեր կողմից ենք ներկայացնում: Նման մի ցուցակի «աշխատանքային մակետ»  էլ մենք ստացանք, իհարկե, ոչ թե լրացնելու համար, այլ՝ հրապարակելու (տե'ս նկարում): Այն մեզ ներկայացրեց այս ամենից զզված մի հանրապետական: Փաստաթղթից երեւում է, որ այն պետք է ներկայացվի ՀՀԿ սպորտի խորհրդի կողմից, ցուցակում նշվելու են այն անձանց անունները, ովքեր 2013թ. Երեւանի ավագանու ընտրություներում իրենց ձայնը կտան ՀՀԿ խմբակցությանը եւ Տարոն Մարգարյանին: Նշված է նաեւ, որ ցուցակում ընդգրկված անձանց ընտրության մասնակցության ապահովման գլխավոր պատասխանատու պիտի լինի, ընդ որում՝ մեծատառերով: Սա նշանակում է, որ այդ անձը ոտով-գլխով պատասխանատու է ցուցակի անձանց «դրական մասնակցության» համար: Այս ցուցակը մահակ է այդ անձի գլխին, սա նրա հացն է, ընտանիքի, կարիերայի ապագան:  Ի դեպ, նման ցուցակներ են կազմված Երեւանի յուրաքանչյուր վարչական շրջանի, յուրաքանչյուր մարզի, քաղաքի, գյուղի, դպրոցների, մանկապարտեզների, ով գիտի՝ մարզպետարանների բաժինների, ՀՀԿ-ին կից գործող զանազան քույր-եղբայր կառույցների եւ բոլոր այն կառույցների համար, որոնց ղեկավարները կամ ղեկավարների ղեկավարները «պատիվ» ունեն կրելու Հանրապետականի կրծքանշանը:

 

Եթե անգամ մեր այս հրապարակումը, Հարություն Մկրտչյանի եւ այլ բազմաթիվ հրապարակումներ հասնեն ՀՀԿ-ի ղեկավարներին, որոնց կողմից էլ դիտվեն որպես այդ կառույցների կողմից արջի ծառայություն մատուցելու քայլ, միեւնույն է, վստահ ենք, որ այս` դեռեւս դատարկ ցուցակները լրացվելու են ամբողջությամբ, ցուցակի հետ միասին ընտրողի սեղանին է դրվելու նաեւ մի քանի կոպեկ՝ որպես կողմնորոշիչ եւ «հաղթանակի» առհավատչյա: Սա ցույց է տալիս, որ իշխանությունը չի պատրաստվում հրաժարվել իր որդեգրած խաղի կանոններից եւ մեզ՝ լրագրողներիս, ընտրողներին ու ընտրվողներին, պարտադրում է ընդունել խաղի իր կանոնները, պարտադրում է, որ ընտրությանը մասնակից յուրաքանչյուր կողմ, յուրաքանչյուր կուսակցություն, հանձնաժողովական, վստահված անձ, դիտորդ գնա կեղծիքների ճանապարհով:

 

Կոչ ենք անում կա'մ դադարեցնել նման կեղտոտ տեխնոլոգիաներով ձայնահավաքչությունը, կա'մ՝ այն բոլոր ելույթները, որոնք ամեն օր եթերներից, հարցազրույցներից ու մամուլի ակումբներից հնչեցնում եք «ամենամաքուր» ընտրությունների մասին:

 

Հ.Գ. ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարանին նմանեցնում է ֆուտբոլիստ Ռոնալդուի հետ՝ ասելով, թե Մարգարյանը քաղաքապետի աթոռին, ինչպես Ռոնալդուն` ֆուտբոլի դաշտում: Հավանաբար տեղին է պարոն Շարմազանովին տեղեկացնել Ռոնալդուի եւ Մարգարյանի, մարզական ու քաղաքական ֆուտբոլի տարբերությունների մասին. նախ՝ Ռոնալդուն տնետուն չի ընկնում` ֆուտբոլասերներին մարզադաշտ բերելու համար, առավել եւս՝ ոչ թե նա է գումար ծախսում դրա համար, այլ ֆուտբոլասերն` ինքը, ընդ որում` շատ ավելի մեծ գումարով, քան ձեր բաշխած 5 հազարներն են: Բացի դրանից` Ռոնալդուն ձեռք է բերում գնդակը եւ հաղթում իր գրագետ ու ճարպիկ խաղի շնորհիվ՝  կողքին ունենալով ամուր թիմ: Դուք այդ «գնդակը» ձեռք եք բերում զորբա մեթոդներով` հանդիսատեսին մասնակից դարձնելով զանազան կեղծիքների եւ ամեն մի «ձեռքբերումի» ժամանակ խայտառակվելով հարյուրապատիկ: Ռոնալդուն հաստատ ամոթանք կտար:

 

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ