Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իմ հիշողության մեջ առաջին ապրիլի 24-ն էր, որ Հայաստանում էի, բայց Ծիծեռնակաբերդում չէի…
Առավոտյան արթնացա բանտախցում, հեռուստացույցը միացրեցի Վեհափառի և հոգևոր դասի այցի պահին, աղոթեցի Կաթողիկոսի հետ միասին և գամվեցի էկրանին՝ մտովի տեղափոխվելով այդտեղ։
Մարդաշատ էր ճեմուղին, լի հոգսաշատ, մտահոգ, ջահել և ահել դեմքերով։ Ամբողջ օրը մեզ եմ նայել կողքից, մեզ՝ դարդերի տակ ճկռած, լեգենդար հայի աչերի տեր տասնյակ հազարավոր հայերիս։
Աչքերիս ներսային անկյուններում դավադրաբար լցվող կաթիլները կարծես հավելյալ ոսպնյակներ լինեին՝ իրադարձությունը առավել մանրակրկիտ ընկալելու համար։
Ինչքան տարբեր ենք մենք. արտաքինով, տարիքով, հագ ու կապով, ծնունդով, գլխի և սրտի միջի պարունակությամբ։ Իրենց մանուկներին ուսերի վրա նստացրած հայրեր, թևանցուկ քայլող ընկերուհիներ, գեղեցկադեմ աղջիկներ, ձեռնափայտով բարձրունք ելած պապիկներ, հեռվից հեռու նկարվող սփյուռքահայեր, ժամանակակից հագուստով և «ճշտի մեջ» լրիվ սև հագած պատանիներ…
Վաղուց այսքան հայ մի տեղում չէի տեսել։ 99,99% դեմքերը անծանոթ էին, բայց Ծիծեռնակաբերդի ճանապարհին այդ մի քանի վայրկյանում հարազատ էին դառնում։
Գուցե ոմանց հանդիպել եմ դրսում՝ մոլում, փողոցում, շուկայում, սրճարանում, բայց հենց երեկ հեռուստաէկրանից այն կողմ բոլորդ միանգամից իմն էիք դառնում։
Ապագայով մտահոգ, ներկայից դժգոհ, բայց անցյալը չուրացող իմ հայրենակիցներ, իմ բախտակիցներ, իմ հայեր։ Իրական և պատմական Հայաստանները իրար կամրջող կենդանի շղթա։
Իրենց միամտությամբ իրենց գլխին ցավ բերող, ցավի մեջ տապակվող և այդ ընթացքում ուրիշի ցավն էլ տանող հայեր։ Չգիտեմ, թե առօրյա կյանքում ինչ տեսք ունեք, ինչ դեմքի արտահայտություն, ինչ հայացքներ կամ ապրումներ, բայց երեկ Ծիծեռնակաբերդի բարձունքում գրեթե ամեն մի դեմք կարծես Ռեմբրանդի դիմանկարների հերոսը լիներ, ծանր կյանքից սեփական «Ես»-ը չկորցրած անհատ։ Օրվա լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող, իսկ իրականում` թույն ու թարախով լեցուն ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ։
Հոգով անմոռուկ ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով` հորթին կորցրած, բայց արածող։ Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև։
Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք։ Սա անհրաժեշտ էր, բայց բավարար չէ։
Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու։ Իսկ դրա համար այս նույն համազգային համախմբվածությամբ պիտի հավաքվել ոչ թե Ծիծեռնակաբերդի բլուրում, այլ բոլորովին այլ հասցեով։
Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
25.04.2024