Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե հավատանք հայաստանյան պաշտոնական լրահոսին, ապա Հայաստանը վաղուց պետք է «Նյու Վասյուկի» դարձած լիներ: Այսպես` մոտ մեկուկես տարի առաջ «Արմավիա» ընկերությունը տեղեկացրեց , որ շատ շուտով չվերթեր կլինեն Երեւան-Լոս Անջելես-Երեւան ուղղությամբ: Միկա Բաղդասարովն էլ իր անհասկանալի առոգանությամբ ավետեց բաղձալի լուրը` եթե չեմ սխալվում Լոնդոնից:
Բնականաբար, լուրը մեծ ոգեւորությամբ հաղորդեցին բոլոր հեռուստաընկերությունները, տպագրեցին թերթերը, հրապարակեցին կայքերը: Եվ ինչ ոգեւորությամբ հրապարակեցին, նույն «ոգեւորությամբ» էլ մոռացան այդ մասին: Դե պարզ է՝ լավ լուրը, եթե նույնիսկ այն չկա, պետք է ստեղծել: Իսկ հետո ո՞վ է հիշելու դրա մասին: Կարեւորը մարդկանց հույս ներշնչելն ու նրանց հավատով պահելն է:
«Օրը կգա, բարին էլ հետը: Մի բան կմոգոնենք…»,- այսպես են մտածում PR անողները եւ, ըստ պաշտոնական կամ, այսպես ասած, կառավարելի լրահոսի` մեզ ուրախ եւ երջանիկ կյանք է սպասվում մոտ ապագայում, ասենք` վեց կամ ութ ամիս հետո: Իսկ երեք տարի հետոյի մասին էլ չենք խոսում. ասում են շատ լավ է լինելու:
Մեր կյանքը հիմա կառուցվում է ապագայի մասին լուրերով: Օրինակ` երբեք չես տեսնի մի ռեպորտաժ, որում կբարձրացվեն սոցիալական ծանր խնդիրներ, եւ դրանք կհայտնվեն իշխանությունների ուշադրության կենտրոնում: Չկա նման խնդիր: Իսկ եթե կա էլ, այն արագ «լուծվում է»: Այսինքն՝ լուծում են, հետո հարցը բարձրացնում ու ցույց տալիս իրենց օպերատիվությունը: Բրավո, նայում ես ու հպարտությունից ուզում ես պայթել: Բա այսքանից հետո արժե՞ բողոքել, թե մեզ մոտ վիճակը վատ է: Այսպես կարելի է ապրել ու ապրել: Հերն էլ անիծած, որ դժվարություններ կան: Չէ՞ որ դրանք հաղթահարելի են ու հաղթահարվելու են` հեռուստատեսություններն են ասում:
Իրենք ասում են, մենք էլ ամեն օր մի քանի ժամ հավատով լցվում ենք ու խաբվում: Եվ ամեն անգամ հենց զգում ես, որ խաբված ես, պարզվում է, որ պաշտոնյային սխալ ենք հասկացել, որ ինքն այդպես չի ասել: Ու անցնում-գնում է:
Այս գործելաոճը դարձել է օրինաչափություն: Հենց այսպես էլ Երեւան-Լոս Անջելես-Երեւան չվերթի սպասելիքով եւ մի լավ պարծենալով, որ մի օր մեր բակում էլ «երաժշտություն կլինի», ինքը՝ «երաժշտությունը», իր ոտքով մեր բակ եկավ Թուրքիայից: Այսպես` ոչ ավել, ոչ պակաս Թուրքիայի կառավարությունը որոշել է վերահսկել Հայաստան կատարվող թռիչքները եւ, որպես առաջին քայլ, շուտով Երեւանում կբացի Turkish Airlines-ի գրասենյակ, որն էլ կկազմակերպի Երեւան-Ստամբուլ-Երևան չարտերային չվերթեր եւ հայ ուղեւորներին կտեղափոխի ԱՄՆ ու հակառակը:
Դե, հիմա ինչ տարբերություն, թե հարցը ով կամ ոնց է լուծում: Կարեւորը լուծվում է, չէ՞: Երեւի մենք ենք հերթական անգամ սխալ հասկացել, որ ազգային փոխադրողը չվերթ է բացելու դեպի Լոս Անջելես: Կամ էլ ազգայինն ենք շփոթում: Հաստատ:
Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ