կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-20 22:37
Քաղաքական

Երբեմն Աշոտյանի նյարդերն են տեղի տալիս, էլ ուր մնաց Նովոյինը...

Երբեմն Աշոտյանի նյարդերն են տեղի տալիս, էլ ուր մնաց Նովոյինը...

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օրերս ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ ՀՀԿ համամասնական ցուցակում չկան օլիգարխներ: Նախագահը նաեւ հայտարարել էր. «Ես չեմ համարում, որ այսօրվա մեր խորհրդարանը վատ խորհրդարան է, կամ խորհրդարանի ճնշող մեծամասնությունը գիտելիք կամ կրթություն չունի, էդպես չի, կարծում եմ՝ ճիշտ կլինի այդ մարդկանց հետ շփվեն հասուն լրագրողները, վաստակ ունեցող, իրենց գործն իմացող լրագրողները, այլ ոչ թե… չեմ ուզում ինչ-որ մի մասնավոր բուհի անուն տալ, էդ բուհն ավարտած երեք ամիս առաջ երիտասարդ աղջնակները կամ տղաները, ովքեր ուղղակի դժվար թե կարողանան իրողությունը ճիշտ ներկայացնել, դժվար թե կարողանան լուրջ խոսակցություն ծավալել էդ մարդկանց հետ»:

 

Չնայած նախագահի նման հայտարարություններին` հենց այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նահապետ Գեւորգյանը` Նովոն, նախ իրենից գոհ-գոհ հայտարարեց, որ ԱԺ-ում օլիգարխներ կան, ավելին՝ որ ինքն էլ է ձգտում օլիգարխ դառնալ, իսկ երբ հերթը հասավ լրագրողների կողմից նախագահի մատնանշած «լուրջ խոսակցություն ծավալելուն» (ՀՀԿ-ական պատգամավորի հետ փորձում էինք զրուցել ներքաղաքական ներկայիս իրավիճակի մասին), ՀՀԿ-ական պատգամավորը մտավ իր սենյակը՝ հետեւից շրխկացնելով դուռը:

 

Այս միջադեպից հետո Yerkir.am-ը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից փորձեց պարզել, թե իրո՞ք մասնավոր բուհերի, մասնավորապես` ժուռնալիստիկայի ֆակուլտետների վիճակն այդքան վատ է, եւ միթե լրագրողներն են մեղավոր պատգամավորների նման պահվածքի համար:

 

«Մասնավոր բուհերի եւ, առհասարակ, բարձրագույն կրթության որակը շատ տարբեր է: Բարձրագույն կրթության համակարգում մենք ունենք իրականում միջին եվրոպական մակարդակի կրթություն մատուցող բուհեր եւ ֆակուլտետներ, նաեւ ունենք բուհեր եւ ֆակուլտետներ, որոնց կրթության մակարդակը հեռու է անգամ նվազագույն ստանդարտներից: Մասնավոր բուհերը բացառություն չեն, կան առաջատարներ եւ հակառակը: Վերջին չորս տարվա ընթացքում մասնավոր բուհերի թիվը ՀՀ-ում գրեթե կրկնակի նվազել է եւ նվազել է ոչ միայն մեր խստացումների շնորհիվ, այլ նաեւ նրա, որ մասնավոր բուհերի սեփականատերերը գիտակցում են, որ կրթության բարեփոխումների այս հորձանուտում միայնակ չեն կարող դիմանալ»,- հայտարարեց նախարարը եւ վստահեցրեց, որ ինչպես տարբեր է մասնավոր բուհերի որակը, այնպես էլ այդ բուհերի ժուռնալիստիկայի ֆակուլտետները:

 

Նախարարը նշեց, որ, ցավոք, այսօր ոչ բոլոր գործող լրագրողներն ունեն լրագրողական կրթություն, ինչն էլ իրեն երբեմն զգացնել է տալիս: Պարզվում է՝ պատգամավոր եղած ժամանակ նախարարն անգամ հետազոտություն է արել, թե ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների որ մասն ունի լրագրողական կամ գոնե բանասիրական կրթություն: Լրագրողների դիտարկմանը, որ դա այդքան էլ կապ չունի լավ լրագրող լինելու հետ, նախարարը վստահեցրեց՝ մեծ կապ ունի:

 

«Լրագրողական կրթությունը լրագրողի կայացման համար պակաս կարեւոր չէ, քան փորձառությունը»,- հայտարարեց նախարարը:

 

Նա նշեց, որ հիմա էլ, ինչպես նախկինում, տարբեր է ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների որակը: Ավելին՝ նախարարը կարծում է, որ լրագրողական կրթությունը ՀՀ-ում իր բովանդակային առումով վերանայման կարիք ունի:

 

Դիտարկմանը, թե, ի վերջո, «ինչ-որ մի մասնավոր բուհ ավարտած» լրագրողնե՞րն էին մեղավոր, որ ՀՀԿ-ական պատգամավորը դուռը շրխկացրեց, նախարարն այդպես էլ հստակ պատասխան չտվեց, միայն ասաց. «Իմ նման բարեկիրթ, համբերատար մարդու նյարդերն են երբեմն տեղի տալիս, ուր մնաց մարդկանց, որոնց նյարդային համակարգը ֆիզիոլոգիապես կարող է տարբերվել իմ՝ բարեկիրթ եւ զուսպ նյարդային համակարգից»: