կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-08 16:05
Հասարակություն

Բնակարան նվիրելու որոշումը միաձայն չընդունվեց, քաղաքապետի նյարդերն էլ տեղի տվեցին

Այսօր տեղի ունեցավ Երևանի ավագանու նիստ, որի ընթացքում քննարկվեց հաղորդավար, դերասանուհի Զառա Արամյանին, երգիչ-երգահան Դավիթ Ամալյանին, գրող Վահրամ Սահակյանին և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Բերջ Քարազյանին բնակարան շնորհելու մասին որոշումը:   

Նիստն անցավ բուռն, քանի որ ոչ բոլորն էին կողմ ներկայացվածներից ոմանց բնակարան նվիրելու մտքին: Մասնավորապես` Դավիթ Ամալյանին բնակարան նվիրելու հարցն անցավ միաձայն: Բերջ Քարազյանին բնակարան շնորհելու մասին որոշումը նույնպես բողոքների տեղիք չտվեց. 52 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ որոշումն անցավ:

Ամեն ինչ սկսվեց Վահրամ Սահակյանին բնակարան շնորհելու որոշումից: Երևանի ավագանու անդամ Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ վերջին օրերին  հանրության շրջանում տարբեր կարծիքներ են հնչում վերոհիշյալ անձանց բնակարան հատկացնելու հարցի առնչությամբ։ Նա հարցրեց, թե արդյո՞ք ուսումնասիրվել են այդ մարդկանց բնակարանային պայմանները, քանի որ միայն քաղաքապետարան ներկայացված փաստաթղթերը բավարար չեն:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ պատասխանեց` ինչքան մարդ, այնքան կարծիք: «Մենք ունենք օրենք, ըստ որի` որոշում կայացնողը Երևանի ավագանին է: Մենք, այո, ուսումնասիրել ենք, և վերոհիշյալ անձինք, այո, ունեն բնակարանի կարիք: Սոցցանցերը նրա համար են, որպեսզի քննարկումներ լինեն»,- ասաց նա:

Ավագանու եմկ այլ անդամ` Դավիթ Սանասարյանը, իր հերթին նշեց, որ ինքը դեմ է քվեարկելու Վահրամ Սահակյանին բնակարան շնորհելու մասին որոշմանը, քանի որ Սահակյանի քաղաքացիական պահվածքն իր համար անընդունելի է: «Դա հերիք չէ, դեռ մի բան էլ նա մատ է թափ տալիս, թե` թող մեկը փորձի շահարկել այս հարցը: Ես դեմ եմ, տեսնեմ` ինչ է անելու»,- ասաց նա:

Ի պատասխան ,Տարոն Մարգարյանը նշեց, որ պետք չէ ամեն ինչ սևացնել: «Պոպուլիստական ելույթների թարգը տվեք: Դուք սրանով ժամանակավոր դիվիդենդներ եք շահում, բայց դրանք ժամանակավոր են: Եթե ուզում եք մեր քաղաքացուն օգնել, նրա մատի փուշը հանեք: Միայն կույրը չի տեսնում մեր առաջընթացը: Սիրեք մեր քաղաքը, քանի որ միայն այն սիրողը կտեսնի, թե ինչքան դրական փոփոխություններ են կատարվել քաղաքում վերջին տարիներին»,- ասաց քաղաքապետը:

Հարցը, այնուամենայնիվ, քվեարկության դրվեց. ավագանու բոլոր անդամները կողմ քվեարկեցին, բացառությամբ՝ երկուսի` Ստյոպա Սաֆարյանի և Դավիթ Սանասարյանի, մի հոգի էլ ձեռնպահ էր։

Զառա Արամյանին բնակարան տրամադրելու հարցը նույնպես քննարկումների տեղիք տվեց: Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ անհրաժեշտ է բաց ու թափանցիկ կերպով քաղաքապետարանի կայքում տեղադրել բոլոր նրանց անունները, ովքեր դիմել են բնակարան ստանալու խնդրանքով, քանի որ այդպես միայն պարզ կդառնա` ով ումից առավել ունի այդ կարիքը:

Անահիտ Բախշյանն էլ նշեց, որ կան մարդիկ, ովքեր ավելի վատ պայմաններում են ապրում և, իրոք, ունեն դրա կարիքը: «Օրինակ` Գուսան Հայկազունը, նա վատ պայմաններում է ապրում և արժանի է։ Հիմա նա ո՞ր հերթում է»,- հարցրեց ավագանու անդամը:

Զառա Արամյանին բնակարան նվիրելու որոշմանը ավագանու 55 անդամներից կողմ քվեարկեցին 54-ը, դեմ էր մեկը:

Ի դեպ, այն, որ որոշումներն ընդունվում էին քննարկմամբ, կարծես դուր չեկավ ավագանու անդամ Լևոն Իգիթյանին: Նա ասաց. «Դեմագոգիա է, հարցը միանգամից դրեք քվեարկման, էլի: Ելույթ ունեցողներին էլ ասեք, որ ժամանակը սահմանափակ է»: