կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-20 17:58
Արցախ

Ֆրանսիական խմբի ստեղծումը պատ չէ որեւէ ազգի, ժողովրդի դեմ. ԼՂՀ ներկայացուցիչ

Ֆրանսիական խմբի ստեղծումը պատ չէ որեւէ ազգի, ժողովրդի դեմ. ԼՂՀ ներկայացուցիչ

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Ֆրանսիայում մի խումբ ազդեցիկ քաղաքական գործիչների կողմից ստեղծվել է Արցախի հետ բարեկամական շրջանակ (խումբ): Այս կապակցությամբ yerkir.am-ը զրուցեց Ֆրանսիայում ԼՂՀ  մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանի հետ:

 

-Պարո'ն Գեւորգյան, տեղեկացանք, որ Ֆրանսիայում Արցախի հետ բարեկամական խումբ է ստեղծվել: Կասե՞ք, թե ի՞նչ է այն իրենից ներկայացնում, ովքե՞ր են խմբի անդամները:

- Սա ֆրանսիացի քաղաքական գործիչների նախաձեռնությունն է, որոնք ներկայացնում են Ֆրանսիայի քաղաքական շրջանակները, ինչը շատ ուրախալի փաստ է: Այն ֆրանսիացի քաղաքական գործիչները, ովքեր ցանկություն են հայտնել ստեղծել ԼՂՀ-ի հետ բարեկամության այս շրջանակը, հղում են կատարել այնպիսի համամարդկային արժեքների, ինչպիսիք են ազատությունը եւ ժողովրդավարությունը: Խմբի ստեղծումը բավականին խնդիրներ է լուծելու, քանի որ այն, բնականաբար, անդրադառնալու է Արցախի ճանաչմանը, առկա խնդիրների լուծմանը եւ ավելի մոտիկից այդ խնդրի ծանոթացմանը, մանավանդ` Ֆրանսիայի տարածքում:

 

- Վերջին շրջանում, կարծես, ակտիվացել են ԼՂՀ-ի ճանաչման աշխատանքները: Որքանո՞վ կարող ենք հավակնել, որ այս խումբը կդառնա պաշտոնական խումբ:

-Իհարկե, մենք մեծ ոգեւորվածությամբ տեղեկացանք, որ վերջերս Լիտվիայի Հանրապետությունում ստեղծվել է բարեկամական նման խումբ: Փաստորեն, այս կերպ Ֆրանսիայի քաղաքական գործիչներն իրենց ցանկությունը հայտնեցին համագործակցել այլ երկրների ներկայացուցիչների հետ, որոնք Արցախի ժողովրդի կողմից են, պաշտպանում են նրանց որդեգրած արժեքները: Մենք փորձելու ենք կապեր հաստատել Արցախով հետաքրքրվող այլ քաղաքական անձանց հետ եւս եւ, նրանց միմյանց հետ ծանոթացնելով, ամուր կապեր ստեղծել:

 

-Վալերի Բուայեից բացի, ովքե՞ր են նախաձեռնողների թվում:

-Շատ ուրախալի է, որ բոլոր այդ անձինք կիսում են նույն արժեքները: Բոլորը, ովքեր երեկ ստորագրել են հայտարարության տեքստը, ակտիվ դերակատարություն են ունեցել խմբի շրջանակից դուրս էլ: Նրանք ԱԺ պատգամավորներ են, նախկին պատգամավորներ, քաղաքապետեր: Ահա նրանց անունները` Ռոլան Բլում` Մարսելի փոխքաղաքապետ, Ժորժ Կոլոմբիե` նախկին պատգամավոր, Վալերի Բուայե` պատգամավոր, Բեռնար Ֆուրնիե` սենատոր, Սոֆի Ժուասեն, սենատոր, Ռիշար Մալի` նախկին պատգամավոր, Ֆիլիպ Մարինի` սենատոր, Ժակ Ռեմիլե` նախկին պատգամավոր, Վիենի քաղաքապետ, Ֆրանսուա Ռոշբլուան` պատգամավոր, Ռենե Ռուքե` պատգամավոր, Գի Տեսիե` պատգամավոր: Օրինակ` Ռոլան Բլումը քաջատեղյակ է Արցախյան հիմնախնդրին, քանի որ մինչեւ անցյալ տարի նա ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում Հարավային Կովկասի եւ, մասնավորապես, Արցախի մասով զեկուցողն էր:

 

- Արդյո՞ք այս խումբը մոտ ապագայում կարող է այցելել ԼՂՀ, եւ ի՞նչ է արվելու ադրբեջանական կողմի հնարավոր բացասական արձագանքի դեպքում:

- Այս քաղաքական գործիչների գերակշիռ մասն արդեն եղել է Արցախում եւ ծանոթ է արցախյան իրականությունը: Այս ծրագրի նպատակներից մեկն էլ ֆրանսիացի քաղաքական գործիչների տեղեկատվական այցը ԼՂՀ կազմակերպելն է` տեղում իրավիճակին ծանոթանալու համար: Բնականաբար, առաջնությունը կտրվի նրանց, ովքեր դեռ չեն այցելել Արցախ, թեեւ բոլորի մոտ մեծ ցանկություն կա կրկին այցելել Արցախ: Տեղյակ չեմ, թե ինչպիսին է եղել  ադրբեջանական իշխանությունների արձագանքը, բայց կուզեի ընդգծել, որ նման շրջանակի ստեղծումը պատ չէ որեւէ ազգի, ժողովրդի դեմ: Սա ԼՂՀ-ին, տեղի ժողովրդին սատարող խումբ է, ԼՂՀ-ի ժողովրդի եւ իշխանությունների պայքարին նեցուկ կանգնելու եւ տեղեկատվական առումով էլ ավելի հասանելի դարձնելու համար է: Այն պետական կամ ոչ պետական ինչ-որ խմբի դեմ չի ստեղծվել: