Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Կիպրոսի պատվիրակ Կոնստանտինոս Էֆստաթիուն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումն ու արցախցիների համար հումանիտար ճգնաժամի ստեղծումը համարեց ցեղասպանական ակտ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել միջանցքի շրջափակումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԵԽԽՎ-ում իր ելույթում Կիպրոսի պատվիրակը բարձրաձայնեց Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով հումանիտար լուրջ ճգնաժամի մասին:
«Լեռնային Ղարաբաղ մուտքն ու մատակարարումները պետք է անվերապահորեն վերականգնվեն, և Ադրբեջանը պետք է հարգի եռակողմ համաձայնությունն ու երաշխավորի մարդկանց անվտանգությունը, ապրանքների տեղափոխումը Լաչինի միջանցով: Շրջափակման հետևանքով հազարավոր մարդիկ, այդ թվում երեխաներ, անկարող են վերադառնալ իրենց տներ: Այս տագնապալի իրավիճակը սպառնում է փխրուն խաղաղ գործընթացին և կարող է հանգեցնել բռնության վերսկսման»,-ասաց նա:
Կիպրոսի պատվիրակը նկատեց, որ դա աղետալի ազդեցություն կունենա ոչ միայն հայերի և ադրբեջանցիների, այլ նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա:
«Որպես Եվրոպայի խորհրդի անդամ` մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին անխափան կերպով բացել Լաչինի միջանցքը, զերծ մնալ լարվածության բերող գործողություններից»-ասաց նա: Ապա Էֆստաթիուն շարունակեց. «Զոհել միայն այն պատճառով, որ հա՞յ են, թե՞ քրիստոնյա են»:
Նա ընդգծեց, որ մարդկանց սովամահ անելը, առանց էլեկտրաէներգիայի, դեղորայքի թողնելը ցեղասպանական ակտ է: Ցեղասպանության տարրերից մեկը կյանքի այնպիսի ծանր պայմանների ստեղծումն է, որն ուղղված է մարդկանց խմբի ֆիզիկականց ոչնչացմանը:
«Ցեղասպանության վճռորոշ պահ է, եկեք չզոհենք մարդկանց` քաղաքական պայմանների կամ ազգային շահերից ելնելով: Այս աշխարհում յուրաքանչյուր մարդ արժանի է ապրել արժանապատիվ և իրավունքների լիարժեք հարգման պայմաններում: Ուղերձը պետք է լինի հստակ՝ դադարեցրեք Լաչինի միջանցքի շրջափակումը»,-եզրափակեց Կիպրոսի պատվիրակը: