կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-22 11:49
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօր ուզում են զավթել դատական համակարգը․ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամ նշանակելու դեմ «ամոթի պատ»՝ ԱԺ դիմաց

Հայրենիքի փրկության շարժման ակտիվիստները «ամոթի պատ» են կազմել ԱԺ մուտքերի առջև, որով բողոքում են Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամ նշանակելու՝ իշխանական պատգամավորների մտադրության դեմ՝ հայտնում է Yerkir.am-ը։

Այսօր ժամը 12.00֊ին ԱԺ արտահերթ նիստ է սկսվում, որում, ի թիվս օրակարգային այլ հարցերի, քննարկվելու է նաև ԲԴԽ անդամի թափուր տեղի համալրման հարցը։

ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը ակցիայի ժամանակ հայտարարեց, որ ոչ միայն Գագիկ Ջհանգիրյանը միանշանակ անբիծ չէ իր կենսագրությամբ, այլև այս գործընթացը ունի ընդամենը մեկ նպատակ՝ խախտելով ՀՀ Սահմանադրությունն ու օրենքը, ԲԴԽ անդամ նշանակել մարդու, ով լիարժեք կամակատարն ՀՀ վարչապետի և կառավարության։

«Սա մեզ համար հստակ է, որ ունի ընդամենը մեկ նպատակ՝ զավթել դատական իշխանությունը, որն անցնող շրջանում ցույց է տվել, որ կարողանում է դեռևս պահպանել իր անկախությունը, չի ենթարկվում Նիկոլ Փաշինյանի սադրանքներին, անձնական հրահանգներին և ցանկություններին։ Այսօր ուզում են զավթել դատական համակարգը՝ շարունակելու համար իրենց անօրինական գործողությունները՝ ճնշումները, ձերբակալությունները, անօրինական դատական որոշումները, որով, կարծում են թե կկարողանան կանխել իրենց իշխանափոխությունը»,-ասաց ՀՅԴ անդամը։

Նա արձանագրեց, որ իշխող թիմը, իր իշխանությունը երկարաձգելու համար, ևս մեկ անգամ ՀՀ-ում Սահմանադրություն և օրենք է խախտում։

«Մենք սրա համար հավաքվել ենք՝ մեր բողոքի ձայնը բարձրացնելու, կոչ հղելու մեր քաղաքացիներին, որ ամեն օրը, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ իր պաշտոնում, նոր անօրինականության է բերում, նոր հարված է հասցնում պետությանը, և, սրանով իսկ, շարունակում քանդել ՀՀ հիմքերը»,-ասաց Սևակ Նազարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․