կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-15 23:29
Իրավական

Արգելվում է հղի կնոջն աշխատանքից ազատելը

Արգելվում է հղի կնոջն աշխատանքից ազատելը

Թերևս նորություն չէ, որ պատահում են դեպքեր, երբ գործատուները ոչ միայն խուսափում են աշխատանքի ընդունել նոր ամուսնացած և հղի կանանց, այլև հարմար առիթի դեպքում աշխատանքից ազատում են` հետագայում «գլխացավանքների» մեջ չընկնելու համար` ֆիզարձակուրդ ուղարկել, վճարել արձակուրդի համար,  նոր աշխատող փնտրել:

 

Սակայն հղի կինը նման խնդրի հետ չառնչվելու համար պետք է բժշկի կողմից հղիությունը հաստատող տեղեկանք  (երկու օրինակից) ներկայացնի իր գործատուին, և համապատասխան աշխատակցին (սովորաբար` կադրերի բաժնի աշխատողին) խնդրի տեղեկանքի վրա գրել ամսաթիվն ու ստորագրել, որ ստացել է: Տեղեկանքի երկրորդ օրինակը կարող է պահել իր մոտ` որպես ապացույց, որ գործատուն տեղյակ է եղել իր հղիության մասին:

 

Պետք է իմանալ նաև, որ հղի կնոջ և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կնոջ աշխատանքային պայմանագիրը չի կարող լուծվել:  Այս իրավունքը սահմանվում է օրենքով:

 

Այսպիսով` Աշխատանքային օրենսգրքի 117-րդ հոդվածը սահմանում է, որ աշխատանքային պայմանագիրը չի կարող լուծվել  հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչեւ հղիության ու ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը:

 

Պայմանագիրը չի կարող լուծվել նաև մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող աշխատողների հետ, բացառությամբ, եթե գործատու կազմակերպությունը լուծարվել է կամ ճանաչվել է սնանկ, այս աշխատողը փորձաշրջան է անցել և անբավարար արդյունք ցուցաբերել, իր պարտականությունները պատշաճ չի կատարել, գործատուն կորցրել է նրա նկատմամբ վստահությունը:

 

Իսկ եթե կինը գտնվում է ֆիզարձակուրդում մինչև երեք տարի, ապա նրա հաստիքը կամ պաշտոնը պահպանվում է (Աշխատանքային օրենսգիրք 173 հոդված): Նրա հետ պայմանագիրը կարող է լուծարվել միայն երկու դեպքում, եթե գործատու կազմակերպությունը լուծարվել է կամ սնանկացել:

 

Իսկ եթե վերոնշյալ իրավունքները խախտվել են, ապա կինը կարող է դիմել դատարան` պահանջելով վերականգնել դրանք:

 

Ա.Կ.