Փոխարժեքներ
12 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.51 |
EUR | ⚊ | € 411.46 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 496.75 |
GEL | ⚊ | ₾ 141.82 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ օրերս իրավապահ մարմինները բերման են ենթարկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ՔՊ-ական Արման Բարխուդարյանին, կոմունալ բաժնի պետ Աշոտ Խաչատրյանին, առեւտրի բաժնի պետ Հրայր Արամյանին եւ կոմունալի աշխատակից Վան Հարությունյանին՝ գնումների գործընթացը ոչ պատշաճ կատարելու կասկածանքով:
Ըստ տեղեկությունների՝ կասկածյալների ցանկում է նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Սաշա Կատվալյանը, որն այժմ զբաղեցնում է Երեւանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կատվալյանը նշել էր, որ կապ չունի այդ ամենի հետ, իրեն չեն կանչել հարցաքննության, եւ չնայած որ Բարխուդարյանն իր ընկերն է, եւ ինքը խորհուրդներով նրան պարբերաբար օգնել է, դա ոչինչ չի ենթադրում:
«Ժողովուրդ» օրաթերթին ավելի ուշ տեղեկություններ հասան, որ Կատվալյանը ոչ միայն այս թեմաներին է առնչվում, այլ նաեւ խնամի-ծանոթ-բարեկամ «շարժմանն» է հարում: Մասնավորապես, ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Կատվալյանը «տեղավորել է» քաղաքապետարանում իր կնոջը՝ Շուշանիկ Ղեւոնդյանին՝ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը անմիջապես ճշտեց Սաշա Կատվալյանից. «Կինս աշխատում է քաղաքապետարանի Հանրակրթության վարչությունում՝ ֆիզարձակուրդում գտնվող աշխատակցի փոխարեն: Եթե իմ միջամտությունը լիներ նրա՝ աշխատանքի տեղավորվելու հարցում, հավատացնում եմ՝ առաջին կարգի մասնագետ չէր լինի, ավելի բարձր պաշտոնի կլիներ: Այստեղ կոռուպցիոն ոչինչ չկա, բոլորն էլ աշխատելու իրավունք ունեն: Եվ հավելեմ, որ կինս քաղաքապետարանում սկսել է աշխատել ավելի վաղ, քան ես, այսինքն՝ ես չեմ դարձել խորհրդական, իրեն էլ իմ հետ տարել: Նման բան չկա»:
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած մեկ այլ տեղեկության՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Արման Բարխուդարյանի կինը եւս աշխատում է թաղապետարանում՝ եկամուտների հավաքագրման բաժնում. նա ժամանակավոր պաշտոնակատար է: Վերջինս եւս աշխատանքի է անցել Սաշա Կատվալյանի պաշտոնավարման ընթացքում: Սաշա Կատվալյանը մեզ հավաստիացրեց, որ մրցույթներ պարբերաբար հայտարարվում են, եւ ցանկացած անձ կարող է մասնակցել այդ մրցույթներին, քննություններին: Կարճ ասած, խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք անխախտ գործում է:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում