Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստաբան Արմինե Ֆանյանն անդրադարձավ վերջին օրերին հանրահավաքներին մասնակցող քաղաքացիների իրավունքների ոտնահարմանն ու այդ իրավունքների վերականգնման հարցերին:Երեկ ոստիկանությունը բավական կոպիտ ձևերով մասսայաբար բերման էր ենթարկում Խորենացի փողոցում քայլող կամ զբոսնող մարդկանց: Փաստաբան Արմինե Ֆանյանի խոսքով` բերման ենթարկելու հիմքերը սահմանված են օրենքով, և առհասարակ, առանց որևէ պատճառի անձին բերման ենթարկելը մարդու իրավունքների կոպիտ խախտում է:
«Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ վերջին օրերին ոստիկանության որոշ գործողություններ ուղեկցվել են անձանց իրավունքների մասսայական խախտմամբ:Մարդիկ օրենքով սահմանված ժամկետից ավել են պահվել ոստիկանության բաժանմունքներում, կամ պահվել են անհայտ վայրերում, հարազատները նրանց գտնվելու վայրը չեն իմացել, պաշտպանները չեն կարողացել տեսակցել և այլն: Այս ամենը պետք է մանրամասն քննության ենթարկվի, պետությունը նման պահերին ավելի քան զգոն ու պրոֆեսիոնալ գործի»,- ասաց փաստաբանը:
Իսկ թե ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունները ինչպես կարող են անդրադառնալ պետության հեղինակությանը, փաստաբանը նշեց, որ դա համակարգային վերլուծության հարց է, ամեն դեպքում միջազգային հանրությունը չի կարող ողջունել որևէ պետության կողմից քաղաքացիների նկատմամբ իրականացվող ոչ չափավոր, չարդարացված բռնությունը: Այս պահին գործ ունենք մարդկանց իրավունքների մասսայական խախտման հետ:
Ինչ վերաբերում է մասնավորապես երեկ Խորենացի փողոցում մարդկանց մասսայաբար բերման ենթարկելու փաստին, փաստաբանը նշեց, որ իր համար հասկանալի չէր պատճառը, թե ինչու են մարդկանց բերման ենթարկում, որովհետև կային բազմաթիվ տեսանյութեր, որտեղ մարդկանց բերման էին ենթարկում պարզապես հենց այնպես:
«Պարզապես անձը ճշտելու նպատակով մարդկանց բերման ենթարկելը և նրա նկատմամբ անգամ չափավոր բռնություն ենթարկելը չի թույլատրվում, արդարացված չէ, որովհետև քաղաքացու անձը ճշտելու այլ մեթոդներ կան, և կարծում եմ բոլոր այս դեպքերում հատուկ քննչական ծառայությունը պետք է ուսումնասիրություններ անցկացնի»,- ասաց փաստաբանը:
Ինչ վերաբերում է աղմկահարույց այն լուսանկարին, որտեղ կին ոստիկանը բերման է ենթարկում տարեց կնոջը` նրա ձեռքերն ոլորելով, և հարցին, թե հնարավո՞ր է, որ ոստիկանությունը նրան աշխատանիքց հեռացնի, Արմինե Ֆանյանը նշեց
«Աշխատանիքից ազատելը տվյալ իրավիճակում նրա համար նվազագույնը կարող է լինել,որովհետև հնարավոր է, որ այս դեպքում գործ ունենք իշխանազանցության կամ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հետ: Իհարկե քննությունը դա կպարզի, բայց իշխանության ներկայացուցչի կողմից իր լիզորությունների սահմանն անցնելը քրեական պատասխանատվության է հանգեցնում»,- ասաց փաստաբանը` հավելելով, որ ոստիկանության կողմից մարդկանց անվտանգությունը պահպանելու նպատակով նրանց նկատմամբ թեկուզ չափավոր բռնություն գործադրելու միջոցով անձը ճշտելը որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում: