կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-15 22:01
Աշխարհ

Բուլղարիայի նոր վարչապետը թուրքամետ դիվանագետ է

Բուլղարիայի նոր վարչապետը թուրքամետ դիվանագետ է

Բուլղարիայի նորանշանակ ժամանակավոր կառավարության վարչապետ Մարին Ռայկովը աշխատել է հօգուտ Անկարայի շահերի, քանի դեռ զբաղեցնում էր Բուլղարիայի արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը: Այս մասին մարտի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր, «Ատակա» քաղաքական կուսակցության նախագահ Վոլեն Սիդերովը:

 

«Ռայկովն այն անձն էր, ով կասեցնում էր Բուլղարիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին քննարկումներըը և թուրք դեսպանի առաջ 2009-ին հպարտացել է իր այդ գործողություններով` ասելով, որ ինքն արել է ամեն բան, որպեսզի այդ հարցը խորհրդարանի օրակարգ չմտնի: Դա այն անձն է, որն աշխատում է հօգուտ օտարների շահերի, այլ ոչ՝ Բուլղարիայի» - նշել է Սիդերովը:

 

Ըստ նրա` իր մոտ կա մի արձանագրություն, որը ներկայացնում է 2009 թ. օգոստոսի 27-ին փոխնախարար Ռայկովի և Թուրքիայի դեսպան Մեհմեդ Գյուջուկի հանդիպումը և նրանում վառ կերպով ներկայացված է ներկայիս վարչապետի թուրքամետությունը: «Դեսպանն անընդհատ հարցնում է, թե ինչ է կատարվում Հայոց ցեղասպանության հարցի հետ: Ռայկովը պատասխանում է, որ ընդունման փաստը շատ լուրջ ստվեր կնետի Թուրքիայի հետ երկխոսության վրա: Փոխնախարարն ընդգծում է այն հսկայական աշխատանքը, որ ղեկավարությունը կատարում է, որպեսզի ձախողի նմանատիպ որոշման ընդունումը», - ներկայացրեց Սիդերովը:

 

Բուլղարիայի նոր ժամանակավոր կառավարությունը կգործի մինչև մայիսի 12-ին նշանակված նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Անցած ամիս սկսված հուժկու ժողովրդական բողոքի ցույցերի արդյունքում Բուլղարիայի կառավարությունը հրաժարական էր տվել փետրվարի 20-ին:

 

Ներսես Կետիկյան

Սոֆիա