կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-13 18:01
Քաղաքական

Ի՞նչ է ասել ոստիկանապետը Րաֆֆի Հովհաննիսյանին

Ի՞նչ է ասել ոստիկանապետը Րաֆֆի Հովհաննիսյանին

Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է, եւ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հրավիրած իր այսօրվա ասուլիսը սկսեց` Չարենցի ծննդյան օրը շնորհավորելով: Նա հիշեց Չարենցի հայտնի արտահայտությունը` «Ո’վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը, քո հավաքական ուժի մեջ է», եւ նշեց, որ փետրվարի 18-ին հայ ժողովուրդը ընկալեց այդ պատգամը եւ Հայաստանը դարձրեց սիրո ու միասնականության հայրենիք:

 

Այնուհետեւ հայտնեց, որ իր առողջությունը շատ լավ է, շնորհակալություն հայտնեց իրեն զորակցողներին` նշելով, որ ավելի կարեւոր է այն հավատը, որ իրենք ճշմարտության ճանապարհի վրա են:

 

Րաֆֆի Հովհաննիսյանը պատմեց նաեւ, որ այսօր առավոտյան իրեն է այցելել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ իրենք առանձնազրույց են ունեցել Ազատության հրապարակում:

 

«Քննարկեցինք ստեղծված իրավիճակը: Ինքը հետաքրքվեց իմ առողջությամբ եւ ցանկացավ, որ հայ ժողովուրդն ու ես անձամբ այլ ճանապարհով շարունակենք մեր պայքարը: Ես կրկնեցի ժողովրդի պահանջը, որ մենք բաց ենք ցանկացած քննարկման, զրույցի եւ լուծման առաջարկի առջեւ, բայց, միեւնույն ժամանակ, պատրաստ չենք զիջելու մեր նվաճած հաղթանակը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Նա նշեց, որ այդ այցը քաղաքավարական էր եւ սրտացավ պաշտոնյայի առաջարկ. «Իմ առողջության մասին կարծիք էր հայտնում, եւ ես տեղեկացրեցի, որ բոլորը հարգեն ՀՀ քաղաքացիների եւ ժողովրդի իրավունքները ու ապահովեն մեր սահմանադրական իրավունքները, այդ թվում` նաեւ ընտրությունների իրավունքը: Եվ ասացի, որ եթե որեւէ սրացում լինի, լինելու է հակառակ կողմից, որովհետեւ մեր ժողովուրդը խաղասեր է»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: