կարևոր
301 դիտում, 4 ժամ առաջ - 2025-12-23 16:50
Հասարակություն

«Սա իմ պատվի հարցն է». Արամ Վարդևանյանը ներկայացրեց Սամվել Կարապետյանի ուղերձը

«Սա իմ պատվի հարցն է». Արամ Վարդևանյանը ներկայացրեց Սամվել Կարապետյանի ուղերձը

«Ողջունում եմ շարժման տարեկան հաշվետու ժողովը: Ձեզ հետ միասին հպարտանում եմ այսքան կարճ ժամանակահատվածում՝ ընդամենը չորս ամսում, կատարված ահռելի ու կարևոր աշխատանքով», ասված է «Մեր ձևով» շարժման գաղափարական առաջնորդ Սամվել Կարապետյանի ուղերձում, որը հղել է շարժման հաշվետու ժողովին:

Սամվել Կարապետյանի ուղերձը ներկայացրեց Արամ Վարդևանյանը։

«Մեր երկրում չկա այլևս բնակավայր, քաղաք ու գյուղ, որտեղ չիմանան մեր շարժման ու դրա բարի նպատակների մասին, չկա մի մարդ, ով տեղյակ չէ մեր առաքելությանը: Այսօր արդեն դժվար է գտնել որևէ քաղաքական վերլուծաբանի, ով կքննարկի Հայաստանի մոտ ապագայի հասարակական ու քաղաքական գործընթացները՝ չնշելով «Մեր ձևով» շարժման, մեր թիմի ու մեր համախոհների վճռական ազդեցությունը: Մեր գործունեությունը նաև Հայաստանն ուսումնասիրող, լուսաբանող օտարերկյա մամուլի ու վերլուծական կենտրոնների ուշադրության առանցքում է: Մեր երկրում դժվար է գտնել այլևս մի սթափ դատողի, ով որոշակի հույսեր է կապում ՀՀ-ի լավ ապագայի հետ ու այդ կապակցությամբ չի հիշատակում մեր շարժումը: Սա շատ տպավորիչ արդյունք է, որի հեղինակը դուք եք և մեր համախոհները: Ի սրտե շնորհակալ եմ ձեզ:

Հարգելի՛ գործընկերներ,

մենք ձևավորում ենք սկզբունքորեն նոր քաղաքական ուժ և նոր առաջնորդություն: Պատճառը պարզ է՝ մենք ուժեղ Հայաստանի մեր պատկերացումն ունենք և կարող ենք իրականություն դարձնել: Մենք ձևավորում ենք ուժեղ թիմ և այդ թիմը բաղկացած է լինելու պրոֆեսիոնալներից, Հայաստանի նվիրյալներից, արդար ու մեծ նպատակների շուրջ ազնվորեն ու անշահախնդիր համախմբվողներից: Բազմիցս ասել եմ, որ մեր կարևորագույն առաքելությունը մարդկանց հուսախաբ չանելն է: Մարդիկ հույսեր են կապում մեր գործունեության հետ, հույսեր, որ կապված են իրենց ընտանիքների բարեկեցության, առողջության, երկրի անվտանգության, ազգային արժանապատվության հետ: Մենք իրավունք չունենք հուսախաբ անել նրանց:

Այսօր մենք ասում ենք բոլորին՝ Հայաստանը թույլ չէ, այն պարզապես ունի թույլ ղեկավարություն:

Վերջերս հայտարարել էի, որ Ադրբեջանի ու Թուրքայի հետ կռացած բարեկամություն անելով, իրական խաղաղություն չենք ունենա: Ռուսաստանի դեմ խարդավանքներով տարածաշրջանում մեզ անվտանգ չենք զգա: Իրանի ու Վրաստանի կենսական շահերն անտեսելով դժվար օրերի բարեկամ չենք ունենա:

Մեր ժողովուրդը վաղուց մոռացել է՝ ինչպես է լինում լավ հարաբերություններ ունենալով սեփական հարցերը լուծել: Հետևաբար մենք այդպես ենք անելու՝ ոչինչ չենք ուրանալու, բայց հարցերը լուծելու ենք խաղաղությամբ ու պրոֆեսիոնալիզմով՝ մեր օգտին: Արդարությունն է յուրաքանչյուր հայի երազանքը ու մենք հաստատելու ենք այդ արդարությունը մեր երկրում, ապացուցելով, որ դա միանշանական հնարավոր է: Անցյալում ենք թողնելու կառավարական, դատական, բանկային, ուժային «беспредел»-ը: Մեր հայրենակիցների ուզածը դա է, դա ասում եմ միանշանակ, ասում եմ որպես մարդ, ով լավ է ճանաչում մեր ժողովրդին:

Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ գործընկերներ, մեր պայքարը բարդ է ու լցված  բազմաթիվ զրկանքներով, բայց ինչպե՞ս կարող է հալածանքը կանգնացնել մեզ, եթե մեր նպատակը ՀՀ-ի, մեր տարեցների, մեր ժողովրդի, մեր երեխաների ու թոռների բարեկեցիկ և ապահով ապագան է:

Ուրեմն՝ առանց որևէ դադարի, վստահ քայլերով շարժվում ենք դեպի նոր, 2026 թվական, որը պետք է հայ ժողովորդի վերածննդի սկիզբը դառնա: Հաղթելու ենք՝ մեր ձևով և կառուցելու ենք ուժեղ Հայաստան»,-նշված է Սամվել Կարապետյանի ուղերձում: