Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ձմռան վերջին օրը ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդես եկավ մամուլի ասուլիսով եւ նշեց, որ ձկնաբուծությունը մեր երկրի համար հեռանկարային ճյուղ է եւ ունի զարգացման մեծ հնարավորություններ, որ այս ոլորտի հետ կապված, կան լուրջ խնդիրներ ջրօգտագործման մասով, եւ հարցերը լուծելու համար նախատեսվում է ձկնաբուծական տնտեսությունների անցում նոր տեխնոլոգիաների:
Մասնավորապես` առաջիկայում նախատեսվում է ձկնաբուծությունը եւ ձկան արտադրությունն իրականացնել փակ եւ կիսափակ ցիկլերով: Փակ ցիկլի ռեժիմով ձկնաբուծարանը նշանակում է, որ միեւնույն ջուրը, որ առաջին անգամ վերցվում է ձկնաբուծարանի համար, ոչ թե հոսում-գնում է, այլ մեկ փուլի ավարտից հետո նորից հատուկ տեխնիկայի եւ տեխնոլոգիաների միջոցով վերադարձվում է փուլի սկիզբ ու մտնում շրջանառության մեջ, եւ այսպես շարունակ:
Այդ պրոցեսի ժամանակ կիրառվում են հատուկ պոմպեր, որոնք ապահովում են ջրի շրջանառությունը, հատուկ ֆիլտրեր, որոնք մաքրում են ջուրը, թթվածին ներմուծող սարքեր, որոնք թթվածնով հարստացնում են ջրի` արդեն օգտագործված թթվածնային պարունակությունը, հատուկ տեխնիկական միջոցներ, ձկների արտաթորանքը հեռացնելու համար, ջրի ջերմաստիճանը, քիմիական կազմը եւ այլնը կարգավորող տարբեր միջոցներ: Այս ցիկլով ջրի մեջ, դարձյալ հատուկ գործիքների օգնությամբ, ներմուծում են կերի անհրաժեշտ չափաբաժիններ, օգտակար նյութեր եւ այլն:
Մի խոսքով` այս տեխնոլոգիան բավականին թանկարժեք սարքեր, միջոցներ ու նյութեր է պահանջում: Փոխարենը նվազում է անհրաժեշտ սպասարկող անձնակազմի թվաքանակը ու խնայողություն է կատարվում ջրի օգտագործման հարցում: Գյուղնախարար Սերգո Կարապետյանի համոզմամբ` դա կբերի նոր տեխնոլոգիաների ներդրման, որի արդյունքում մեկ խորանարդ մետր ջրից ավելի շատ ձկնամթերք կստացվի, քան հիմա է ստացվում է:
«Եվրոպական զարգացած երկրներում մեկ խորանարդ մետր ջրից ստանում են մինչեւ 300-ից մինչեւ 400-450 կիլոգրամ ձուկ: Այսօր մեր երկրում դա կազմում է մոտ 150 կիլոգրամ, այսինքն` շատ ցածր է: Սա զարգացման ուղի է»,- ասաց Սերգո Կարապետյանը:
Սակայն այստեղ կան մի շարք խնդիրներ. երբ ձկնաբուծարաններն անցնում են փակ ցիկլի, նախ` արտադրվող ձկան ինքնարժեքն է բարձրանում, քանի որ փակ ցիկլի ձկնաբուծարանների տեխնիկա-տեխնոլոգիական անհրաժեշտ միջոցները բավականին թանկ են, հետո` արտադրվող ձուկը հեռանում է բնական վիճակից ու կորցնում է իր համային-որակական հատկանիշները:
«Փակ ցիկլային ռեժիմի մասին, ես խնդրում եմ, ընդհանրապես անտեղի մտքեր չզարգացնել, որովհետեւ դա առհասարակ բացառված խնդիր է Հայաստանի պայմաններում: Որովհետեւ փակ ցիկլային ռեժիմով աշխատում են գերհզոր կազմակերպությունները` զարգացած երկրներում, որոնք կերակրի խավիարի արտադրությամբ են զբաղվում: Նրանց արտադրությունն այնքան եկամտաբեր է, որ փակ ցիկլային ռեժիմով աշխատանքների համար, որը շատ մեծ ծախսատար եւ ֆինանսական ներդրումներ է պահանջում` մշտապես, կարողանում են համապատասխան ներդրումներ կատարել: Հայաստանում նման միջոցներ չեն կարող ներդրվել»,- այս առումով նշեց «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ-ի նախագահ եւ գործադիր տնօրեն Կարեն Աթոյանը:
Նույնիսկ այստեղ չարժե անդրադառնալ պահանջվող գումարներին, քանիի որ, ինչպես նշեց հայ ձկնաբույծների միավորման նախագահը, դա ուղղակի անհասանելի է մեզ համար: Իսկ ինչ վերաբերում է գյուղնախարարի նշած արտադրողականությանը` մեկ խորանարդ մետր ջրից մինչեւ 300-450 կիլոգրամ ձուկ ստանալու մասով, ապա Կարեն Աթոյանն ասաց. «Երբ ինչ-որ մարդ կարծիք է հայտնում, դա անում է` ըստ իր ունեցած տեղեկությունների: Ես կարծում եմ, որ 1 խորանարդ մետրում աճեցվող ձկան քանակությունը շատ լինի, այնքան համային եւ որակական հանտկանիշների հարցում ինքը կզիջի եւ այնքան բնական վիճակից հեռանալու միտում կունենա, դա իմ կարծիքն է: Ես կարծում եմ, որ այստեղ որակն անպայման խնդիր կունենա: Մենք պետք է հնարավորինս բնական ճանապարհին մոտ լինենք մեր արտադրությամբ, որպեսզի միջազգային շուկայում գոնե համային եւ որակական հատկանիշներով կարողանանք մրցակցությանը դիմանալ»:
Ասվածը պատկերացնելու համար, թող գյուղնախարարը փորձի մեկ լիտրանոց տարայի մեջ աճեցնել մինչեւ 450 գրամանոց ձուկ` համամասնությունը նույնն է իր նշած թվերի հետ:
Հայաստանի համար, իհարկե, ընդունելի կարելի է համարել կիսափակ ցիկլային ռեժիմով աշխատող ձկնաբուծարանների ներդրումը: Թեեւ դա նույնպես որոշակի տեխնիկա-տեխնոլոգիական պահանջներ է ներկայացնում, բայց ոչ այնքան շատ, ինչպես փակ ցիկլով աշխատող ձկնաբուծարանները: Կիսափակ ցիկլով աշխատող ձկնաբուծարանները նույնպես ջրի խնայողություն են անում եւ ստեղծված են հենց ապրանքային ձկան պահանջարկն ապահովելու համար:
Սակայն Հայաստանում կիսափակ ցիկլային ռեժիմով ձկնաբուծարանների աշխատանքների կազմակերպման համար ամենամեծ խոչընդոտը ֆինանսական ներդրումների խնդիրն է: Հայ ձկնաբույծների միավորման նախագահը նշեց, որ այսօր մեր ձկնաբուծական տնտեսությունները բանկերի կողմից ճանաչվել են ռիսկային, քանի որ շատ-շատերը բանկային` վարկային պարտավորությունների ներքո գտնվելով, դժվարանում են ծանր վիճակից դուրս գալ: Դրա համար չկան այն միջոցները, որոնց շնորհիվ հնարավոր լինի կիսափակ ցիկլային ռեժիմի համակարգ կիրառել:
Սակայն գյուղատնտեսության նախարարը նախորդ շաբաթ ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, թե մեկ տարվա ընթացքում գյուղատնտեսության նախարարությունը գրաֆիկ է կազմելու, որով ձկնաբուծությամբ զբաղվողները, ըստ իրենց ծավալների` խոշոր, միջին եւ մանր, անցնեն այդ ցիկլերին: Սա նշանակում է, որ արդեն ամեն ինչ որոշված է: Ու այստեղ կան մի շարք մտահոգություններ:
Նախ` հայկական ձկնաբուծական տնտեսությունները, հատկապես` մանրերն ու միջինները` իրենց համեստ ռեսուրսներով, չեն կարող իրենց տնտեսություններում ներդնել նոր տեխնոլոգիաները` թանկության պատճառով: Իսկ դա կարող են եւ, ամենայն հավանականությամբ էլ, կանեն հենց խոշորները կամ օլիգարխները:
Այսինքն` եթե կառավարությունը որոշի, որ պետք է բոլոր տնտեսություններն անցնեն փակ ու կիսափակ ցիկլերով ձկնաբուծությանը, իսկ մենք համոզված ենք, որ հինգ տարվա ընթացքում հենց այդպես էլ կլինի, քանի որ արդեն այս առումով որոշակի խոսակցություններ շրջանառվում են, ապա պետությունը պետք է որոշակի աջակցություն ցուցաբերի այդ տնտեսություններին տեխնիկա, ինքնարժեքով կեր ձեռք բերելու եւ միջազգային շուկաներ դուրս գալու հարցերում: Իսկ այդպիսի միջոցներ, ինչպես նշեց Կարեն Աթոյանը, մեր երկիրը չունի: Ուստի մանրերը կլուծարվեն, իսկ հարուստները կգոյատեւեն: Դա արդեն, այլ հանգամանքների հետ, որոնց մասին դեռ չենք խոսում, ձկնաբուծության ոլորտը եւս մենաշնորհացնելու իրական վտանգներ է ստեղծում:
Գեւորգ ԱՎՉՅԱՆ
Ստորեւ ներկայացնում ենք մի քանի լուսանկարներ, որոնցում մասամբ երեւում է, թե ինչպիսի սարքավորումներ ու տեխնոլոգիաներ են պահանջում նշված ձկնաբուծարանները: