«Պարզ հարցին. «Մենք Թուրքիային թշնամի համարո՞ւմ ենք, թե ոչ» Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ պատասխանեց, թե Թուրքիայի հանդեպ «մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն և մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»։
Բայց... ընդամենը 2020թ. հուլիսի 10-ին իր իսկ ղեկավարած կառույցի նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն» վերնագրով փաստաթուղթ, որը իր՝ Արմեն Գրիգորյանի պաշտոնական գործունեության գաղափարախոսական, քաղաքական և ծրագրային հիմքը պետք է լիներ։ Իբր։
Դա իր թիմի և անձամբ իր, ինչպես նաև յուր ղեկավար՝ Նիկոլ Փաշինյանի հեղինակած փաստաթուղթ է։ Ավելին՝ նա շատ հպարտ էր այդ փաստաթղթով։
Թուրքիան այդ փաստաթղթում հիշատակվում է 9 անգամ։ Կարդացե՛ք և հետո փորձեք պատասխանել հետևյալ հարցին. 2020 թվականի հուլիսի 10-ից առ այսօր ի՞նչ դրական տեղաշարժ է եղել Թուրքիայի՝ Հայաստանի հանդեպ քաղաքականության մեջ, որ այս փաստաթղթում բերված պատճառները, ըստ Գրիգորյանի, այլևս ուժի մեջ չեն։
Մեջբերեմ Թուրքիային վերաբերող բոլոր հատվածները...
2.9 Հայաստանի հանդեպ Թուրքիան վարում է ոչ բարիդրացիական քաղաքականություն՝ շարունակելով Հայաստանի շրջափակումը, հրաժարվելով հաստատել դիվանագիտական հարաբերություններ առանց նախապայմանների, ժխտելով, իսկ առանձին դեպքերում նաև արդարացնելով Հայոց ցեղասպանությունը։
2.10 Միաժամանակ, Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությունն Ադրբեջանին ավելի է ուժեղացնում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի հավակնությունները։ Հատկապես խնդրահարույց է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների նախաձեռնման դեպքում Թուրքիայի քողարկված կամ բացահայտ միջամտության պատրաստակամությունը:
2.11 Հարևան երկրների և ժողովուրդների հանդեպ Թուրքիայի կողմից անօրինական ուժի կիրառումն իր հերթին վտանգում է ավելի լայն տարածաշրջանի կայունությունը և առավել անկանխատեսելի է դարձնում նրա հնարավոր գործողությունները Հայաստանի հանդեպ:
2.12 Թուրքիայում և Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում տեղի ունեցող հետընթացը բացասաբար է անդրադառնում այս երկրների կողմից իրենց միջազգային պարտավորությունների կատարման վրա և մեծացնում այս երկրների անկանխատեսելիությունը Հայաստանի համար:
[էջ 11]
...
4.4 Թուրքիան կդադարի անվտանգության սպառնալիք լինել մեզ համար այն դեպքում, երբ կվերանայի Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իր ոչ բարիդրացիական քաղաքականությունը:
[էջ 21]
...
5.18 Թուրքիայի կողմից Հայաստանի և հայ ժողովրդի համապարփակ անվտանգությունը հարգելը Հայոց ցեղասպանության զոհերի և նրանց ժառանգների իրավունքների պաշտպանության մասն է կազմում:
5.19 Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության, դրա զոհերի և նրանց ժառանգների իրավունքների ճանաչումը կձևավորի նպաստավոր պայմաններ Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման համար:
[էջ 33]
...
7.25 Մեր էներգետիկ քաղաքականությունը միտված է չեզոքացնելու ոլորտի առջև ծառացած սպառնալիքները. կախվածությունը հեղուկ և գազային վառելիքի ներկրումներից, տարանցիկ ենթակառուցվածքների հնարավոր խափանումները, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող տնտեսական շրջափակումը և տարածաշրջանային ծրագրերից Հայաստանին մեկուսացնելու փորձերը:
Կարդացի՞ք։ Այստեղ շարադրած փաստարկներից ո՞րն է, որ այսօր այլևս արդիական չէ։ Թուրքիայի քաղաքականությո՞ւնն է բարիդրացիական դառել, հայերի ցեղասպանությո՞ւնն է ճանաչել, դադարե՞լ է անվտանգության սպառնալիք լինել Հայաստանի համար։
Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Նիկոլի և իր թիմակիցների որևէ բառ՝ ներառյալ պաշտոնական գրավոր խոսքը, իրենց իսկ համար գրոշի արժեք չունի։
Սկի իրենք իրենց ասածին չեն հավատում, բայց համոզում են, որ մենք հավատանք»։