Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Որքան էլ Րաֆֆի Հովհաննիսյանը պնդի, թե ԱԺ-ում ՀՅԴ-ի հետ միասին մշակած օրակարգով արտահերթ նիստ հրավիրելու պահանջի շուրջ կայացած բանակցությունները հետընտրական զարգացումների հետ որևէ կապ չունեին, ակնհայտ էր, որ դա իշխանության հետ փոխզիջման գնալու նպատակ էր հետապնդում: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը սկսված շարժման պատճառով առաջացած ներքաղաքական լարվածությունը թուլացնելու նպատակով էր համաձայնել քննարկել այդ հարցերը, որոնց կապակցությամբ ավելի վաղ քաղաքական մեծամասնությունը մի քանի անգամ հանդես էր եկել մերժողական կեցվածքով: Եթե չլիներ Ազատության հրապարակում և մարզերում Րաֆֆի Հովհաննիսյանի ծավալած հանրահավաքային գործունեությունը, ՀՀԿ-ն անգամ ձևականորեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, սահմանադրական փոփոխությունների հանրաքվե և ԱԺ լրիվ համամասնական ընտրակարգի անցնելու օրակարգով որևէ քննարկման չէր մասնակցելու:
Բանակցությունները, սակայն, որևէ արդյունքի չհանգեցրին, որովհետև օրակարգում առկա առաջարկությունների մասով կոնսենսուս, ինչպես և կարելի էր կանխատեսել, չձևավորվեց: Որքանով էին «Ժառանգության» և ՀՅԴ-ի առաջարկությունները համահունչ Ազատության հրապարակում Սերժ Սարգսյանի պաշտոնաթողությունը պահանջող զանգվածների ակնկալիքներին, այլ հարց է: Դրա հետ կապված` նախաձեռնության հեղինակները կարող էին ունենալ իրենց պատկերացումները, որոնք կարող էին լինել ճիշտ կամ սխալ, արդարացված կամ չարդարացված: Սակայն փաստն այն է, որ այդ առաջարկությունները ընդդիմությունը ներկայացրեց որպես բանակցությունների առարկա կամ հիմք` իշխանության հետ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի որոնման շրջանակում: Այն, որ դրանց հետ կարող էր նաև սկզբունքորեն համաձայնել կամ չհամաձայնել քաղաքական մեծամասնությունը, նրա իրավունքն է: Եթե բանակցող կողմերից մեկը մյուսի ներկայացրած օրակարգը համարում է ծայրահեղ ու մաքսիմալիստական, ապա տրամաբանական է, որ կարող է ընդհանրապես հրաժարվել դրանց հետագա քննարկումից, առավել ևս, երբ դրանց հեղինակները պնդում են, որ այդ երեք առաջարկությունները փոխկապակցված են և պետք է դիտարկել ամաբողջականության մեջ` առանց մասերի բաժանելու, այսինքն` երբ առաջարկում են դրանք ընդունել փաթեթային տարբերակով:
Էականը, սակայն, տվյալ պահին ոչ թե առաջարկությունների բովանդակությունն էր կամ ընդդիմության հնարավոր մաքսիմալիզմը, այլ հրապարակային երկխոսության, փոխզիջումների գնալու` «Ժառանգության» և ՀՅԴ-ի փաստացի` թեկուզ անուղղակիորեն, արտահայտած պատրաստակամությունը: Մինչդեռ իշխանությունը` ի դեմս ԱԺ քաղաքական մեծամասնության, մերժելով այդ գաղափարները, ինքը հանդես չեկավ այլընտրանքային թեզիսներով կամ առաջարկություններով` բավարարվելով ընդամենը հստակորեն ընդդիմությանը «ոչ» ասելով և թեման փակելով: Ինքնին այս հանգամանքը վկայում է այն մասին, որ իշխանությունը նահանջելու, փոխզիջման գնալու համար պատրաստ չէ անելու և ոչ մի առարկայական, բովանդակային քայլ: Իշխանությունը սեղանին չդրեց երկխոսության որևէ ալտերնատիվ օրակարգ` պարզ հասկացնելով, որ չի ճանաչում պաշտոնական տվյալներով այն մոտ 700 հազար ընտրողներին, որոնք, մասնակցելով հանդերձ ընտրություններին, չեն քվեարկել իշխանության թեկնածուի` Սերժ Սարգսյանի օգտին:
Իշխանությունն իր կառավարումից չբավարարված ու լուրջ պահանջներ ունեցող 700 հազար դժգոհ քաղաքացիներին, փաստացի, առաջարկելու բան չունի: Մինչդեռ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դեռ «Ժառանգության» և ՀՅԴ-ի հետ սկսված քննարկումների ժամանակ հայտարարեց, թե ամենաողջախոհ տարբերակը Րաֆֆի Հովհաննիսյանին ապագա կառավարությունում որոշակի պորտֆել հատկացնելը կլիներ: Սա միակ անուղղակի արված փաստացի առաջարկությունն էր` ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանին, որ այս ընթացքում հնչեց իշխանության ճամբարից: Այսինքն` ընդդիմության կողմից ներկայացված` ինստիտուցիոնալ, պետական կառավարման համակարգը հիմնովին փոխելուն ուղղված առաջարկություններին իշխանությունը պատասխանեց` Րաֆֆի Հովհաննիսյանին պաշտոններ առաջարկելով:
Թե Հայաստանում ինչ է սա նշանակում, հավելյալ բացատրությունների կարիք, թերևս չկա: 2008թ. քաղաքական ճգնաժամը փորձ արվեց հաղթահարել` կոալիցիոն հուշագիր կնքելով, որը ներառում էր հասարակության հիմնական բոլոր մտահոգությունները, քաղաքական, տնտեսական, հասարակական ոլորտներում առկա բոլոր հիմնական ու առաջնահերթ մարտահրավերները, որի հիման վրա էլ կատարվեց պորտֆելների բաժանումը կոալիցիայի միացած ուժերի միջև: Սակայն անգամ այն դեպքում, երբ սեղանին դրված էր կոնկրետ փաստաթուղթ` կոնկրետ անելիքների օրակարգով, իշխանությունը շատ հանգիստ այն մի կողմ դրեց և սկսեց գործել` բացառապես կոնյունկտուրային շահերից ելնելով և բացառապես մեծամասություն ունեցող ՀՀԿ-ի քմահաճույքներով: Այսինքն` հուշագրին նախորդած բանակցությունները, քննարկումները և վերջապես ինքնին հուշագրի ստորագրումը իշխանությանը պետք էին միայն նրա համար, որ դուրս սպրդեր իր համար ստեղծված անելանելի վիճակից և միացած ուժերին փաստացի կանգնեցներ կա'մ այդ քմահաճույքներով առաջնորդվելու փաստի հետ համակերպվելու, կա,մ հեռանալու երկընտրանքի առջև: Պարզ է, որ առավել ևս հիմա, երբ իշխանությունն ընդհարապես որևէ օրակարգ չի առաջարկում, ԱԺ նախագահի` գործադիրում Հովհաննիսյանի կողմակիցներին պորտֆելներ տրամադրելու պատրաստակամության մասին ակնարկը ավելին չի կարող լինել, քան Հովհաննիսյանի հրապարակային գործունեությունը պարզ աթոռակռվի հանգեցնելը և նրան հավատացող զանգվածների աչքին այս գործընթացը վերջնականապես արժեզրկելը: Սա հին ու ծանոթ ձեռագիր է: Հենց դրա արդյունքում են ՀՀԿ-ական քվոտայով մանդատներ ստացել և, Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու սինդրոմով պայմանավորված, իշխանության սազանդարները դարձել վաղեմի կարկառուն մի շարք հայտնի սկզբունքային «ընդդիմադիրներ»:
Իշխանությունը բանակցություններ ու փոխզիջում չի սիրում: Այն սովորել է գործ ունենալ բացառապես ՀՀԿ-ի բացարձակ գերիշխանությունը ճանաչող, կապիտուլյացիայի ենթարկված շրջանակի հետ: Եվ բոլոր տեսակի բանակցությունները, երկխոսությունները և նման կարգի կատեգորիաները ծառայեցվել և հիմա էլ ծառայեցվում են բացառապես այդ թակարդն ընկնողներին կապիտուլյացիոն ակտը ստորագրել պարտադրելուն: Սա այնպիսի աբսուրդային միտումների է հանգել, որ անգամ ինքնին իշխանության հետ կուլիսային կամ հրապարակային բանակցությունների, այսպես կոչված «երկխոսության» մեջ մտնելը դարձել է ինքնավարկաբեկման ամենակարճ ճանապարհը, կարծես, իշխանությունը մի այնպիսի կեղտոտ բան է, այնպիսի բորոտ, որի հետ ցանկացած շփում, ցանկացած ձեռքսեղմում անխուսափելիորեն հանգեցնում է վարակման և կեղտոտման: Բայց որ շատ ավելի էական է` իշխանությունն ինքը դա որպես զենք է կիրառում` քաղաքական դաշտը ամայացնելու, բոլոր առողջ նախաձեռնությունները խեղդելու համար: Այս թակարդի մեջ իշխանությունը տանջամահ արեց ՀԱԿ-ին, էժանացրեց ԲՀԿ-ի պահանջները, և ահա հիմա հերթը, այսպես կոչված, «Բարևի հեղափոխությանն» է և Րաֆֆի Հովհաննիսյանինը:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ