կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-05 10:38
Իրավական

Խոսքի ազատությունն ու զրպարտությունը բոլորովին տարբեր բաներ են. Վ.Սողոմոնյան

Խոսքի ազատությունն ու զրպարտությունը բոլորովին տարբեր բաներ են. Վ.Սողոմոնյան

Մարտի 7-ին Երեւանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կլսվի Ռոբերտ եւ Սեդրակ Քոչարյանների հայցն ընդդեմ «Առաջին լրատվական» կայքի  եւ «Ժամանակ»  օրաթերթի:

 

Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:  

 

- Պարո'ն Սողոմոնյան, ինչպես հայտնի է, Քոչարյանների ընտանիքը դատի է տվել  «Ժամանակ» օրաթերթին: Ո՞րն է պատճառը:

- Անցած տարվա նոյեմբերի վերջին «Ժամանակ» օրաթերթը և «Առաջին լրատվական» կայքը հրապարակել էին միանգամից երկու հոդված, որոնցում տեղ գտած` Ռոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի գործունեության մասին իբր փաստերը ոչ միայն ամբողջովին չեն համապատասխանում իրականությանը, այլև ակնհայտորեն նպատակ ունեն զրպարտել նրանց: Սա, ցավոք, առաջին դեպքը չէ, երբ նշված լրատվամիջոցները նման փորձ են կատարում: Մենք էլ արդարությունը վերականգնելու ուրիշ օրինական ճանապարհ, քան դատարան դիմելը, չենք տեսնում:  Քոչարյանների ընտանիքի փաստաբանների կողմից այդ լրատվամիջոցներին առաջարկվել է հերքել ապատեղեկատվությունը և այդքանով խնդիրը լուծված համարել, սակայն նրանք չեն արձագանքել: 

 

- Երևանի մամուլի ակումբը և մի շարք այլ լրագրողական կազմակերպություններ այս և տարբեր ԶԼՄ-ների դեմ ուղղված այլ նմանատիպ հայցերի վերաբերյալ հանդես էին եկել հայտարարությամբ եւ հայտնել, որ այդ ամենն ուղղված է խոսքի ազատության դեմ: Չե՞ք կարծում, որ, այնուամենայնիվ, նման դատական հայցերը ոտնահարում են խոսքի ազատության իրավունքը:

- Չէի ուզենա խոսել այլ հայցերի հետ կապված, քանի որ ծանոթ չեմ մանրամասներին: Ինչ վերաբերում է Քոչարյանների ընտանիքի հայցին, ապա ժամանակին ես արդեն առիթ ունեցել եմ մեկնաբանել նման մեղադրանքները և հիմա պարզապես կկրկնեմ. խոսքի ազատությունն ու զրպարտությունը, խոսքի ազատությունն ու սուտը բոլորովին տարբեր բաներ են: Պետք չէ զբաղվել նենգափոխությամբ  և փորձել փոխարինել մի երևույթը մյուսով` ըստ հարմարության: Ցավում եմ, որ ստիպված եմ նման տրիվիալ ճշմարտություններ ասել: Իսկ, ընդհանրապես, կարծում եմ, որ սուտը պաշտպանելու և այդպիսով հանրության առաջ վարկաբեկվելու փոխարեն լավ կլիներ, որ այդ կազմակերպությունները աշխատանք տանեին ԶԼՄ-ներում լրագրողական էթիկայի տարրական կանոնների կիրառման ուղղությամբ: 

 

- Անցած անգամ, երբ Քոչարյանների ընտանիքի ներկայացրած հայցը բավարարվեց, Դուք հայտարարեցիք, որ ստացված ամբողջ գումարը ծախսվելու է բարեգործական նպատակով: Արդյո՞ք  այդ  խոստումն  իրականացվեց:

-  Այո, իհարկե: Գիտեմ, որ այդ հարցը եւս շատ  լրատվամիջոցների կողմից բազմիցս շահարկվել է, քանի որ մենք  մինչ օրս չենք հրապարակել որևէ տեղեկություն արված բարեգործության հասցեատիրոջ մասին: Եթե հիշում եք, ես ժամանակին հայտարարել էի, որ Քոչարյանների ընտանիքը, թեև պարբերաբար բարեգործություն է իրականացնում, սակայն, համապատասխան կառույց, օրինակ` ընտանեկան հիմնադրամ չունենալու պատճառով նպատակահարմար չի գտնում այդ գործունեության հրապարակայնացումը: Բայց այս անգամ ես բացառություն կանեմ և կտեղեկացնեմ, որ ստացված գումարը փոխանցվել է «Երեխաների աջակցման կենտրոն» բարեգործական հիմնադրամին: Ի դեպ, նաև լիազորված եմ հայտարարել, որ այս անգամ էլ, հայցը բավարարվելու դեպքում, ամբողջ գումարը կրկին ծախսվելու է  բարեգործական նպատակով:  

 

Հարցազրույցը` Ագնեսա Խամոյանի