կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-02 15:55
Քաղաքական

Ստվերային զբաղվածության դեմ պայքարը և գործազրկության կրճատումը, պետության քաղաքականության տեսանկյունից, բոլորովին տարբեր նպատակադրումներ են

Ստվերային զբաղվածության դեմ պայքարը և գործազրկության կրճատումը, պետության քաղաքականության տեսանկյունից, բոլորովին տարբեր նպատակադրումներ են

Ստվերի դեմ պայքարը և գործազրկության կրճատումը, պետության քաղաքականության տեսանկյունից, բոլորովին տարբեր նպատակադրումներ ունեն, նաև` տարբեր գործիքակազմ: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը`անդրադառնալով մեր հարցմանը Պետական եկամուտների կոմիտեի պատասխաններին:

Նշենք, որ օրերս Yerkir.am-ը հարցում էր ուղարկել ՊԵԿ և խնդրել տրամադրել ՀՀ ՊԵԿ տեսչական գործառույթի շրջանակում 2018 թվականին հայտնաբերված` առանց աշխատանքային պայմանագրի աշխատողների, անձնավորված հաշվառման համակարգում նոր գրանցված աշխատողների և աշխատանքից ազատված աշխատողների, նոր գրանցված և գործունեությունը դադարեցրած անհատ ձեռնարկատերերի, ընտանեկան ձեռնարկությունների թվերն և հայտնաբերված ստվերային աշխատավարձերի չափերը` ըստ տնտեսական գործունեության ոլորտների, ինչպես նաև այս ցուցանիշների աճը կամ նվազումը` նախորդ տարվա համեմատ:

- Պարո’ն Ավետիսյան, ինչպե՞ս կմեկնաբանեք 2018 թվականին նոր գրանցված աշխատողների և աշխատանքը կորցրած աշխատողների ցուցանիշները`ՊԵԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն:

- Ըստ Պետեկամուտների կոմիտեի տրամադրած տեղեկատվության`2018 թվականին նոր գրանցված աշխատողների թիվը Հայաստանի Հանրապետությունում շուրջ 45000-ով գերազանցել է աշխատանքից ազատվածների թիվը: Այս տարբերությունը 2017 թվականին կազմել է ընդամենը 14300, այսինքն` շուրջ 3 անգամ պակաս, քան 2018 թվականին: Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով`2019 թվականի տարեսկզբին նոր գրանցված աշխատողների թիվը կազմել է 560586, որը 50652-ով կամ շուրջ 10 տոկոսով ավելի է` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:                              

- Աշխատողների թվի այս աննախադեպ աճն ինչո՞վ է պայմանավորված:

 - Սա հիմնականում պայմանավորված է ստվերի կրճատմամբ և  արդյունք է ստվերի կրճատման: Այս իմաստով պետք է նշեմ, որ դրական է նաև, մեր գնահատմամբ, որ 2019 թվականին կարող են ապահովվել շուրջ  26 միլիարդ դրամի լրացուցիչ մուտքեր պետական բյուջե` եկամտահարկի գծով: Այսինքն` ստվերային կամ ոչ ֆորմալ զբաղվածության կրճատումը, բնականաբար, էականորեն կազդի նաև պետական բյուջեի եկամուտների վրա:

 - Որքանո՞վ է այս գործընթացներին նպաստել ՊԵԿ-ը:

 - Ըստ ՊԵԿ-ի տրամադրած տեղեկատվության` 2018 թվականին ՊԵԿ-ը հայտնաբերել է ընդամենը 909 չգրանցված աշխատող: Այսինքն`909 և 45.000... Այստեղ էական թիվ չի կազմում ՊԵԿ-ի գրանցած ցուցանիշը կամ նրա կողմից հայտնաբերված անօրինական աշխատողների թիվը` 909, իսկ, ընդհանուր առմամբ, ստվերից դուրս եկած աշխատողների թիվը կազմում է 45.000` այդ նույն ժամանակահատվածում:

  - Փաստորեն, 2018 թվականին աննախադեպ աճ է գրանցել նաև աշխատանքից ազատվածների ցուցանիշը: Ի՞նչ դիտարկումներ ունեք այս մասին: Նաև` ինչո՞վ է պայմանավորված անհատ ձեռնարկատերերի թվի աճը:

 - Այո’, աննախադեպ աճ է գրանցվել, և 2018 թվականի ընթացքում աշխատանքը կորցրել է ավելի քան 218.000 քաղաքացի: Ցավոք, այս ցուցանիշը, նախորդ տարվա համեմատ, աճել է շուրջ 23 տոկոսով կամ 41.000-ով:

2018 թվականին անհատ ձեռնարկատերերի թիվն աճել է 10.000-ով: Սա ևս հիմնականում ստվերի կրճատման արդյունք է: Այս ցուցանիշը դրական է այն իմաստով, որ կարող է 2019 թվականին ապահովել լրացուցիչ հարկային մուտքեր:

  - Այս փոփոխություններն ինչպե՞ս են ազդել գործազրկության ցուցանիշների վրա:

 -  Մեր երկրում պահպանվում է  գործազրկության քրոնիկ բարձր մակարդակը: 2018 թվականի վերջին այն կազմել է 20.8 տոկոս, որը շուրջ 0.2 տոկոսային կետով բարձր է` նախորդ տարվա նույն ժամանակատվածի համեմատ: Ցավոք, պետք է արձանագրենք, որ աշխատաշուկայում ստվերի կրճատումը գրեթե ազդեցություն չի թողել իրական գործազրկության ցուցանիշների վրա: 2018 թվականի վերջին գործազուրկների թիվը, ըստ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների, կազմել է 228.800 մարդ, որը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է ընդամենը 4500-ով կամ 1.9 տոկոսով: Սա ամենակարևոր ցուցանիշն է: Ստվերային զբաղվածության դեմ պայքարը  և գործազրկության կրճատումը, պետության քաղաքականության տեսանկյունից, բոլորովին տարբեր նպատակադրումներ ունեն, նաև` տարբեր գործիքակազմ, ուստի չի կարելի մեկը մյուսին խառնել և մեկի դրական արդյունքները ներկայացնել որպես մյուսի նպատակադրման արդյունք: Հակառակ պարագայում մենք գործ կունենանք արդյունք բնութագրող ցուցանիշների պարզ մանիպուլյացիայի հետ:

- Ի՞նչ փոփոխություններ ունենք աշխատանքի վարձատրության ցուցանիշներում:

- Ցավոք, պետք է արձանագրենք, որ աշխատանքի վարձատրության ցուցանիշները գրեթե դրական դինամիկա չեն արձանագրել 2018 թվականին: Մասնավորապես` 2019 թվականի հունվարին միջին աշխատավարձը մեր երկրի տնտեսությունում կազմել է ընդամենը 172.800 ՀՀ դրամ, որը շուրջ 2 տոկոսով է աճել` 2018 թվականի տարեսկզբի համեմատ, իսկ նվազագույն աշխատավարձի չափը չի փոխվել`շարունակելով կազմել 55.000 ՀՀ դրամ: Այս չափը շարունակում է ցածր մնալ մեկ անձի հաշվով կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքից, այն է`60.000 ՀՀ դրամից: Ավելին`2019 թվականի համար ևս նախատեսված չէ նվազագույն աշխատավարձի չափի բարձրացում, և սա է նաև հիմնական պատճառներից մեկը, որ մեր երկրում շարունակում է խիստ բարձր մնալ աշխատող աղքատների ցուցանիշը: Մասնավորապես` աշխատողների շուրջ 25 տոկոսն աղքատ աշխատողներ են: Այսպիսի պայմաններում կառավարությունն առաջ է քաշում նաև համահարթ եկամտահարկի ներդրման իր նպատակադրումը: Այսպիսի համակարգի ներդրման պարագայում էլ ավելի են խորանալու այս բացասական միտումները` պարզ պատճառով, որ ցածր եկամուտներ ունեցողների եկամտահարկը չի նվազելու, փոխարենը էապես նվազելու են բարձր եկամուտ ունեցողների եկամուտների դրուքաչափերը, ասենք` 500.000 կամ 1 միլիոն ՀՀ դրամ և ավելի ամսական եկամուտներ ունեցողներինը: Այսպիսով` վերացվում է հարկային համակարգի սոցիալական բաղադրիչը, որը հենց պիտի ծառայեցվեր աշխատող աղքատների եկամուտների առաջանցիկ ավելացման համար: