|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր «Լիդիան Արմենիա»-ի հայցն ընդդեմ ԱԺ պատգամավոր, հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների արժանահավատությունը ստուգող քննիչ հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանի և պարտավորեցրել էր նրան հերքել Ազգային ժողովի ամբիոնից ընկերության հասցեին հնչեցված զրպարտությունը: Այս մասին հայտարարություն է տարածել «Լիդիան Արմենիան»:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Քանի որ սահմանված ժամկետում ԱԺ պատգամավորի կողմից հերքումը չէր հրապարակվել, «Լիդիանը» դիմել էր դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն` վճիռն ի կատար ածելու նպատակով: Արդյունքում Սերգեյ Բագրատյանը «Ժամանակ» օրաթերթի 26.01.2021 համարում հրապարակել է իր կողմից հնչեցված զրպարտության հերքումը:
Հերքման տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«2019 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ ազգային ժողովի նիստում պատգամավոր Սերգեյ Բագրատյանի ելույթում տեղ գտած այն արտահայտությունը, որը վերաբերում է ընկերության կողմից 10-20 անգամ բարձր գներով ձևակերպված, չափազանցված տվյալներով հաշվետվություններ ներկայացված լինելու և դրանով ՀՀ կառավարությանն ու ժողովրդին շանտաժի ենթարկելու մտադրությանը, իրականությանը չի համապատասխանում»:
Հիշեցնենք, որ Սերգեյ Բագրատյանի դեմ «Լիդիանը» ներկայացրել է ևս մեկ հայց ընկերության հասցեին՝ Ջերմուկում հրապարակային ելույթի ժամանակ հնչեցված՝ ընկերությանը կոռուպցիայի մեջ մեղադրող և ըստ այդմ զրպարտություն համարվող արտահայտությունը հերքելու և ընկերության գործարար համբավին պատճառված վնասի համար փոխհատուցում ստանալու վերաբերյալ: Այս հայցով դատական լսումները դեռ ընթացքում են։
«Լիդիանը» ցավով է արձանագրում, որ երկրի խոշորագույն միջազգային ներդրողին զրպարտող, գործարար համբավն արատավորող և իրականության հետ ոչ մի աղերս չունեցող հայտարարությունները կատարվել են երկրի օրենսդիր մարմնի ներկայացուցչի կողմից՝ ԱԺ բարձր ամբիոնից։ Սա ոչ միայն հեղինակազրկում է օրենսդիր իշխանությանը, այլ նաև ուղղակի հարված է երկրի տնտեսությանը և ներդրումային միջավայրին: