կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-02 14:37
Առանց Կատեգորիա

Հանուն բարեխիղճ լրագրության

Հանուն բարեխիղճ լրագրության

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ «Ազատություն» ռադիոկայանին փետրվարի 27-ին տված հարցազրույցը լուրջ քննարկումների առիթ հանդիսացավ սոցիալական ցանցերում, եւ, բնավ, ոչ այն պատճառով, որ նա խստիվ քննադատում է Րաֆֆի Հովհաննիսյանին կամ փառաբանում Սերժ Սարգսյանին: Այլ այն պատճառով, որ մարզպետը, խոսելով Սյունիքի արոտավայրերի մի մասը պարսիիկներին վարձակալությամբ տալու մասին, իբր ասել է հետեւյալը. «Սյունիքի հարավում մենք ազատ հող չունենք, որ տանք պարսիկներին, այնտեղ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐՆ ԵՆ ԱՐԱԾՈՒՄ, բայց եթե վաղը պարսիկները գան ու Սյունիքում պահեն ոչխարներին ու աշնանը տանեն, լավ կլինի»։

 

Սա իրավամբ համարում են խայտառակություն: Մտածելով, որ անգամ Սուրեն Խաչատրյանը դժվար իրեն նման բան թույլ տար, հետեւեցինք հղումին, եւ պարզվեց, որ մարզպետն ասել է հետեւյալը. «Հարավային տարածքում դաժե ազատ հողեր չունենք, որ կարողանանք տրամադրել սրան կամ նրան: Հողերը երկարաժամկետ վարձակալությամբ տրված են արդեն գյուղացիներին, գյուղացիներն էլ իրենց գործունեությունն են իրականացնում թե' ոչխարաբուծության, թե' անասնաբուծության, թե՝ չգիտեմ, խոտհարքի ու տարբեր առումներով: Բայց եթե վաղը հանկարծ պարսիկները փորձեն գան Հայաստանում Սյունիքի կամ Հայաստանի տարբեր տարածքներից գնեն ոչխարներ եւ փորձեն այստեղ պահել, աշնանը տանել, ես մտածում եմ, որ սա Հայասատնին օգուտ է եւ մեծ եկամուտներ կունենան համայնքները»:

 

Ինչպես տեսնում ենք, Սյունիքի մարզպետի խոսքը աղավաղվել է ամբողջությամբ եւ նրան են վերագրվել բաներ, որ չի ասել:

 

Այլ բան՝ արդյո՞ք ընդունելի է, երբ կառավարության եւ հատկապես՝ գյուղնախարարության անհետեւողական աշխատանքի արդյունքում հայ գյուղացին ստիպված է լինում անասուններն ու ոչխարները վաճառել պարսիկներին, եւ արդյունքում այդ արոտավայրերն դառնում է անօգտագործելի, հետո ստիպված նույն այդ պարսիկներին, ում վաճառում ենք մեր ոչխարները, բերում ենք անասուն արածացնելու՝ սրանով նաեւ ռազմավարական խնդիրներ ստեղծելով: Սա բոլորովին այլ թեմա է եւ քննադատության արժանի:

 

Սյունիքի մարզպետը մեր աչքի լույսը չէ եւ իր նախկին ու ներկա գործունեությամբ բազում քննադատելի քայլեր է թույլ տվել: Բնականաբար, լրագրողներ կան, որ ունեն խնդիր այս կամ այն պաշտոնյայի հետ եւ փորձում են իրենց լրատվամիջոցն օգտագործել նրան վարկաբեկելու համար, սակայն մանավանդ սուտ ու կեղծիքով դա անելը պախարակելի է: