կարևոր
1363 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-24 13:57
Քաղաքական

Ողջունում ենք ցանկացած բարեխիղճ ներգրավվածություն, որը կնպաստի կայունությանն ու խաղաղությանը Հարավային Կովկասում․ Մեթյու Միլեր

Ողջունում ենք ցանկացած բարեխիղճ ներգրավվածություն, որը կնպաստի կայունությանն ու խաղաղությանը Հարավային Կովկասում․ Մեթյու Միլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունում է ցանկացած բարեխիղճ ներգրավվածություն, որը նպաստում է խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասի ժողովուրդների համար՝ անկախ նրանից, թե որտեղ են ընթանում այդ բանակցությունները կամ ով է դրանք հյուրընկալում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլերը՝ անդրադառնալով Թեհրանում Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։

Ճեպազրույցի ժամանակ հարց հնչեցնող լրագրողներից մեկը նշել է, որ Թեհրանը հյուրընկալել է հնգակողմ հանդիպում, որի մաս են նաև Թուրքիան ու Ռուսաստանը ու նրանք էլ քննարկում են Հայաստան-Ադրբեջան հարցը։ Նա պետդեպի խոսնակին խնդրել է մեկնաբանել այդ հանդիպումը, որին ի պատասխան՝ Միլերը նշել է․

«Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարցին, մենք ողջունում ենք ցանկացած բարեխիղճ ներգրավվածություն, որը նպաստում է Հարավային Կովկասի ժողովրդի խաղաղությանն ու կայունությանը՝ անկախ նրանից, թե որտեղ են տեղի ունենում այդ բանակցությունները, կամ ով է ընդունում դրանք։ Սրանով հանդերձ մենք ճանաչում ենք Հարավային Կովկասի աշխարհագրական նուրբ դիրքը Ռուսաստանի և Իրանի նկատմամբ, բայց այդ երկրներին վստահելի գործընկեր չենք համարում»,- ասել է Միլերը։

Թեհրանում հոկտեմբերի 23-ին կայացել է Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ 3+3 ֆորմատով հանդիպում անցկացնելու առաջարկն արել էր Իրանը։ Այս ֆորմատով հանդիպումներին մասնակցելու հրավեր էր ստացել նաև Վրաստանը, սակայն արդեն երկրորդ անգամ անցկացվող հանդիպմանը Վրաստանը չի մասնակցել։  Թեհրանում կայացած հանդիպումից հետո Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ 3+3 ֆորմատով հաջորդ հանդիպումը կանցկացվի 2024 թվականին Թուրքիայում։  Այս ձևաչափով առաջին հանդիպումն անցկացվել էր 2022 թվականին Մոսկվայում։ Այդ ժամանակ հանդիպմանը մասնակցել էին 5 երկրների արտաքին գործերի նախարարների տեղակալները։