Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հետ Yerkir.am-ը զրուցել է ԼՀԿ-ի կողմից ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջի, բուհերի վարձավճարների բարձրացման և համաճարակի պայմաններում դասերի վերսկսման մասին։
-Տիկի՛ն Գրիգորյան, վաղը «Լուսավոր Հայաստանը» թե′ ԱԺ դահլիճում, թե′ դրսում պահանջելու է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Կնշե՞ք այն հիմնական կարևոր կետերը, որոնք ոլորտը տարել են ձախողման։
-Մեզ համար ամենակարևոր երկու ոլորտը կրթությունն ու մշակույթն են, ու եթե այսօր ձախողենք դրանք, վաղը լուրջ խնդիրներ ենք ունենալու։ Ի՞նչն է մեզ բերել-հասցրել 21-րդ դար՝ մեր կրթությունը, առավել ևս՝ մեր մշակույթը, իսկ 2020 թվականին դուք չեք կարող գտնել մշակութային գեթ մեկ քայլ։ Այս ոլորտը զրոյական վիճակում է։ Շատ քննարկվեցին նաև կրթական չափորոշիչները: Ասում են, որ առանց չափորոշիչները կարդալու ենթադրություններ են արվում, բայց դրանք աղետալի արդարացումներ են։ Հայոց լեզվի և գրականության մասնագետ լինելով՝ ինձ հետաքրքրեցին գրականության չափորոշիչները։ Ուսումնասիրեցի և տեսա, որ Ոսկե դարն, իրոք, հանված է, ուշ միջնադարն ու Նարեկացին չկան։ Հիմնավորումներ էի կարդում, թե աշակերտները Նարեկացի չեն կարդում։ Պիտի ասեմ, որ երեխաներին՝ իրենց մաքրությամբ, շատ ավելի հասանելի է Նարեկացին, քան շատ «մեծիկների», որոնք գնացին այդ քայլին՝ Նարեկացին հանել դպրոցից։
Մարզային դպրոցներում էլ խնդիրներ կան։ Ես մի քանի անգամ բարձրաձայնել եմ, որ գյուղական բնակավայրերի դպրոցները որոշ առարկաների համար մանկավարժներ չունեն։ Նախարարը նշել է, թե ինքը տեղյակ է, որ որոշ դպրոցներում ֆիզիկա չեն անցնում, ու երեխայի ատեստատում ֆիզիկայի դիմաց գրվում է՝ «չի պարապել»։ Սա ողբերգություն է, որովհետև գյուղերում շատ տաղանդավոր երեխաներ կան, որոնք եթե ֆիզիկա, կենսաբանություն, քիմիա պատշաճ ձևով անցնեն, կարող են վաղը, մյուս օրը գյուտեր անել ու մեր երկիրը մի քանի քայլ առաջ տանել։ Կրթության որակի առումով խտրական վերաբերմունք կա քաղաքներում և գյուղերում բնակվող երեխաների համար։ Մանկավարժներ էլ չեն գնում, որովհետև կրթության նախարարությունը հերթական «բարեփոխումն» է արել. եթե ուսուցչի համար մի դրույք չկա, ապա ճանապարհի տրանսպորտի գումար չկա, իսկ մենք գիտենք, որ ֆիզիկան, քիմիան շատ ժամաքանակ չունեն, հետևաբար, ինչ-որ մասնագետ չի կարող գնալ գյուղական համայնք՝ փոշի կուլ տալով, քանի որ ճանապարհներ էլ չկան, և իր ամբողջ աշխատավարձը տրանսպորտի վճար տալ։ Մենք ո՞ր դարում ենք։ Այդ խնդիրները պիտի լուծվե՞ն վերջապես։ Այսպես անվերջ կարող եմ խոսել խնդիրներից։
-Բայց չափորոշիչների հեղինակները պնդում են, որ այսպես երեխաները կծանոթանան ժամանակակից գրողների, նաև արտասահմանյան գրողների ստեղծագործությունների։ Ինչպե՞ս եք վերաբերվում ժամանակակից հայ գրողների գործերին, որոնք պիտի ընդգրկվեն ծրագրում։
-Չեմ ուզում անուններ հրապարակել, բայց հետաքրքիր դիտարկում էր արվել, որ ժամանակակից գրողները պետք է ճանաչվեն՝ նաև դասագրքեր մտնելով, ինչը կոպիտ սխալ է։ Գրողը պետք է ճանաչվի դրսում, արժանի լինի դասագիրք մտնելու։ Չես կարող երեխային անծանոթ գրողի մտցնել նրա գրական աշխարհայացքի մեջ։ Սա արհեստական կլինի ու շատ շուտ դուրս կգա։ Չափորոշիչների մեջ միակ դրական բանն այն է, որ երեխաները զուգահեռ անցնելու են Համո Սահյանի և Քուչակի հայրենները։ Ես ուզում եմ անդրադառնալ նաև գրականագետների վրա շպրտված ցեխին։ Այս ամբողջը քաղաքականացվեց, ասացին, թե գրականագետները նախկինների կողմից են ուղղորդվում և այլն։ Ես խորհուրդ եմ տալիս ԿԳՄՍ նախարարին, փոխնախարարներին՝ ընդամենը կարդալ Նարեկացու, Խորենացու կենսագրությունները և կտեսնեն, որ ժամանակի միջակությունները միշտ էլ մեծերի վրա փորձել են ցեխ շպրտել, բայց ի՞նչ է ստացվել, ո՞ւր են այսօր այդ միջակությունները, չկան։ Այն բոլոր բարեփոխումները, որոնք արհեստածին են եղել, դուրս են շպրտվել, մնացել ու մեր դարեր են հասել զուլալ, մաքուր գրականությունն ու արժանի ստեղծագործողները, որոնց փորձեցին հանել, բայց չստացվեց։
-Անդրադառնանք ուսումնական պրոցեսին։ Մի շարք ծնողներ բողոքում են, որ երեխաները ստիպված են մի քանի ժամ դիմակ կրել։ Մամուլը գրում է, որ, ամենայն հավանականությամբ, ամսվա վերջին դպրոցներն ու բուհերը կրկին կփակվեն, կրկին անցում կկատարվի առցանց կրթության։
-Եկեք ենթադրություններով չզբաղվենք։ Ասվում է, որ եթե համավարակի տեմպերը սկսեն աճել, այդ դեպքում հնարավոր է օնլայն կրթության անցնել։ Մեր տանը երկու երեխա կա, ու որքան տեսնում եմ օնլայն կրթության մակարդակը, դա այն որակը չի տալիս, հատկապես՝ տարրական դասարանների դեպքում, ինչ անմիջական շփումը, թեպետ ուսուցիչը համակարգչից այն կողմ ամեն ինչ անում է, որ երեխաները լավ սովորեն։ Դիմակների հետ կապված՝ գուցե երեխաներին դժվար է շնչել, բայց բոլորիս համար պետք է կարևոր լինի երեխաների առողջությունն ու այն, որ երեխաները չվարակեն ընտանիքի այլ անդամների։ Ժամանակը ցույց կտա, թե արդյո՞ք դիմակ կրելու շնորհիվ է վարակման դեպքերի նվազում եղել, թե՞ չէ։ Եթե այս պահին գիտական առումով մեր միակ զենքը դիմակ կրելն է, պետք է անենք դա, որ մահերի թիվը չավելանա։
-Ինչպե՞ս եք վերաբերվում բուհերում վարձավճարների ավելացմանը՝ հաշվի առնելով համաճարակով պայմանավորված ծանր վիճակը։ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն, օրինակ, ասում է, որ դա նախատեսված էր դեռ նախորդ տարի, բացի այդ՝ նա պնդում է, որ արդյունքում դասախոսների աշխատավարձերն են բարձրանալու։
-Վարձերն աստիճանաբար թանկանում են, բայց թե′ ԵՊՀ-ն, թե′ մնացած բուհերը պետք է հաշվի առնեն, որ սոցիալական վիճակը ՀՀ-ում վատթարացել է կորոնավիրուսի հետ կապված, հետևաբար՝ երեխաներն էլ պիտի կարողանան վճարունակ լինել։ Ինձ մի քանի քաղաքացիներ դիմել են, մասնավորապես՝ ուսուցիչներ, որոնք չեն կարողանում վճարել իրենց երեխաների վարձը։ Ենթադրենք՝ ես կարող եմ մեկի վարձը վճարել, երկրորդի համար ինչ-որ ֆոնդ գտա, իսկ մյուսի՞նը։ Բայցի այդ՝ այստեղ այլ խնդիր կա՝ որակը։ Նախ՝ որակ պիտի ապահովեն, հետո նոր վարձավճարը թանկացնեն։ Եթե ուսումնասիրենք, շատ քիչ բուհերում կտեսնենք, որ որակը բարձրացել է։
- Տիկի՛ն Գրիգորյան, կարանտինի ժամանակ 50 000 -200 000 դրամի չափով տուգանք է նախատեսվում հավաքներ անցկացնելու համար։ Հաշվի առնելով, որ ձեր քաղաքական ուժը վաղը բողոքի ակցիաներ է նախատեսում, այլ ընդդիմադիրներ էլ թեժ աշնան մասին են խոսում, չե՞ք կարծում, որ այս որոշումը նպատակ ունի լռեցնելու քաղաքական ընդդիմախոսներին։
-Ես խորհուրդ կտամ նրանց, ովքեր իրենց ձայն են բարձրացնելու, վաղը և հետագայում պահպանել կանոնները, որպեսզի ոչ միայն տուգանվելուց զերծ մնան, այլ նաև իրենց առողջությունը պահպանեն, որովհետև մեզ առաջիկայում պայքարող սերունդ շատ է պետք լինելու՝ փոփոխությունների հասնելու համար։ Երբևէ ներկայիս իշխանությանը չեմ ուզում համեմատել նախկինների հետ, բայց մի նմանություն կա՝ ՀՀԿ-ն ասում էր՝ «մենք պատերազմը հաղթել ենք, թողեք՝ ինչ ուզում ենք, անենք», ներկայիս իշխանությունն ասում է՝ «մենք հեղափոխություն ենք արել, ուրեմն մենք ավելի խելոք ենք և ինչ ուզենք՝ կարող ենք անել»։ Դա կործանարար է լինելու այս իշխանության համար։ Դեռևս չգիտեմ՝ երբ է գալու վերջը, բայց հենց մեծամտությունն է կործանելու այս իշխանությանը։
Վարդուհի Ստեփանյան