կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-20 15:03
Հասարակություն

Ճանապարհային ոստիկանությունից բողոքողները մեր համակարգի վրա ցեխ շպրտողներն են. Օսիպյան

Ճանապարհային ոստիկանությունից բողոքողները մեր համակարգի վրա ցեխ շպրտողներն են. Օսիպյան

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը համաձայն չէ, որ ճանապարհային ոստիկանության հետ կապված դժգոհություններն ավելացել են: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Միշտ էլ ճանապարհային ոստիկանության հետ կապված եղել է այդ դժգոհությունը: Ուղղակի կան մարդիկ, որոնք փորձում են ցեխ շպրտել ոստիկանության վրա, և ոստիկանական ստորաբաժանումներից մեկն են ընտրել, որն անմիջապես շփվում է քաղաքացիների հետ: Բայց ՃՈ-ն, անկեղծ եմ ասում, այսօր նույնպես կաշկանդված չէ, քանի որ «ոչ» ենք ասել կոռուպցիային: Վստահեցնում եմ` ոստիկանությունում չկա կաշառակերության որևէ դրվագ:  Համացանցում ասում են, թե սաբոտաժ են անում, բայց ասելը քիչ է, ես էլ ասում եմ` ճանապարհային ոստիկանությունն այսօր էլ ավելի լավ է աշխատում: Եկեք, տեսեք, թե մեր ոստիկանության լրատվական ծառայությունն ինչքան գովեստի զանգեր է ստանում` նույն ՃՈ անձնակազմին ուղղված, «Ֆեյսբուք»-ի ինչքան օգտատերեր կան, որոնք նկարներ կամ նյութեր են տեղադրում, թե ոնց է ՃՈ աշխատակիցն իրենց աջակցել, թե որքան բարեխիղճ է ծառայել»:

Լրագրողները հետաքրքրվեցին` ճի՞շտ են տեղեկությունները, որ կաշառք վերցնելու հնարավորությունը նվազել է, և ճանապարհային ոստիկանությունից աշխատողների զգալի արտահոսք կա։ Օսիպյանը պատասխանեց, որ նման բան չկա, և այդ ծառայողներին ինքն է աշխատանքից ազատել, ոչ թե նրանք են դուրս եկել աշխատանքից: «Ես եմ ազատել այն աշխատողներին, որոնց մասով զգացել եմ, որ փոխված իրավիճակում չեն կարող բարեխիղճ ծառայել»,- հայտարարեց նա և հավելեց` հավաստիացնում է, որ նրանք քիչ էին, գուցե` մոտ  20 հոգի:

Այդուհանդերձ,  ոստիկանապետը չհստակեցրեց, թե ինչի հիման վրա է նման մտավախություններ ունեցել, պատճառաբանեց, թե չի կարող «փակագծեր բացել»: