կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-19 15:10
Առանց Կատեգորիա

Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Իլյա Երկրորդի հետ

Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Իլյա Երկրորդի հետ

Փետրվարի 18-ին տեղի ունեցավ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի հանդիպումը  Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ:


ՀՀ դեսպանը Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդին էր այցելել վերջինիս 80-ամյակի և, որպես Վրաստանի ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք, գահակալության 35-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը փոխանցելու նպատակով:


Շնորհավորական ուղերձի փոխանցմանը հաջորդած ջերմ զրույցի ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-վրացական հարաբերություններին առնչվող կարևորագույն հարցեր, արձանագրեցին երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների խորացման ու ամրապնդման ուղղությամբ իրականացվելիք քայլերի կարևորությունը:


Դեսպան Մանուկյանը և Նորին սրբություն Իլյա Երկրորդն անդրադարձան նաև միջեկեղեցական հարաբերություններին առնչվող առանձին խնդիրների, ինչպես նաև Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ Վրաստանի քաղաքացիների խղճի ազատության իրավունքի լիարժեք իրականացման հնարավորության ապահովման և հայկական եկեղեցիների պահպանությանն ու վերականգնմանն առնչվող հարցերին: 


Համայն Վրաստանի պատրիարքն իր երախտագիտությունը  հայտնեց Հայաստանի Հանրապետության նախագահին շնորհավորանքի և բարեմաղթանքների համար և հույս հայտնեց, որ երկու ժողովուրդների և եկեղեցիների միջև ձևավորված ջերմ ու եղբայրական հարաբերությունները շարունակվելու են, իսկ առկա խնդիրները լուծվելու են բարիդրացիական մթնոլորտում, երկխոսության և փոխըմբռնման պայմաններում: