կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-16 15:23
Քաղաքական

Որպես կամավոր` մեկնել եմ առաջնագիծ. դրվագ՝ նախընտրական քարոզարշավից

Որպես կամավոր` մեկնել եմ առաջնագիծ. դրվագ՝ նախընտրական քարոզարշավից

Երբ լրագրողների հարցերից խուսափում են պատգամավորներն ու նախարարներն, ինչ-որ չափով հասկանելի է, բայց երբ մարդիկ փորձում են առաջին քայլերն անել քաղաքական դաշտում, եւ դա նախընտրական քարոզարշավի շրջանակներում է, ու հարցազրույց տալիս առաջնորդվում են այս կամ այն ԶԼՄ-ի հանդեպ սիրով, արդեն զավեշտալի է:

Նման իրավիճակում է հայտնվել Նոր կյանք գյուղի համայնքապետ դառնալու հայտ ներկայացրած` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանը: Երիտասարդի նախընտրական քարոզարշավի բուկլետն օրերս քննարկվում էր մասնավոր մի զրույցում, իսկ քննարկման առիթը տխրեցնող էր: Գյուղապետ դառնալ ցանկացող` մասնագիտությամբ դիվանագետ 29-ամյա երիտասարդը բուկլետի կենսագրություն բաժնում գրել է տվել. «2016թ. ապրիլ-մայիս ամիսներին, որպես կամավոր, մեկնել եմ առաջնագիծ: Հայրենիքի պաշտպանությանն ակտիվ մասնակցելու, առաջնագծում մարտական խնդիրները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ ՊՆ կողմից պարգևատրվել եմ պատվոգրով»:

Դեռ ոչինչ, որ գյուղապետ դառնալ ցանկացող տղայի համագյուղացիները քննարկում էին, որ տղային այդ օրերին, կարծես, գյուղի փողոցներում են տեսել, բայց համաձայնեք, տհաճ է, երբ, որպես կամավոր, առաջնագիծ մեկնելու դրվագը քննարկվում եւ շահարկվում է նախընտրական քարոզարշավի շրջանակներում: Իսկ ի՞նչ ասեն Արցախյան ազատամարտի մասնակիցներն ու երկու տարի շարունակ հայրենի սահմանները պահողները:

Ուշագրավ է, որ երիտասարդը, չնայած այս ամենին, չփորձեց անգամ օգտվել ընձեռված հնարավորությունից և փորձել բացատրել բուկլետում գրվածը: «Կներե\'ք Ձեր կայքը ինձ ծանոթ չի, չեմ կարող Ձեր հարցերին պատասխանել»,- ասաց ընդամենը և հրաժարվեց այլեւս խոսել:

Ի դեպ, փորձեցինք ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից ճշտել, թե երիտասարդն իրո՞ք պատվոգիր է ստացել: «Երկրապահներ կամ այդպիսի առանձին խմբեր շատ են եղել, որ քառօրյա պատերազմի օրերին բարձրացել են դիրքեր, հետևապես` ստուգել, հասկանալ, թե ով ով է, ով որտեղ է եղել այդ մի քանի օրերին, դժվար է րոպեների ընթացքում: Ամեն դեպքում` այդ շրջանում մեկ շաբաթով կամ մի որոշ ժամանակահատվածով մարտական ծառայություն կատարած գրեթե բոլոր անձանց պատվոգրեր տրվել են նախարարության կողմից»,- ասաց նա:

Ամալյա Առաքելյան