կարևոր
3835 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-26 23:32
Քաղաքական

Իշխանությունները վախեցած են. պայթյունի ձայնը կլսեք. Գեղամ Մանուկյան

«Հարցազրույցի թանկագին ժամանակի կարևոր մասը պետք է նվիրեմ նրան, թե խորհրդարանում իշխանական ֆրակցիայի ղեկավարը կամ ԱԺ նախագահը որքան անդաստիարակ են, որքան խուլիգանական պահվածք կարող են ունենալ ու իրենց այդպես պահե՞լ: Ալեն Սիմոնյանը կարծում է՝ էդ աթոռն իրենց տանից է բերել, այդ աթոռի վրա պետք է նստի և երրորդ դեմքով խոսի ԱԺ մեծասքանչ նախագահի մասին: Պարզապես, Ալեն Սիմոնյանը վիրավորեց, և Սեյրան Օհանյանի նյարդերը տեղի տվեցին»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին:

Նրա խոսքով՝ միջադեպը հրահրելով՝ իշխանությունները փորձում են հանրության ուշադրությունը շեղել Արցախում ստեղծված իրավիճակից և երկրի առջև ծառացած խնդիրներից:

«Արցախը շրջափակման մեջ է, դեղորայք, սնունդ, վառելիք այլևս չկա, այս ամենի մեջ մեկ էլ՝ դը՛խկ… Շեղում են ամեն ինչից՝ բոլոր կարևոր հիմնախնդիրներից: Նիկոլն ասում է՝ Արցախը Ադրբեջանի կազմում է ճանաչում, բայց հո հասարակության վերաբերմունքն էլ այդպիսին չէ՞, իրենք էլ են վատ վիճակում հայտնվում: Իրենք էլ են հասկանում, որ հասարակության տրամադրությունն այլ է: Արցախյան հարցը բոլոր միջազգային օրակարգերից փորձում են հանել՝ Արցախի ինքնորոշման, արցախահայության իրավունքների հարցը»,-նշեց Գեղամ Մանուկյանը՝ ընդգծելով, որ այս իրավիճակում իրենց հայտարարած 24-ժամյա նստացույցն առաջին հերթին ուղերձ է լինելու, որ հայ հասարակությունը քնած չէ, դժգոհություններ ունի:

«Հիմա գերնպատակ պետք է դարձնել Հայաստանի որևէ նոր կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրելու հնարավորության բացակայությունը, որի համար ՀՅԴ գերագույն ժողովը մատնանշել էր հիմնական ուղղություններ՝ անվտանգային, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնում, նաև՝ արտաքին քաղաքականության մեջ դաշնակիցների եղած պոտենցիալը մեկտեղելով՝ Արցախի ինքնորոշման իրավունքի թեման չփակելն ու առաջ մղելը, զուգահեռ այս գործընթացին՝ նաև այս իշխանությունների հեռացում»,-ընդգծեց նա:

Գեղամ Մանուկյանը նշեց, որ մարդիկ հասկանում են՝ իշխանությունների պատճառով են անպաշտպան. «2022թ. երբ «Դիմադրություն» շարժումը մեկնարկում էր, շատերն ասում էին, որ ժողովուրդը թմբիրի մեջ է, բայց միանգամից դա պայթեց: Հիմա, ես վստահ կարող եմ ասել, որ այս իշխանությունը երանի կտար այն ժամանակվա թմբիրին: Այսօր ուղղակի անհավատալի էլեկտրականացված վիճակ է Հայաստանում: Այնքան էլեկտրականացված վիճակ է, որ իշխանությունը շատ լավ դա հասկանում է, և ՀՅԴ հայտարարության մեջ զորաշարժ բառից վախեցել են: Ասում ենք՝ հո մենք մեղավոր չե՞նք, որ մեր հայերենի իմացությունն ավելի լավն է, քան՝ ձերը: Նույն այս տաղավարում Աղվան Վարդանյանի ասած մահապարտ բառից վախեցել էին: Իրենք գիտեն իրերի իրական դրությունը»:

Ճշտմանը՝ այսինքն՝ իշխանությունները վախեցա՞ծ են, նա պատասխանեց. «Այո, այն էլ ո՜նց: Հասկանում են, որ այս վիճակը չի կարող շարունակվել, պայթելու է: Վստահ՝ պայթյունի ձայնը կլսեք և մասնակից կլինեք»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում