Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սոցիոլոգիական հարցումներում, սովորաբար, կա նախատեսված հարց՝ ո՞ր թեկնածուին ձայն չեք տա ոչ մի պարագայում: Ինձ համար կան նման մի քանիսը՝ Արամ Հարությունյան, ով հուրախություն ընտրողների՝ թեկնածությունը վաղը հանելու է, ապա՝ Վարդան Սեդրակյան: Ինչպես ասում են՝ ձեռքս էլ կոտրվի՝ Վարդան Սեդրակյանին ձայն չեմ տա:
Սակայն օրերս նրա ունեցած ելույթից հետո արդեն վստահ եմ, որ սխալված կլինեն նաեւ նրան ձայն տված մյուս բոլորը: Հենց թեկուզ այն բանի համար, որ Վարդան Սեդրակյանը նախատեսում է ստեղծել աշխարհի պատմության մեջ ամենաապիկար բանակը: Օրերս եթերով նա ասաց, թե բանակը դարձնելու է վճարովի, որպեսզի Հայաստանում ապրողը խոպան գնալու փոխարեն գնա բանակ: Դա հայտարարում է ամենայն լրջությամբ: Ի՞նչ է եղել որ, մարդիկ պետք է գնան Մագնիտոգորսկում բլոկ թափելու կամ ասֆալտ անելու, թող գնան բանակ, ձեռքի հետ էլ կրակել կսովորեն: Սա ազգային անվտանգությանը լուրջ սպառնալիք հանդիսացող հայտարարություն է:
Արտագնա աշխատանքի գնում են շատերը, բոլոր աշխատանք չունեցողները, սակայն բանակն այն վայրը չէ, որտեղ կարելի է ընդունել բոլորին՝ աշխատատեղ ապահովելու համար: Այդպես մենք կունենանք թույլ ու վախկոտ զինված ուժեր, որտեղ ոչ մեկն իր անելիքը չի իմանա, եւ պարզապես կունենանք ձրիակերների մարդաշատ օֆիս: Պաշտպանության բնագավառն այն ոլորտն է, որն ապահովում է Հայաստանի անվտանգությունը արտաքին թշնամիներից, այստեղ ավելորդ խոստումներ տալը՝ հանրությանը գրավելու համար, կարող է հակառակ էֆեկտն ունենալ:
Բոլոր թեկնածուներն էլ ունեն բանակի մասին յուղոտ դրույթներ, խնդիրների ոչ ռեալ գնահատում եւ գերագնահատված արդյունքներ: Հարց է առաջանում, արդյո՞ք թույլատրված է մի քանի հազար ձայն ապահովելու համար հաճոյանալ ընտրողին՝ դրանով սպառնալով պետությանը:
Ահարոն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հ.Գ. Կարելի էր ընդհանրապես չանդրադառնալ ընտրողի վստահության 0,001 տոկոս մակարդակ ունեցող թեկնածուի թե' այս, թե' որեւէ այլ հայտարարության, սակայն երբ թեկնածուն ինքը լավ չի պատկերացնում պետության անվտանգության կարեւորությունը, պետք է գոնե հասկացնել, որ՝ ախպե'ր ջան, այդպիսի քայլերով հեռուն չես հասնի: Բա Սասունցի Դավիթն ամոթանք չէր տա՞: