կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-04 18:52
Իրավական

Սաղմնաբանը լսել է դռան փականի ձայնը և դարձել տուժող

Սաղմնաբանը լսել է դռան փականի ձայնը և դարձել տուժող

2011-ի սեպտեմբերի 23-ին Երևանում վնասազերծված ավազակային խմբի' «բանդայի» գործով ամենահետաքրքիր տուժողն այսօր հրավիրվել էր դատարան' հարցաքննության: Մինչ տուժողին և նրա ցուցմունքին անդրադառնալը,  ներակայացնենք «տուժող» հասկացության սահմանումը:

 

 

 

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն'  տուժող է ճանաչվում այն անձը,  ում քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն  պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ գույքային  վնաս։ 

 

 

Այս գործի շրջանակներում տուժող է ճանաչվել Մոր և մանկան պահպանման գիտահետազոտական կենտրոնի (Մարգարյան հիվանդանոց) լաբորատոր ախտորոշման  բաժնի ղեկավար, կլինիկական սաղմնաբան  Կարեն Ջինանյանը: Նա բնակվում է Չարենցի փողոցի' իրեն պատկանող սեփական տանը: 

 

 

Տուժողը դատարանին հայտնեց,  որ 2011թ.ի սեպտեմբերի 21-ի կամ 22-ի (հստակ չի հիշում օրը) առավոտյան' ժամը  5-ի սահմաններում, իրեն վատ է զգացել և չի կարողացել քնել: Այդ ժամանակ լսել է դռան փականի շրխկոցը, մտածել է, թե որդին է մնացել դրսում և դուռն է ուզում բացել, սակայն համոզվել է, որ տղան ննջասենյակում քնած է:  Առավոտյան ժ. 10-ի սահմաններում զանգահարել է իրենց բակում բնակվող եղբորը' ճշտելու, արդյոք նա՞ է փորձել  բացել իրենց տան դուռը, թե՞ ոչ, և տեղեկացել է,  որ ոչ: Իր նկարագրած դեպքն ընդամենը այսքանն էր: 

 

 

Ըստ տուժողի' դեպքից մոտ մեկ ամիս անց իր աշխատավայր են եկել քննիչներ և հայտնել, որ իր տան վրա հարձակում էր նախատեսված, որից  հետո եկել են, զննել դռան փականը, առանձնատան տարածքն ու  ավտոտնակը:  Սակայն, տուժողի խոսքով, ինքը չի հետաքրքրվել, թե ովքեր են մտադրվել հարձակվել իրենց տան վրա: Պարզվեց նաև, որ կասկածյալներից որևէ մեկին չեն բերել բժշկի առանձնատուն, որպեսզի ցույց տար, թե ինչպե՞ս է պատրաստվել հանցագործությունն իրագործել:

 

 

Հետաքրքրական է, որ տան փականի շրխկոցից բժիշկը ենթադրում է, ավելին' համոզված է, որ փորձել են հարձակում գործել իր տան վրա: Սակայն, տուժողը, ունենալով հիմնավոր կասկածներ, չի դիմել ոստիկանություն, փոխարենը իրավապահ մարմիններն  են փնտրել իրեն:

 

 Նիստի ընթացքում պաշտպաններից մեկը, դիմելով տուժողին, ասաց. «Թու'յլ տվեք  Ձեզ դիմել որպես  բժիշկ: Ձեզ համոզել են, որ դուք տուժող եք, ես էլ եմ փորձում հավատալ դրան, բայց չի ստացվում»: Հետո հարցրեց, թե ե՞րբ է  իմացել, որ իր տան վրա հարձակման կասկածանքով իրավապահ մարմիններ են զբաղվում: «Երբ որ հեռուստացույցով հայտարարեցին, որ բանդային բռնել են»,- հնչեց պատասխանը:

 

Այս ամենից կարելի է ենթադրել, որ  բժիշկ Ջինանյանին լավագույն դեպքում հասցվել է բարոյական վնաս, ըստ այդմ էլ' նա ճանաչվել է տուժող:

 

Բարոյական վնասի ներքո հասկացվում են բարոյական տառապանքներ, որոնք պատճառվել են այնպիսի գործողություններով, որոնք ոտնձգում են քաղաքացուն ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող ոչ նյութական բարիքների  նկատմամբ կամ նրա անձնական ոչ գույքային իրավունքների նկատմամբ այլ մարդկանց ներկայությամբ: Սա սահմանում է օրենքը, իսկ արդյո՞ք դռան փականի շրխկոցն է բարոյական տառապանք հասցրել քաղաքացուն,  պարզ չէ:  

 

Անհասկանալի  էր նաև այն, թե, ի վերջո, բժի՞շկն ուներ իրավապահների կարիքը, թե իրավապահները' տուժողի: