Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հռոմեական կայսր Հուլիոս Կեսարը, պարտության մատնելով Փոքր Ասիայի տիրակալ Միհրդատ Եվպատորի որդուն` Փառնակ թագավորին, Սենատին հղված հակիրճ տեղեկատվության մեջ հաղթանակի մասին պարզապես գրել էր. «Եկա, տեսա, հաղթեցի», որը հետագայում դարձավ թևավոր խոսք և նշանակում է արագ ձեռք բերված հաղթանակ:
Այս արտահայտության ժամանակակից տարբերակն այսօր հնչեց Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների դատարանում` մի շարք պաշտոնատար անձանց տներ թալանած «բանդայի» գործով հերթական դատավարության ընթացքում: Սակայն, եթե այն դիտարկենք, որպես թևավոր խոսք, կստացվի` արագ կատարված հանցագործություն:
Գործով տուժող 22-ամյա Երվանդ Գրիգորյանը, ով նախորդ նիստին բերման ենթարկված Աղվան Գրիգորյանի կրտսեր որդին էր, հրավիրվեց ցուցմունք տալու: Դատավոր Մխիթար Պապոյանը տուժողին խնդրեց ներկայացնել այն, ինչ իրեն հայտնի է դեպքի առնչությամբ: Տուժողի ցուցմունքը հետևյալն էր` «եկան, կապեցին, գնացին», իսկ մանրամասները չէր հիշում, ավելի շուտ, ինչպես ինքն է ասում, դեպքից հետո փորձել է չհիշել:
Տուժողը հարցաքննության հենց սկզբից ծամոն ծամելու համար դատավորի կողմից նկատողություն ստացավ, երկրորդ անգամ զգուշացվելուց հետո, սակայն, դուրս հրավիրվեց` ծամոնը նետելու: Նման դեպքեր, սովորաբար, դպրոցներում են լինում... Ինչևէ...
Երկար հարցաքննությունից հետո մեղադրող դատախազին, դատավորին և պաշտպաններին հաջողվեց պարզել այն, որ տուն մտած դիմակավորված անձինք երկուսն էին, ովքեր զենքով մտել էին նրա ննջասենյակ, կապկպել նրան, հետո հարվածել գլխին, հարցրել չհրկիզվող պահարանի և մեքենայի բանալիների տեղը, վերցրել դրանք եւ տուժողների BMW X5 մակնիշի մեքենայով տարել չհրկիզվող պահարանը: Դրանից հետո Երվանդը զանգել է ընկերոջը' Վարդանին, ով եկել, ազատել է իրեն և ընտանքի մյուս անդամներին:
Տուժողի հիշելով` «սեյֆում» պետք է որ 9700 դոլար լիներ: Պաշտպաններից մեկի հարցին, թե հանցագործները բարձրահասա՞կ էին, միջա՞կ, թե՞ կարճահասակ և ի՞նչ լեզվով էին խոսում, տուժողը պատասխանեց, որ չի հիշում նրանց արտաքինը, և հավաստիացրեց, որ հայերեն էին խոսում: Նա չէր հիշում նաև, թե ինչ զենք էին կրում դիմակավոր անձինք, սակայն ցուցմունքի ընթացքում, դատավորի հարցին ի պատասխան, ասաց, որ հանցագործներն ատրճանակով էին:
Այնուամենայնիվ, դատավարության կողմերին անհասկանալի էր ցուցմունքի էությունը, և նրանք այդպես էլ չստացան իրենց հուզող հարցերի պատասխանները: Այդ իսկ պատճառով մեղադրող դատախազը միջնորդեց դատարանին` հրապարալկել նախաքննության ընթացքում Ե. Գրիգորյանի տված ցուցմունքը: Ի հայտ եկան որոշ հակասություններ: Մասնավորապես` նախորդ ցուցմունքում տուժողը նկարագրել էր, որ հանցագործներից մեկն ուներ 190 սմ հասակ, իսկ մյուսն, ով կարճահասակ էր, վրացական ակցենտով ռուսերեն էր խոսում: Ի դեպ, տուժողն ամբաստանյալներից որևէ մեկին չէր ճանաչում և որևէ մեկին իրենց տուն ներխուժած գողերին չէր նմանեցնում, իսկ ամբաստանյալներին, պարզվեց, տեսել էր միայն հեռուստացույցով:
Դատարանն այդքանով Ե. Գրիգորյանի ցուցմունքը համարեց ավարտված և 5 րոպե ընդմիջում հայտարարեց` մինչ կժամաներ գործով հաջորդ տուժողը, ով նախապես հայտնել էր դատարանին, որ նիստից կուշանա: Ընդմիջումից հետո, սակայն, ամբաստանյալների պաշտպանները միջնորդեցին` Երվանդին լրացուցիչ հարցաքննել: Դատավորը բավարարեց միջնորդությունը, սակայն տղան չհամաձայնեց ցուցմունք տալ` պատճառաբանելով, որ իրեն վատ է զգում, հնարավոր է` ջերմություն ունի: Դատավորը հայտարարեց, որ տուժողը լրացուցիչ կհարցաքննվի հաջորդ նիստին և հարցաքննության հրավիրեց հաջորդ տուժողին, ով արդեն ներկայացել էր դատարան:
Երվանդ Գրիգորյանի հոգեվիճակը ոչ միայն մտահոգում էր դատավարական կողմերին և դատավորին, ովքեր անընդհատ փորձում էին հասկանալ, թե ինչո՞ւ տղան չի մանրամասնում և նորմալ նկարագրում դեպքը, այլև դահլիճում գտնվող ամբաստանյալների հարազատներին: Մեղադրյալ Արտուշ Հակոբյանի կինը («Սուրիկի լավաշ»-ի սեփականատիրոջ հարսը) yerkir.am-ի հետ զրույցում անկեղծացավ, որ պետք չէր տղային այսպես հարցաքննել, չէ՞ որ նա դեռ երեխա է, մեծ ապրումներ է ունեցել դեպքի օրը, չարժե նրան ստիպել կրկին վերհիշել այդ ամենը:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ