կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-14 10:00
Առանց Կատեգորիա

Սահմանված կանոնների պահպանմամբ՝ Հայաստանում առաջին դասարանցիները գնացին դպրոց

Սահմանված կանոնների պահպանմամբ՝ Հայաստանում առաջին դասարանցիները գնացին դպրոց

Հայաստանում առկա կորոնավիրուսային հիվանդության պատճառով հաստատված կարանտինային պայմաններում, պահպանելով հակահամաճարակային կանոնները, սեպտեմբերի 14-ին առաջին դասարանցիները գնացին դպրոց: Փոքրիկները դպրոց են այցելել միայն մեկ ծնողի ուղեկցությամբ:

Հաստատություն մուտք գործելուց առաջ բոլորը ջերմաչափվում են, ախտահանվում ձեռքերը:

Դպրոցները պետք է վարեն աշակերտների ջերմաչափման մատյան։ Մատյանում գրանցվելու են միայն 37 և ավելի ջերմաստիճան ունեցող սովորողների տվյալները։ Բարձր ջերմաստիճան ունեցող սովորողները մեկուսացվելու են դրա համար հատկացված սենյակում՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը, այդ մասին տեղյակ է պահվում ծնողը կամ օրինական ներկայացուցիչը և տարածքը սպասարկող կամ կցագրված բժշկական կազմակերպությունը։

Օրվա ընթացքում անձնակազմը և սովորողները պետք է ապահովվեն անհրաժեշտ դիմակներով և ախտահանիչ նյութերով, հեռահար օգտագործման ջերմաչափով՝ առնվազն դպրոցի մուտքերի թվով։

Դպրոցի ներսում սովորողների շարժը կազմակերպվելու է այնպես, որպեսզի բացառվեն կուտակումներն ու սերտ շփումները: Հարկից հարկ տանող աստիճանների մի մասով սովորողները պետք է բարձրանան, իսկ մյուս մասով իջնեն այնպես, որ միմյանց չհանդիպեն: Դպրոցը պետք է ապահովի տեղաշարժի գծանշումը համապատասխան տարածքներում։ Այն դեպքում, երբ նշվածը հնարավոր չէ, դպրոցը նշանակում է հերթապահներ, որոնք կկարգավորեն սովորողների տեղաշարժը:

Դպրոցում սովորողները պարտադիր պետք է դնեն դիմակներ՝ դրանք փոխելով 4 ժամը մեկ և ըստ անհրաժեշտության:

Սովորողների շրջանում կորոնավիրուսային հիվանդության հաստատման դեպքում կդադարեցվի տվյալ դասարանի աշակերտների դպրոց հաճախումը 14 օրյա ժամկետով՝ կապ հաստատելով Առողջապահության նախարարության հետ:

Սեպտեմբերի 15-ից դպրոց կհաճախեն նաև մնացած բոլոր դասարանների աշակերտները:

Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրությունը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ: