կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-19 11:01
Տարածաշրջան

«Դե, գնացին». Թուրքիայում կցուցադրվի Հայոց ցեղասպանության մասին ներկայացում

«Դե, գնացին». Թուրքիայում կցուցադրվի Հայոց ցեղասպանության մասին ներկայացում

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ ռեժիսոր Նիհաթ Մուրշիթփընարն սկսել է Օզգյուր Օզանի հեղինակած` հայերի տեղահանության և կոտորածների մասին պատմող «Դե, գնացին» պիեսի բեմադրությունը:

 

Ilerihaber-ի թղթակցի հետ զրույցում «Ազատ արվեստ» թատրոնի հիմնադիր, պիեսի հեղինակ Օզգյուր Օզանը պատմել է պիեսի մասին: Հարցին, թե ինչպե՞ս առաջացավ պիեսը գրելու միտքը, նա պատասխանել է. «Շեյհմուս Դիքենի «Դե, գնացին» գրքից ոգեշնչված՝ գրեցի այս պիեսը: Փոքրամասնությունների խնդիրները չեն սահմանափակվում 1915 թվականով, դրանք դեռ շարունակվում են: Պիեսը գրելիս հարցին մոտեցել եմ այն տեսանկյունից, թե 100 տարում ի՞նչ է փոխվել և այդ մասին հանդիսատեսին հարցրել: Կոտորածների նկատմամբ լուռ մնացող մարդիկ կոտորածներն իրագործողների չափ հանցավոր են: Պիեսի ռեժիսորը Նիհաթ Մուրշիթփընարն է: Այշե Թուրունջուն իր երաժշտությունը նվիրել է մեզ՝ պիեսում օգտագործելու համար: Շատ շնորհակալ ենք նրան»:

 

«Պիեսն այն մարդկանց մասին է, ովքեր հարկադրաբար լքում են իրենց հողերն ու հանդիպում արտերկրում՝ Անդո քեռու մոմի արհեստանոցում: Իրադարձությունները սկիզբ են առնում Օշին անունով երաժիշտի՝ համերգով հանդես գալու համար Տիգրանակերտ գալու հրավերից հետո: Այս պիեսը ներկայացնում է այս հողերում ոչ թե զարդ եղող, այլ հենց հողերին պատկանող մարդկանց պատմությունը: Թվում է՝ պայմանները փոխվում են, իրականում պատյանն է փոխվում»,- ասել է պիեսի հեղինակը:

 

Օզանը հայտնել է նաև, որ դժվարանում են ներկայացման համար բեմ գտնել: «Ենթադրում եմ՝ մարդիկ մտածում են, որ իրենց հիմնարկների համար դա վտանգավոր կարող է լինել: Այն, որ պիեսը հայերի և 1915 թվականի մասին է և բեմադրվելու է 2015-ին՝ ջարդերի 100-ամյա տարելիցի կապակցությամբ, կարող է մարդկանց կաշկանդել: Դեռ բեմ ենք փնտրում: Մեր ներկայացումը նաև հայերեն է թարգմանվելու»,- ասել է նա: