կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-29 17:27
Առանց Կատեգորիա

Մեղավորը մե՛նք ենք, որ ընտրել ենք ձեզ

Մեղավորը մե՛նք ենք, որ ընտրել ենք ձեզ

-Մորքուր, ո՞վ ա էս ձյաձյան:

-Մեր երկրի նախագահը: Դե, ոնց որ պապան` ձեր տանը:

 -Բայց պապան մամային չի լացացնում...

 

Երեկ Եռաբլուրում, այսօր Տավուշի մարզում ականատես եղանք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի «բարեկիրթ» վերաբերմունքին իր ժողովրդի հանդեպ:

 Նախագահը Եռաբլուրում իրեն մոտեցած անճար կնոջը հարցնում է.

 -Քո որդին էլ ա՞ զոհվել բանակում:

 -Չէ:

 -Բա ինչի՞ էս տոնը փչացնում:

 Այսինքն, ըստ նախագահի տրամաբանության, եթե որդիդ բանակում չի զոհվել` մե խինդ, մե ուրախություն: Ինչո՞ւ նախագահը բարեհամբույր չէ այն մարդկանց հանդեպ, ովքեր նրան են ընտրել. գուցե հաշվեհարդար է տեսնում հենց նրա համար, որ իրե՞ն ենք ընտրել: Պատկերացնո՞ւմ եք, թե կինը որքան անճար պետք է լինի, որպեսզի նախագահին տեսնելու համար հասնի Եռաբլուր ու կարողանա ճեղքել նախագահի թիկնազորի կազմած պատը: Իսկ կինը նախագահից աշխատանք էր ուզում եւ ի՞նչ իմանար, որ նախագահին պետք չէ դիմել այդ հարցով, քանի որ նրա տոնը փչացնում է: Պարո\'ն նախագահ, իսկ դուք կնոջ կամքը հաշվի առե՞լ եք` նրա կյանքը «փչացնելու» համար:

 Այսօր էլ նախագահը, այցելելով սահմանամերձ Մովսես, գյուղացիներից մեկին ասել է, թե` «ե՞ս եմ մեղավոր, որ քո էրեխեքը Ռուսաստանում են: Դրա համար է՞լ եմ ես մեղավոր, չթողնեիր՝ գնային»: Եվ սա ասում է երկրի առաջին դեմքը, գրողը տանի, կռված տղան:

 Պարո\'ն նախագահ, դուք ճիշտ եք, դուք մեղավոր չեք, մեղավոր ենք մենք, որ ձեզ ենք ընտրել, մեր հույսը ձեզ հետ ենք կապել...

 Ա\'յ պապի, դու էլ դեմք ես, հա, չթողնեիր տղաներդ գնային, թող գյուղում անասնապահությամբ զբաղվեին, հող մշակեին, ոչինչ, որ տարվա մի մասը սոված կմնայիք, բայց փոխարենը նախագահը կասեր` գոհ չես` տարվա մի մասը կուշտ ես, որդիդ էլ` կողքիդ: Եվ հետո, եթե որդիդ կողքիդ մնար, կամուսնանար եւ գուցե զինվո՞ր էլ մեր բանակի համար ծներ: Զինվորն էլ, ոչինչ, պարտադիր չէ` բարձրագույն կրթություն ստանար, հո նախագահի տղա՞ չէ, հայրենիքի հանդեպ իր պարտքը կկատարեր ու էլի հետ կգար գյուղ` տարվա մի մասը սոված մնալու: Տեսնում ես, պապի\', դու, քո տղային երկրում պահել չկարողանալով, ՀՀ-ի ծնելիության մակարդակին եւ բանակին ես վնաս պատճառում: Բա հո այդ մասին էլ նախագա՞հը չէր մտածելու: Նախագահը ընտրություններից ընտրություն գյուղ գնալու, մեկ-մեկ գյուղացիներին ժպտալու ու հետո էլի 4 տարով հանգստանալու համար է, պապի\' ջան, ի՞նչ ես մարդուն ծանրաբեռնում: Պա\'պ ջան, պահանջում ես, որ գյուղում կոմբինատ սարքեն, բա ափսոս չի՞ էդ կոմբինատը, դրա փոխարեն 3 լավ ֆուրշետի սեղան կգցվի:

 Էհ, պապի, պապի, ինչ միամիտ դուրս եկար:

 «Բալե\'ս, պապան ու մաման իրար ընտրել են, դրա համար էլ պապան մամային չի լացացնում. նախագահի դեպքում ընտրությունը միակողմանի է»,- կասեի քրոջս աղջկան, ուղղակի նա էլ Մովսես գյուղի պապի պես միամիտ է, բան չի հասկանա...

 

Կ. Հ.