կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-05 11:12
Քաղաքական

Մենք ընդունակ ենք իշխանության բերելու ամենագարշելի խրտվիլակների, սակայն մեղավորը արցախցին է. Դ. Վանյան

Մենք ընդունակ ենք իշխանության բերելու ամենագարշելի խրտվիլակների, սակայն մեղավորը արցախցին է. Դ. Վանյան
Դավիթ Վանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 
«ՄԵՆՔ
նախանձում ենք իրար, բամբասում, մերկացնում մինչև ոսկորները։ Հայհոյում ենք, առանց չափի զգացումի։
Չենք կարդում, չենք ուսումնասիրում, ընտրում ենք դրամով ու ծանոթ - բարեկամ լինելով։
Փախչում ենք պրոբլեմներից ու Երկրից, փախցնում մեր արու զավակներին, ապա՝ հեռավոր ափերից թույն ու լուտանք թափում մեր հայրենակիցներին, նրանց մասերի բաժանելով։
Մենք, անընդհատ, մեկս մեկի թուրք անվանելով ոչնչացնում ենք մեզ։
Չենք հավատում Աստծուն, ու հավատացյալ չլինելով անընդհատ քարկոծում ենք եկեղեցուն։ Ավերակ վանքերի Երկիր ենք դարձել ու վերանորոգելու փոխարեն, հպարտանում ենք ավերակներով։
Պատմությամբ հպարտանում ենք, քանի դեռ չենք ուսումնասիրել։ Իսկ դասագրքերով ուսումնասիրելու դեպքում, անընդհատ պարտությունների ու դավաճանության շարանից հոգեբանական սթրեսս են ապրում մեր բալիկները։
Հայերեն չենք գրում, չենք խոսում, երեխաներին հեռու ենք պահում Հայկական դպրոցներից, պատճառաբանելով, թե ծանրաբեռնված են խեղճերը։
Անդադար խեղճանում ենք ու աշխարհին պատմում մեր տառապանքի մասին՝ նրանց(օտարների) ներողամտությունն ու ցավակցությունը հայցելով։
Եթե մի լավ բան է լինում, անմիջապես գովաբանում ենք։ Բավական է՝ այդ լավ բանի հեղինակը Արոյանի նման սայթաքի — վերացնում ենք ու խաչ քաշում։
Մեզ համար հեղինակություններ չկան։ Բոլորն էլ մարդ են՝, մեզ պես սխալական ու խեղճ։ Պիտակներ փակցնելով՝ բոլորին նսեմացնում ենք։
Մենք մեր ձեռքերով քանդեցինք մեր Երկիրը, հաստոց առ հաստոց վաճառելով՝ նրա տնտեսությունը, նրա ապագան, սակայն մեղավորը միշտ հարևանն ու կողքինն է։
Փոքր ենք, ինքնասիրահարված։ Եթե կինոյի տիտրերում հայի ազգանուն չկա, չենք նայում։ Եթե օվկիանոսն ընկած ինքնաթիռում հայ չկա, չենք հետաքրքրվում։ Աշխարհն աշխարհի՝ մենք միայն մեր մասին․․․
Չենք արտադրում, չենք արարում, չենք ստեղծագործում։ Հինգ հարյուր տիրաժով գիրքը համարում ենք հաջողություն, որովհետև - կարդացող չկա։ Հետո էլ ասում են՝ ինչու՞ չես հրատարակվում։
Ու՞մ համար։
Մենք ուրիշի հայտնագործածը հոյակապ օգտագործողներ ենք ու Տիգրան մեծի երկուհազարամյա շվաքի տակ մեր գոյությունը քարշ տվողներ։
Սահմանափակ են ու միջակ՝ քաղաքական այրերը, Երկրին վերաբերվում են որպես սեփական գործերը կարգավորելու միջոցի։
Մենք մեր կոտրած ձեռքով ընդունակ ենք իշխանության բերելու ամենագարշելի խրտվիլակների, սակայն մեղավորը Արցախցին է, որին մենք թուրք ենք անվանում։
Այս ամենից էլ հոլովվում է մեր ապրելակերպն ու ապագայի տեսլականը, որին մենք "ՀԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐ" ենք անվանում։
Հ.Գ.
Այս ամենի կողին մեծ են դրականն ու առաքինությունները: Պիտի սթափվենք:
Բարին առջևում»։
 
Դեպի Արարատ
Լուսանկարը՝ Andranik Masisi Keshishyan-ի