Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քարոզարշավ կոչվող այս ֆարսը սպառնում է վերաճել գաղափարական խեղկատակության: Երանի ՀՅԴ-ն թեկնածու առաջադրեր: Հենց միայն այդ հանգամանքը բավական կլիներ, որպեսզի որոշ թեկնածուներ ու շտաբներ զոռ չտային իրենց չեղած խելքին: Ընկել են անշուն գյուղերը՝ անփետ ման են գալիս: Լեզվի տակ էլ հո ոսկոր չկա: Ինչ ասես՝ խոստանում են, ինչից ասես՝ խոսում են: Մեզ համար երկնքից աստղեր են իջեցնելու՝ հենց որ ընտրվեն: Եվ այս ամենը ոչ միայն բանավոր ելույթներում և ընտրողների հետ ոտքի վրա հանդիպումներում: Նաև՝ «ծրագիր» կոչվող իրենց բուկլետիկ-փաստաթղթերով և զանգվածային հրապարակումներով:
Քարոզչության, մամուլի և մյուս լրատվամիջոցների հետ աշխատանքների գծով ՀՀԿ շտաբի պետի հայտնի տեղակալը, քանի որ պետք է ընտրություններին մրցակցային լրջություն հաղորդել, ՀՀԿ թիմին սատարող լրատվամիջոցներին այնպիսի վերլուծություններ է պատվիրում, որոնցում վեր հանվեն այս կամ այն թեկնածուի ծրագրային «կարևորագույն» դրույթները, քննության ենթարկվեն, գնահատականներ տրվեն: Մի խոսքով՝ թիմային դեբատների տպավորություն են ուզում ստեղծել: Այս անգամ ՀՀԿ շտաբի «դրբի» տակ է ընկել «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Րաֆֆու վերջը. Հովհաննիսյանն ուզում է ժողովրդավարություն հաստատել Հայաստանում, ԼՂՀ-ում և Ադրբեջանում» վերտառությամբ իր հոդվածում անկախ և պատասխանատու մի կայք բարեհաճել է ձեռք առնել ՀՀ նախագահի ընդդիմադիր թեկնածուին այն բանի համար, որ նա իր ծրագրով ընտրողներին խոստացել է ժողովրդավարություն հաստատել նաև Ադրբեջանում: Թե դա ինչպես պետք է անել, հավանաբար, գիտի միայն Րաֆֆի Հովհաննիսյանը՝ եզրակացրել է հոդվածի հեղինակը՝ չնկատելով, որ հընթացս թույլ է տվել մի շատ ավելի ծիծաղելի սխալ՝ ընդունելով, որ ՀՀ նախագահը կարող է ժողովրդավարություն հաստատել Լեռնային Ղարաբաղում, քանի որ մեծ ազդեցություն ունի Արցախի վրա: Որ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Ադրբեջանը ժողովրդավարացնելու ծրագրային դրույթը զավեշտի ոլորտից է, չենք վիճում, բայց որ Սերժ Սարգսյանի ճամբարում մտածողներ կան, թե Հայաստանը ժողովրդավարության առումով առաջ է ԼՂՀ-ից և, որովհետև մեծ ազդեցություն ունի Ղարաբաղի վրա, կարող է ավելի ժողովրդավարացնել ԼՂՀ-ն, շշմեցուցիչ է: Չէ՞ որ դա լրիվ աբսուրդ է, նոնսենս: Այստեղ պետք է ասել՝ տղե'րք ջան, դուք նախ ձեր աչքի գերանը տեսեք:
Եվ, առհասարակ, ոչ թե Հայաստանի Հանրապետությունը, այլ Ղարաբաղը մեծ ազդեցություն ունի Հայաստանի վրա: Առնվազն այնքան ազդեցություն, որ Հայաստանում ղարաբաղցիներն իրար դեմ թեկնածություն չեն դնում: Բայց սա, արդեն, բոլորովին այլ թեմա է ու այսօրվա մեր հոդվածի հետ բոլորովին կապ չունի: Մեզ ավելի շատ հետաքրքրում է այն հարցը, թե ինչո՞ւ է ա լյա Միշիկ չալող կայքը «Ժառանգության» ղեկավարի հարափոփոխ ծրագրային ցնդաբանությունները համեմատում Դաշնակցության հայտարարությունների ու դիրքորոշումների հետ՝ ընդգծելով, որ Հովհաննիսյանի սփյուռքահայ լինելը ժողովրդի աչքում նրան շատ բանով ասոցացնում է Դաշնակցության գաղափարների հետ: Շնորհակալ ենք, ինչպես ասում են, բայց կարիք չկա: «Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Ադրբեջանը ժողովրդավար դարձնելու մտադրությունը գրեթե նույնն է, ինչ դաշնակցականների դեպքում՝ Բաքուն արյան ծով դարձնելը, իսկ ադրբեջանցիների դեպքում՝ Երևանը գրավելուց հետո՝ Սևանում թեյ խմելը»:
Ինչպես տեսնում եք՝ ՀՀԿ շտաբային կայքը շատ հետաքրքիր համեմատություն է անցկացրել՝ որպեսզի ցույց տա, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագրային այդ մեկ դրույթն անիրագործելի է: Արդյունքում, սակայն, կլորիկ ապուշություն է ստացվել: Մտահոգիչն այն չէ, որ կայքը, նրա հեղինակն ու ՀՀԿ-ական ղեկավարությունը պատմություն չգիտեն: Այլ այն, որ չեն էլ փորձում թաքցնել իրենց տգիտությունը: Սա, արդեն, ամբուլատոր պայմաններում բուժվող բան չէ, սիրելինե'րս: Նախ՝ Դաշնակցությունն ու դաշնակցականները մեկ անգամ չէ, որ Բաքուն ու Ստամբուլը, նաև աշխարհի այլ քաղաքներ, հրեշների արյան ծով են դարձրել և ապա՝ դժվար է ասելը, թե հատկապես այդ ո՞ւմ շնորհիվ է այսօր ՀՀԿ-ն այդպես լիաթոք ծիծաղում Երևանը գրավելուց հետո Սևանում թեյ խմելու՝ ադրբեջանական զառանցանքի վրա: Երբեմն, թվում է, անիմաստ է նմաններին խորհուրդներ տալն ու ճիշտ ճանապարհի բերելը: Ի՞նչ ասես շուռ տված նժդեհականին:
Ո'չ 2008 թվականին Երևանը «արյան ծով» դարձնելու պատմությունն են հիշում, ո'չ իրենց աշխարհածավալ խոստումները, որ առավել անիրականանալի են, քան Ադրբեջանը ժողովրդավարացնելու՝ Րաֆֆի Հովհաննիսյանի միամտությունը: Գյումրին դարձնելու էին ծովափնյա քաղաք, Ամասիան՝ համաշխարհային տուրիզմի կենտրոն, Դիլիջանը՝ համաշխարհային բանկերի մայրաքաղաք, Ջերմուկը, ես ինչ իմանամ, համարյա՝ Բաքու: Ցանկություններին, ինչպես իրենք են գրել՝ սահման չկա: Արածներն ի՞նչ է՝ արտագաղթ, աշխատավարձի 1000 դրամով բարձրացում, ընդերքի ոչնչացում, ստվերի մեծացում, գործազրկության և հանցագործությունների թվի աճ… Ո՞ր մեկը թվես: Բայց այսքանից հետո առաջին տեղը գրաված թեկնածուի շտաբը դեռ մի բան էլ բանավեճ է սկսել երկրորդ տեղի համար պայքարող Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Ծիծաղելի՞ է: Ի՞նչ ծիծաղելի, ձեր ցավը տանեմ, ծիծաղից մեռանք:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ