Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իռլանդիայի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Դերմոտ Ահերնի նամակը Հայ իրավաբանների միության ատենապետ Գարո Ղազարյանին
Հարգելի Գարո` Հայ իրավաբանների միության ատենապետ
Հավանաբար կհիշեք նախագահական ընտրություններից հետո Երեւանից Փարիզ ուղեւորվող ինքնաթիռում մեր միջեւ կայացած խոսակցությունը: Ես նշեցի, որ անհանգիստ եմ այն բանի համար, ինչ տեղի ունեցավ ընտրության օրն այն ընտրատեղամասում եւ ԸԸՀ-ում, որտեղ ես դիտարկում էի իրականացնում:
Հակիրճ՝ ես եւ իմ գերմանացի գործընկեր Հեդդա Հաարսը (Hedda Haars) ընտրության օրը դիտարկում էինք վեց ընտրատեղամաս եւ, համաձայն ԵԱՀԿ դիտորդական առաքելության հիմնական թիմի ցուցումների, մենք ավարտեցինք դիտարկումը Եղվարդի թիվ 3 տարրական դպրոցում տեղակայված 26/1 ՏԸՀ-ում: Այն, ինչ մենք տեսանք 19:00-ից մինչեւ մոտավորապես 20:00-ը, արվեց ճիշտ: Նախագահողը եւ թիմն անցան ձայների հաշվարկին: Այս անգամ եւս ամեն ինչ արվեց` համաձայն ցուցումների: Նախագահողը ցույց տվեց բոլորին, այդ թվում` նաեւ մեզ, մեր թարգմանչին, մեր վարորդին, ինչպես նաեւ գործող նախագահի վստահված անձին ծրարից հանվող յուրաքանչյուր քվեաթերթիկ: Անմիջապես պարզ դարձավ, որ Րաֆֆին կլանում է ձայները: Սա հարուցեց տեղացի ներկաների զարմանքը: Իրոք, որոշ չափով շփոթեցնող էր այն, որ գրեթե յուրաքանչյուր ձայն Րաֆֆիի օգտին էր: Եզակի դեպքերում, երբ ձայնը տրված էր գործող նախագահի օգտին, որոշ տեղացի ներկաներ թեթեւակի ծիծաղում էին: Եվ այսպես շարունակ՝ գրեթե բոլոր տրված ձայները Րաֆֆիի օգտին էին: Գործող նախագահի վստահված անձը հաշիվը պահում էր շատ մեթոդիկ կերպով, եւ ես շատ պարզորոշ տեսա նրա հաշվարկից, որ Րաֆֆին անհամեմատ առաջ էր:
Մոտավորապես 21:15-ին ես տեքստ ուղարկեցի իմ ղեկավարին՝ ասելու, որ ձայների 30%-ը հաշվարկված է, եւ մոտավորապես 3/1 հարաբերակցությամբ Րաֆֆին առաջ է: Այդ պահին եւ մինչ մենք կլքեինք տեղամասը, անվավեր քվեաթերթիկները հայտարարվում էին: Օրինակ՝ մեկ քվեաթերթիկ համարվեց անվավեր այն պատճառով, որ ընտրողը նշում էր արել բոլոր թեկնածուների օգտին՝ բացառությամբ գործող նախագահի: Մեկ այլ քվեաթերթիկ համարվեց անվավեր, քանզի ընտրողը նշում էր արել, որ քվեարկում է նախորդ ընտրություններին մասնակցած թեկնածուի օգտին: Որոշ քվեաթերթիկներ էլ համարվեցին անվավեր, քանզի այս կամ այն թեկնածուի օգտին նշումը ճիշտ չէր արված կամ քվեաթերթիկում բացակայում էր որեւէ նշում: Իմ հաշվարկով 20:00-ից մինչեւ 22:00-ն ընկած ժամանակահատվածում, երբ մենք գնացինք ԸԸՀ, անվավեր քվեաթերթիկների թիվն անցում էր 10-ը: ՏԸՀ-ն լքելու պահին մենք համակարծիք էինք, որ ձայների 35%-ը հաշվարկված է, եւ մոտավորապես 3/1 հարաբերակցությամբ Րաֆֆին առաջ է:
Մենք գնացինք Եղվարդի թիվ 26 ԸԸՀ եւ ներկայացանք ԸԸՀ թիմին: Այստեղ հաշվարկի տեղի պայմանները հեռու էին կատարյալ լինելուց: Այն բաղկացած էր երկու սենյակներից, որոնք միմյանցից բաժանված էին միջանցքով, ինչը նշանակում է, որ ես մնացի այն սենյակում, որտեղ նախագահը եւ փոխնախագահն ընդունում էին արդյունքներով եկած ՏԸՀ թիմերին: Իմ գործընկեր Հեդդան մնաց այն սենյակում, որտեղ քարտուղարը մուտքագրում էր տարբեր արձանագրությունների տվյալները: ԸԸՀ թիմն ինձ հետ քիչ համագործակցեց այն առումով, որ նրանք ինձ, ինչպես նաեւ իրենց արձանագրություններով եկող ՏԸՀ թիմերին որեւէ տեղեկություն չտրամադրեցին: Տարածության պակասը դժվարություն հարուցեց ինձ համար որեւէ բան տեսնելու առումով: Ես ստիպված էի տեղեկություն խնդրել ամեն անգամ, երբ ցանկանում էի: Իմ թարգմանիչն ու վարորդը մատնանշեցին, որ թիմն ինչ-որ չափով անհանգիստ է զգում իրեն մեր ներկայությունից: Երբ եկան թիվ 26/1-ի արդյունքները, ես հատկապես հետաքրքրվեցի եւ խնդրեցի արդյունքը: Համագործակցության չհանդիպեցի, սակայն իմ թարգմանչին հաջողվեց տեսնել արձանագրությունը: Նա նշեց, որ գործող նախագահը հաղթել է Րաֆֆիին մոտավորապես 382/302 հարաբերակցությամբ:
Ես ապշել էի այս ակնհայտ շրջադարձից, որը տեղի էր ունեցել մեր՝ տեղամասը լքելուց հետո: Ես ապարդյուն փորձեցի ստանալ լրացուցիչ տեղեկատվություն: Այնուամենայնիվ, իմ թարգմանիչն ասաց՝ նկատել է, որ արձանագրությունում անվավեր քվեաթերթիկների թիվը զրո է: Սա ինձ ամբողջովին հանկարծակիի բերեց, եւ ես խնդրեցի իմ թարգմանչին տեղյակ պահել նախագահողին իմ զարմանքի մասին: Այդ ժամանակից ի վեր մինչեւ մոտավորապես առավոտյան 3:30-ը, երբ մենք վերջացրինք տվյալների աղյուսակի կազմման դիտարկումը, ինձ հետ քիչ կամ ընդհանրապես չհամագործակցեցին: Ես վերջնականորեն խնդրեցի տեսնել գրավոր վերջնական արդյունքը, սակայն նախագահողը մերժեց: Ես հանդիպեցի իմ գործընկեր Հեդդային, ով գոհունակություն հայտնեց կողքի սենյակում տեղի ունեցածի, այն է՝ տվյալների մուտքագրման կապակցությամբ: Ես առաջարկեցի նրան նախագահողից խնդրել արձանագրության կրկնօրինակը: Նորից, սակայն, նա մերժեց՝ օդում թափահարելով ձեռքերը: Մենք հարցրեցինք արդյոք նրանք հրապարակելու են արդյունքները, եւ պատասխանը եղավ՝ առավոտյան: Մենք անմիջապես դուրս եկանք: Մենք լրացրեցինք ԵԱՀԿ ձեւաթուղթը՝ գիշերվա ընթացքում մշտական կապի մեջ լինելով նրանց հետ:
Ես 32 տարի է՝ քաղաքականությամբ եմ զբաղվում այստեղ՝ Իռլանդիայում, մասնակցելով եւ հաղթելով յուրաքանչյուր ընտրություն, որոնցում ես անձամբ պայքարել եմ: Իմ կուսակցության կողմից ներկայացված լինելով՝ եղել եմ ընտրությունների խորհրդի տնօրեն ազգային եւ տեղական մակարդակում: Ես նման բանի երբեք ականատես չեմ եղել: Իմ փորձը ցույց է տալիս շեղում, երբ ես տեսնում եմ մի բան, եւ տեղի է ունենում մի տարօրինակ բան, որը շրջում է ընտրության արդյունքն այն բանից հետո, երբ մենք լքեցինք թիվ 26 ՏԸՀ-ը:
Ինչպես Ձեզ հավաստեցի, ես զգում եմ, որ այս հաշվարկը պետք է ամբողջովին վերաքննվի: Ես չեմ կարողացել հասկանալ այն ժամանակ եւ մինչ այժմ՝ ինչպես կարող են անվավեր քվեաթերթիկները դառնալ վավեր: Լրացուցիչ տեղեկատվության կարիքի դեպքում խնդրում եմ չվարանել եւ կապ հաստատել ինձ հետ:
Դերմոտ Ահերն
2013թ. Հայաստանում նախագահական ընտրությունների՝ ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամ, Իռլանդիայի Հանրապետության արտաքին գործերի եւ արդարադատության նախկին նախարար