կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-02 16:27
Առանց Կատեգորիա

Րաֆֆին գնում է բանակցությունների, բայց արդյո՞ք նրան այլևս սպասում են

Րաֆֆին գնում է բանակցությունների, բայց արդյո՞ք նրան այլևս սպասում են

Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ տարավ հերթական, բայց թերևս ամենակարևոր և գուցե վճռորոշ մարտավարական հաղթանակը. նրան հաջողվեց Հովհաննիսյանին դուրս քաշել հացադուլից: Ընդ որում` գործող նախագահը դա արեց առանց որևէ լուրջ բարդության, նա պարզապես սպասեց` ցուցադրելով, որ Հովհաննիսյանի` քաղաքական իմաստով շանտաժային այդ ակցիայից ո'չ ինքը և ոչ' իշխանությունը բացարձակապես խուճապի մատնված չեն:

 

Իրականում, սակայն, Հովհաննիսյանի անկանխատեսելի, ընդհուպ` էքստրեմալ վարքագիծը չէր կարող չանհանգստացնել, ինչի մասին էր վկայում այն փաստը, որ թեեւ Հովհաննիսյանի կողմից արված մի քանի կետանոց առաջարկը Սերժ Սարգսյանը որակել էր որպես «հում շարադրանք», սակայն պատրաստակամություն էր հայտնել հենց դրանց հենքի վրա բանակցել: Հրաժարվելով հացադուլից` Րաֆֆի Հովհաննիսյանը վերահաստատեց, որ պատրաստ է Սերժ Սարգսյանի հետ բանակցություններին` վերջինիս սահմանած կանոններով: Գործող նախագահը հացադուլից հրաժարումն ի սկզբանե համարել էր բանակցություններն սկսելու նախապայման: Հովհաննիսյանին ուղղված պատասխան նամակում այդ նախապայմանը նա ձևակերպել էր հետևյալ կերպ. «Իմ հորդորն է Ձեզ՝ դադարեցրեք խնդրում եմ հացադուլը, մեկ-երկու օր կազդուրվեք, եւ մենք միասին, թուղթ ու գրիչով, հանգիստ, առանց շոուների սկսենք աշխատել, լուրջ աշխատել՝ անգամ հիմք ընդունելով հենց Ձեր կողմից առաջարկված, այս պահին թեկուզեւ շատ հում, շարադրանքը»:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Րաֆֆի Հովհաննիսյանը զիջման էր գնացել նաև բանակցությունների օրակարգի հարցում. արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու պահանջը նա փոխարինել էր վերահսկողական ֆունկցիաներով օժտված մի քանի պաշտոններ ստանալու միջոցով իշխանությունը կիսելու պահանջով: Այսպիսով` արդեն կարելի է ասել, որ սկսված նախաբանակցային փուլում Հովհաննիսյանը զիջման է գնացել երեք առանցքային կետերից երկուսում` բանակցությունների օրակարգի սահմանման և հացադուլից հրաժարվելու հարցերում:

 

Միակ կետը, որտեղ Հովհաննիսյանը դեռ մնում է իր դիրքերին, բանակցությունների վայրի ընտրությունն է: Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը ձգտում է այն անցկացնել փակ դռների հետևում` քաղաքական այդ գործընթացը ճղճիմ պաշտոնակռվի մակարդակի հասցնելու և այդպիսով Հովհաննիսյանին իր ամենակարևոր ռեսուրսից` հանրային վստահությունից վերջնականապես զրկելու համար, իսկ «Ժառանգության» առաջնորդը պնդում է այն անցկացնել Ազատության հրապարակում` բոլորին ի տես` խուսափելու համար լարված այդ թակարդից: Սակայն ակնհայտ է, որ, իր մրցակցից ստանալով ամենակարևոր զիջումը, Սերժ Սարգսյանը հիմա առավել ևս շտապելու, նախաձեռնողականություն դրսևորելու խնդիր չունի: Նա այդպես էլ չկատարեց և ակնհայտորեն չի էլ պատրաստվում կատարել Հովհաննիսյանի ներկայացրած այլընտրանքային այն պայմանը, ըստ որի` եթե նրան հարմար չէ գալ Ազատության հրապարակ և այնտեղ հանդիպել, ապա կարող է ազատ զգալ կրկին նամակով ներկայացնելու իր «ամբողջական փաստաթղթից» բխող բովանդակային առաջարկությունները: Այլ կերպ ասած` Հովհաննիսյանը, որպես Ազատության հրապարակում բանակցությունների այլընտրանք, ակնկալում էր գոնե սկսված նամակագրության հետագա շարունակում: Սակայն նախագահի մակարդակով դա այլևս հետագա ընթացք չունեցավ:

 

Եվ հիմա ամբողջ հարցն այն է` արդյոք նաև այս` երրորդ կետում Հովհաննիսյանը, տեսնելով Սերժ Սարգսյանի հաստատակամությունը, կրկին ինքը չի զիջելու և չի համաձայնելու երկրորդ անգամ հանդիպման գնալ նախագահի նստավայր: Կորցնելով իր ամենակարևոր խաղաթուղթը` հացադուլի մեջ գտնվելը, Հովհաննիսյանը այն նոր խաղաթղթով փոխարինելու, նոր հենման կետ գտնելու փակուղային խնդրի առջև է կանգնել: Հացադուլի 21 օրերի ընթացքում պայքարը հասարակականից ու քաղաքականից տեղափոխելով առավելապես իր անձնականի ու բարոյականի տիրույթ` նա ընդհանուր գործընթացից մեկուսացրել էր այս շարժման ամենակարևոր ֆիգուրին` ակտիվ հանրությանը: Առանց այդ ռեսուրսի հետագա քաղաքական որևէ գործընթացի մեջ մտնելը Հովհաննիսյանի համար նույնն է, թե բանակցությունների գնալ պարտվողի կարգավիճակով: Դա է պատճառը, որ նա կրկին դիմում է մարզային հանրահավաքների մեթոդին` թերևս նպատակ ունենալով վերստին ակտիվացնել հանրությանը և նրան վերադարձնել պայքարի ոգին ու շնչառությունը, այսինքն` վերադարձնելու համար սեփական ձեռքերով կորցրած քաղաքական կապիտալը: Դրա համար նա օգտագործում է ապրիլի 9-ի «մոգական ուժը»` տպավորություն ստեղծելով, թե դա ջրբաժանային նշանակություն է ունենալու պայքարի շարունակման տեսանկյունից:

 

Սակայն մինչ այդ` ապրիլի 5-ին, պլանավորված է «Բարևի շարժման» հերթական հանրահավաքը: Իրականում հենց դա Հովհաննիսյանի համար ունի ջրբաժանի նշանակություն: Մարզային այս այցելությունների ողջ իմաստը հենց ապրիլի 5-ին այնպիսի մի զանգվածային հանրահավաքի անցկացումն է, որը կստիպի Սերժ Սարգսյանին և իշխանությանը համոզվելու, որ հացադուլը ոչ թե ընկճել է շարժումը, այլ նոր բովանդակություն ու իմաստ հաղորդել դրան, և որ ավելի լավ տարբերակ իշխանությունը չունի, քան այդ զանգվածի ներգործությամբ Հովհաննիսյանի հետ իրական բանակցություններ սկսելը և առարկայական զիջումների գնալը: Հովհաննիսյանը մարզային այցելություններով ինտենսիվորեն ստեղծում է իր ուժեղ կռվանները և փորձում ստիպել Սերժ Սարգսյանին նախ` կատարել խոստումը իր կողմից հացադուլից հրաժարվելու պարագայում բաակցություններ սկսելու առումով և երկրորդ` դրդել նրան դա կազմակերպել, փաստորեն, ապրիլի 5-ից ապրիլի 9-ը ընկած ժամանակահավածում:

 

Եթե այս պլանը ձախողվի, և չհաջողվի համապատասխան ազդակները հասցնել իշխանություններին, նույնիսկ դժվար է ասել` Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը որտե՞ղ կլինի ապրիլի 9-ին` Հանրապետության հրապարակո՞ւմ` իր «ինաուգուրացիային», թե՞ ընդամենը Մարզահամերգային համալիրի մատույցներում, որտեղ կայանալու է Սերժ Սարգսյանի պաշտոնամուտի հանդիսավոր արարողությունը:

 

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ