կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-26 13:35
Առանց Կատեգորիա

Եթե կարելի է` մենք էլ ապրենք ապահով Հայաստանում

Եթե կարելի է` մենք էլ ապրենք ապահով Հայաստանում

Ռազմիկ Ամյան, Շուշան Պետրոսյան, Նունե Եսայան, Միհրան Ծառուկյան, Հայկո, Լիլիթ Հովհաննիսյան`  ահա երգիչների ցուցակը, որոնք կատարում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի քարոզարշավի երգը: Կարծես, ամեն ինչ կարգին է, հավասարակշռությունը պահելու համար էլ ընտրվել է երեք երգիչ եւ երեք երգչուհի:

 

Վերջերս անընդհատ բողոքներ են հնչում, որ հեռուստատեսությունը, ռադիոն, քաղաքը ողողված են «անորակ» երաժշտությամբ ու դրա դեմն այդպես էլ չի լինում առնել: Ու երբ նույն հարթության վրա են ներկայացվում Շուշան Պետրոսյանն ու Լիլիթ Հովհաննիսյանը` նույնորակ երգիչներ էլ ընկալվում են:

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հստակ մշակութային քաղաքականություն է վարում` բեմն ամեն անգամ տրամադրելով նույն կատարողներին: Հավանաբար, նրան չեն հետաքրքրում ո'չ էստրադային երգիչներ, ո'չ էլ էստրադային երգեր լսողները: Պարո'ն նախագահ, Դուք որակ եք թելադրում, Դուք, բավական չէ, նման ձեւով պարտադրում եք մյուսներին անտեսված մնալ, նաեւ ինձ եւ շատերին, կարծես, հասկացնում եք, որ մեր երկրում մենք այնքան էլ ցանկալի չենք, քանի որ ոչ մի կերպ չեք թողնում գտնել այն, ինչ փնտրում ենք: ՀՀ բոլոր տոներին երգում են միեւնույն մարդիկ, խմբակային երգերում երեւում են միեւնույն դեմքերը. ուզում եք համոզել` նրանց լսենք: Փորձել եմ` չի ստացվում. երգի բառերը լսելուց հետո սթրես եմ տանում (երաժշտությունը չեմ էլ հասցնում մարսել):

 

Երկար ժամանակ մտածում էի, թե ինչու են մարդիկ հեռուստաեթերը մաքրելու համար դիմում Ձեզ: Այ, հիմա պարզ է ամեն ինչ: Ես էլ եմ միանում նրանց եւ դիմում եմ Ձեզ` մաքրեք ոչ միայն հեռուստաեթերը, այլ նաեւ բեմերը` ազատելով նաեւ հեղինակային երգեր կատարողներին, ռոք երգիչներին, ջազ եւ դասական երաժիշտներին ու նրանց ունկնդիրներին մեր երկրում ավելորդ լինելու` պարտադրված զգացողությունից:

 

Ես ուզում եմ ապրել ապահով երկրում, բայց որտեղ ապահով չեն լինի միայն ԸՆՏՐՅԱԼՆԵՐԸ, այլեւ` մենք:

 

Կ. Հ.