կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-20 15:38
Առանց Կատեգորիա

Եթե պատերազմ է, ուրեմն պետք է ապրենք պատերազմի կանոններով

Եթե պատերազմ է, ուրեմն պետք է ապրենք պատերազմի կանոններով

Երբ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին անսպասելի խոսեց Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենք վաճառելու պատճառով հայ-ռուսական հարաբերությունների վատացման և այդ հարցի լուծման անհրաժեշտության մասին, դեռևս տեղի չէր ունեցել Ադրբեջանի զինուժի հատուկ պատրաստված ստորաբաժանման վերջին դիվերսիոն հարձակումը ԼՂՀ-ի հյուսիսային ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա, որի հետևանքով հայկական կողմը, ցավոք, 3 զոհ և 4 վիրավոր ունեցավ:

 

Հարձակումից հետո ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, սակայն, տեղեկացրել էր, որ սահմանին լարվածություն է նկատվում արդեն երկու օր շարունակ: Եվ, ամենայն հավանականությամբ, նաև այդ հանգամանքն էր ազդել Սերժ Սարգսյանի խոսքի կոշտ շեշտադրումների վրա:

 

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է անպայման իրավիճակն այս աստիճան լարվածության հասնի, որպեսզի նախագահը հարկ համարի վերջապես խոսել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու անթույլատրելիության և դրա հետևանքների մասին: Խնդիրը, ինչպես նշում է Սերժ Սարգսյանը, ամենևին Ադրբեջանին մատակարարվող զինտեխնիկայի որակը չէ, այլ լայնամասշտաբգործարքի փաստը, որն, այսպես, թե այնպես, հանգեցնում է հակամարտության կողմերի միջև հավասարակշռության խախտման: Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտական ինստիտուտի` օրերս հրապարակած զեկույցի համաձայն՝ 2010-14 թթ. Ադրբեջանը 249 տոկոսով ավելացրել է զենքի եւ զինամթերքի գնումը`  2005- 2009 թթ. համեմատ։ Ընդ որում՝ այդ զենքի 85 տոկոսը Բաքուն ստացել է Ռուսաստանից։ Մինչդեռ, Ադրբեջանի ներմուծման համեմատ, Հայաստանի կողմից զենք-զինամթերքի ձեռքբերման աճը կազմել է ընդամենը 4 տոկոս։

 

Այնքանով, որքանով Ռուսաստանի ինտենսիվ օժանդակությամբ խախտվում է հավասարակշռությունը, ռուս-ադրբեջանական այդ գործարքը չի կարող և երբեք չի եղել զուտ բիզնես: Եվ բոլոր նրանք, ովքեր տարիներ շարունակ Հայաստանում աչք էին փակում այս երևույթի վրա, հայտարարում, թե դա ռուսների սուվերեն գործն է, թե դրանով ուժերի միջև բալանսն էականորեն չի խախտվում, պարզապես զբաղված էին հասարակության գլխի տակ փափուկ բարձ դնելով, այդ դավադրությունը կանխելու հարցում անկարողությունը թաքցնելուվ և պարզապես ազգային ու պետական շահերի հաշվին ռուսական շովինիզմը սնուցելով: Այս իմաստով նախագահի արձագանքը խիստ ուշացած է:

 

Տարիների ընթացքում ցուցաբերած` ոչինչ չտեսնելու, չլսելու, չխոսելու վարքագիծը, վախվորածությունը, անդեմ ու անատամ արտաքին քաղաքականությունն է սկսել կրակել հայ զինվորների ուղղությամբ, երիտասարդ կյանքեր խլել: Որովհետև այդ անհավասար սպառազինությունն է այս աստիճան լկտիացրել Ադրբեջանի ռազմական ղեկավարությանը և նրան այսպիսի ինքնավստահություն ներշնչել: Ու թերևս հենց այդ իրողության գիտակցումն է հանգեցնում հետին թվով ուշացած մտահոգությունների արտահայտման, որն ավելի շատ նմանվում է փաստի առջև կանգնած անօգնական մարդու հուսահատ ճիչերի:

 

Մինչև այսօր հայաստանյան պետական քարոզչությունը, դրան կցված, ըստ էության պատերազմից ոչինչ չհասկացող ուռա-հայրենասերների համույթը շարունակաբար թմբկահարում էր հայկական բանակի անպարտելիության և ադրբեջանական զինուժի քանակին հայկականի որակով հակադրելու երգը: Ոմանք, հատկապես` համակարգիչների էկրանների և ստեղծնաշարերի առջև առյուծ կտրածները շարունակում են պնդել, թե այս վիճակից դուրս գալու, այսպիսի կորուստներ թույլ չտալու միակ ելքը Ադրբեջանը ոչնչացնելն է, և որ ցանկության դեպքում կես ժամում կհասնենք Բաքու: Մեկը հարցնող լինի՝ ինչի՞ հաշվին, միայն հայ զինվորի ոգու, արիության և տոկությա՞ն, որը հայկական բանակը դարձրել է հայկական պետականության անվտանգության գործնականում միակ երաշխավորը: Որքան էլ այդ գործոնը մեր ազգային հպարտության աղբյուը լինի, 21-րդ դարում դա բավարար չէ: Վաղ թե ուշ, քանակը, այն էլ ժամանակակից տեխնոլոգիաների հրա հիմնված, վերածվում է որակի: Որքան էլ Բաքվում մսխեն պաշտպանության ոլորտին հատկացվող միջոցները, դրանց մի մասն ուղղվում է բանակի մարտունակության բարձրացմանը:

 

Սա փաստ է. ադրբեջանական բանակի հատուկ ստորաբաժանումների մարտիկները պատրաստություն են անցնում Թուրքիայում: Ընդամենը մեկ շաբաթ առաջ Թուրքիայում ավարտվեցին թուրք-ադրբեջանական ռազմաօդային ուժերի համատեղ ուսումնավարժությունները: Մեր դաշնակից ռուսները, բացի ադրբեջանցիներին ժամանակակից հարձակողական զինտեխնիկա մատակարարելուց, համաձայնել են նաև Ադրբեջանի բանակի զինծառայողների վերապատրաստումներ անցկացնել:

 

Որքան էլ դիվերսիոն հարձակումների ժամանակ հատուկ նշանակության ջոկատները լուրջ կորուստներ են տալիս, դրանց արդյունքում նրանք, այնուամենայնիվ, նաև փորձ են կուտակում: Բանակի կորուստների մասին տեղեկատվությունը փակելու քաղաքականությունը լիարժեք դաշտ է ստեղծում նման հարձակումների միջոցով այդ փորձառությունն անընդհատ կատարելագործելու համար:

 

Չտեսնել այս ամենը, զբաղվել ընդամենը «ազերների ոչխարության» վրա ծիծաղելով, նշանակում է թերագնահատել հակառակորդին, սեփական հասարակությանը զրկել իրավիճակի, մարտահրավերների օբյեկտիվ սթափ գնահատման կարողությունից և ուղղակի ննջել ազգային ամենակարողության սնափառության դափնիներին:

 

Ըստ Բոննի կոնվերսիայի միջազգային կենտրոնի՝ նախորդ տարեվերջին հրապարակած «Ռազմականացման գլոբալ ինդեքս-2014» զեկույցի՝ Հայաստանը ռազմականացման ցուցիչով 152 երկրների շարքում երրորդ հորիզոնականում է: Բայց այս ցուցանիշը հաշվարկվում է ազգաբնակչության թվի համեմատությամբ և ընդամենը հավաստում, որ Հայաստանը պարզապես փորձում է ուժերի ներածի չափով ետ չմնալ սպառազինության մրցավազքից և թույլ չտալ ուժերի հարաբերակցության՝ արդեն կրիտիկականից այն կողմ խախտման մակարդակ: Բայց այդ ներուժն այլև չկա, որովհետև Ռուսաստանից արտոնյալ գներով զենք գնելու առկա հնարավորության պայմաններում անգամ պետական միջոցները չեն բավարարում` լուծելու սպառազինման հարցը:

 

Այն զինտեխնիկան, որ Ռուսաստանը մատակարարում է Հայաստանին, մեծմասամբ նստում է ոչ թե հայկական բանակի հաշվեկշռին, այլ ռուսական ռազմաբազայի, որը, ինչպես մեզ համառորեն ներշնչում ու հասկացնում են մեջ ստրատեգիական պարտնյորները, լիազորված չէ միջամտելու ԼՂ հակամարտությանը, այսինքն` պաշտպանելու ԼՂՀ-ի և նույնիսկ Հայաստանի սահմանները պաշտպանող հայ զինվորին:

 

Եթե իսկապես ապրում ենք պատերազմի ժամանակներում, ուրեմն պետք է ապրել պատերազմի կանոններով` ամեն ինչ հանուն բանակի: Սահման պահող պատանիների կյանքից ավելի թանկ բան չկա, և ամենը պետք է անել՝ նրանց պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու համար:

 

Կապիտալ կուտակելու ժամանակն անցել է, եկել է այդ կապիտալն ազգային խնդիրների լուծման հարցում ներդնելու ժամանակը: Եվ այդ օրինակը պետք է տան երկրի առաջին դեմքերը՝ լաց լինելու, սեփական սխալները, ունեցած հաղթանակը երկու տասնամյակ շարունակ մսխելու փաստը այլ, նույնիսկ անունով դաշնակից երկրների վրա բարդելու փոխարեն:

 

Գևորգ Դարբինյան