Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ Կառավարության նիստերի դահլիճում մեկնարկեց, այնուհետեւ` Ավանի մշակույթի տանը շարունակվեց գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի պաշտոնական քարոզարշավը: Ուշագրավ է, սակայն ո'չ Կառավարության նիստերի դահլիճ մտնելիս, ո'չ էլ Ավանի մշակույթի տուն գնալիս Սերժ Սարգսյանին, ի տարբերություն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանը չէր ուղեկցում:
Դեռ երեկվանից Yerkir.am-ը վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանից փորձում է պարզել, թե ինչո՞ւ Տիգրան Սարգսյանը Սերժ Սարգսյանի կողքին չէր: Պատասխանը ուշագրավ էր` վարչապետն աշխատում էր:
Մեր այն դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումները աշխատանքային օրվա ավարտից` 18:00-ից հետո էին, վարչապետի մամուլի քարտուղարն արձագանքեց. «Վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ աշխատանքային օրը հաճախ 18:00-ից ավելի է տեւում: Դա կախված է լինում տվյալ օրից, հանգամանքներից, զբաղվածությունից կամ հրատապ հարցերի առկայությունից»:
Հարցին, թե երեկ թվարկված պատճառներից ո՞րը հիմք հանդիսացավ, որ վարչապետը չուղեկցի Սերժ Սարգսյանին, մամուլի քարտուղարն արձագանքեց, որ երեկ ծանրաբեռնված երկուշաբթի էր:
Ի դեպ, դիտարկմանը, որ ըստ աշխատանքային օրենսգրքի աշխատանքային օրը 8 ժամ է, ստացվում է` խախտվում են վարչապետի իրավունքները, մամուլի քարտուղարը բազմանշանակ ժպտաց:
Հարցին էլ, թե քարոզարշավի ընթացքում Տիգրան Սարգսյանը դարձյա՞լ չի ուղեկցելու Սերժ Սարգսյանին, Հարություն Բերբերյանը նշեց, որ այդ հարցին ինքը պատասխանել չի կարող եւ խորհուրդ տվեց այդ հարցն ուղղել ՀՀԿ թեկնածուի քարոզչության պատասխանատուներին:
Նշենք, որ այսօր նախագահը եռօրյա այցով մեկնելու է Սյունիք: Արդեն հստակ է, որ Տիգրան Սարգսյանը Սյունիք չի մեկնելու:
Ի դեպ, Հարություն Բերբերյանից Yerkir.am-ը հետաքրքրվեց, թե ինչ տրամադրություն ունի Տիգրան Սարգսյանը: Պարզվում է` հրաշալի:
Հիշեցնեն, որ, մեր տեղեկություններով, Տիգրան Սարգսյանը բավականին նեղսրտած է, քանի որ այլեւս չի համարվում նախագահի սիրելին: