կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-16 17:26
Տնտեսական

Ագրոկենսաբազմազանության պահպանությունը մեր օրերում

Ագրոկենսաբազմազանության պահպանությունը մեր օրերում

Հայաստանը քաղաքակրթության հնագույն կենտրոններից է, ինչը հաստատվել է անգամ համաշխարհային գիտության կողմից: Գիտնականները նաեւ նշում են, որ մեր երկիրը վաղ երկրագործական մշակաբույսերի տարածման օջախներից է: Համապատասխան փաստերը հուշում են, որ Հայկական լեռնաշխարհում էթնոբուսաբանական նյութերի տարիքը թվագրվում է մ.թ.ա 8-րդ, իսկ մշակովի բույսերի եւ դրանց վայրի ցեղակիցների ածխացած մնացորդների տարիքը` մ.թ.ա 5-րդ հազարամյակով: Բուսաբաններն էլ, իրենց հերթին, առաջ են քաշում այն տեսակետը, որ երկրագործությունը շուրջ վեց հազարամյակ զարգացել է տեղական վայրի բույսերի գենետիկ ռեսուրսների հարուստ հիմքի վրա, եւ դրանց մշակումը եղել եւ այսօր էլ մնում է հայ ժողովրդի հիմնական զբաղմունքներից մեկը (հացահատիկային կուլտուրաների մշակում, խաղողագործություն, պտղաբուծություն):

 

Դեռ 1930 թվականին մշակաբույսերի հայտնի գիտակ Ն.Ի. Վավիլովը նշել է, որ Հայաստանը մի շարք մշակովի բույսերի վայրի ցեղակիցների հայրենիքն է: Այստեղ մինչ այժմ առկա է մշակովի բույսերի բազմաթիվ նոր սորտերի ստացման բնական գենոֆոնդ հանդիսացող հացազգիների և այլ մշակաբույսերի վայրի ցեղակիցների հարուստ բազմազանություն: Աշխարհում հայտնի վայրի ցորենների չորս տեսակներից Հայաստանի տարածքում աճում են երեքը` բեովտական վայրի միահատիկ ցորենը (Triticum boeoticum), վայրի ուրարտու միահատիկ ցորենը (T. urartu ) և արարատյան վայրի երկհատիկ ցորենը կամ վայրի հաճարը (T. araraticum.), որոնց հատուկ է ներտեսակային մեծ բազմազանություն (110-ից ավելի տարատեսակներ):

 

Սակայն այս ամենի հետ միաժամանակ շուրջ 1,5 տարի Հարավային Կովկասի երեք երկրներում ԵՄ ֆինասավորմամբ իրականացվող` «Կլիմայի փոփոխության հարմարվողականության արձագանքման բացահայտում եւ իրականացում Հարավային Կովկասի արիդ եւ սեմիարիդ էկոհամակարգերում ագրոկենսաբազմազանության պահպանման եւ կայուն օգտագործման նպատակով» տարածաշրջանային եռամյա ծրագրի փորձագետների պնդմամբ` Հայաստանի տարածքն աչքի է ընկնում նաև խոցելի էկոհամակարգերի առատությամբ: Տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող այս ծրագրի գլխավոր նպատակն է Հարավային Կովկասի երկրներում հզորացնել կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականության կարողությունները` նպատակ ունենալով ագրոկենսաբազմազանության ապահովումը չոր եւ կիսաչոր խոցելի էկոհամակարգերում եւ տեղական համայնքներում, իսկ հատուկ նպատակներն են` խթանել ագրոկենսաբազմազանության պահպանմանն ու կլիմայի փոփոխության հարմարվողականությանը սատարող քաղաքականությունները` ազգային եւ համայնքային մակարդակներում, ինչպես նաեւ կատարելագործել ինստիտուցիոնալ եւ անհատական կարողությունները չոր ու կիսաչոր էկոհամակարգերում` ագրոկենսաբազմազանության կայունության պահպանման եւ կլիմայի փոփոխության դեմ կենսապայմանների մակարդակի բարձրացման համար:

 

Ընդհանուր առմամբ, Հայաստանի տարածքում առավել ակնառու են անապատացման գործընթացները, հանրապետությունում նաև պարբերաբար գրանցվում են տարաբնույթ աղետներ: Վերջին 20 տարիներին թիվ մեկ խնդիր` կլիմայի փոփոխությունից, բնականաբար, չի կարող խուսափել նաև Հայաստանը, հատկապես, երբ մասնագետների հաշվարկով ջերմաստիճանը Հայաստանում, 20-րդ դարի սկզբի համեմատ, արդեն բարձրացել է 0,85 աստիճանով: Կլիմայի փոփոխության ընդունված սցենարների համաձայն` գիտնականները կանխատեսել են, որ արդեն 2030 թվականին գյուղատնտեսության ոլորտը կկրի զգալի վնասներ, հիմնականում` կդիտվի մշակաբույսերի բերքատվության անկում 8-14 % տոկոսով (այդ թվում` հացահատիկային մշակաբույսերի` 9-13%, բանջարա-բոստանային` 7-14%, բանջարանոցային (կարտոֆիլը)` 8-10% և պտուղներ` 5-8% ):

 

Ագրոկենսաբազմազանության վրա բացասական ազդեցությունը հիմնականում կապված է մարդածին և բնական գործոնների հետ: Բնական գործոնների բացասական ազդեցությունն արտահայտվում է կլիմայի գլոբալ փոփոխության, համընդհանուր տաքացման և դրա հետևանքով առաջացած գործընթացների արդյունքում: Մարդու ակտիվ գործունեության բացասական ազդեցությունը ագրոկենսաբազմազանության վրա հայտնի է դեռ վաղ ժամանակներից: Հատվել են անտառները, արհեստականորեն ընդարձակվել են արոտներն ու խոտհարքները, հերկվել են տափաստանային և կիսաանապատային լանդշաֆտները, ավելացել են ոռոգելի հողատարածությունները, եւ բնական պոպուլյացիաների ու բուսական համակեցությունների վրա մարդածին ազդեցությունը հասել է տագնապալի չափերի:

 

Բացի այդ` վերջին 15 տարիներին երկրի սոցիալ-տնտեսական անկայուն վիճակի արդյունքում տեղի ունեցավ մարդածին բացասական ազդեցության ավելացում (անտառների հատում, արոտների գերարածեցում. ուտելի խոտաբույսերի, դեղաբույսերի, պտուղների, հատապտուղների ոչ կանոնակարգված հավաք, հողերի սեփականաշնորհում և այլն), որի ընթացքում առավել վտանգի ենթարկեցին բնակավայրերին հարակից բնական անտառները և կերհանդակները:

 

Վերը նշված ծրագրի շրջանակներում իրականացված` ագրոկենսաբազմազանության առկա իրավիճակի վերլուծության տեսակետից արդեն իսկ կատարվել է Հայաստանի արիդ եւ կիսաարիդ էկոհամակարգերի գույքագրում և նախնական գնահատում, ծրագրի համար փորձնական տարածքներ են ընտրվել Արարատի եւ Վայոց ձորի մարզերը: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Դշխուհի Սահակյանը` հավելելով, որ ծրագրի իրականացման աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրվել են նախապես ընտրված յոթ համայնքներ (Պարույր Սեւակ, Զանգակատուն, Չիվա, Արենի, Ռինդ, Աղավնաձոր եւ Գետափ) և համայնքամերձ տարածքները: Ֆլորիստիկ գնահատման և համեմատական վերլուծական մեթոդով ստացված տվյալների հիման վրա վեր են հանվել առավել խոցելի էկոհամակարգերը, կիսաանապատային` հոտավետ օշինդրի դոմինանտությամբ, փշաբարձային` կազմված կորնգան եղջյուրավոր տեսակից եւ վայրի հացազգիներից կազմված էկոհամակարգը:

 

Դ. Սահակյանը նաև նշեց, որ ագրոկենսաբազմազանության մոնիտորինգի իրականացումը թույլ կտա բացահայտել կլիմայի փոփոխության նկատմամբ ագրոկենսաբանական պաշարներին սպառնացող հիմնական վտանգները և իրականացնել այնպիսի փորձացուցադրական ծրագրեր, որոնք կնպաստեն փոփոխվող պայմաններում ագրոկենսաբազմազանության կայունության ապահովմանը:

 

Գալուստ ՆԱՆՅԱՆ