Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Աղբյուրը՝ armeniangenocide100
«Մշակ», Թիֆլիս, 1915, թիվ 117, հունիսի 2
Վանը տագնապի օրերում
Վան, 21 մարտի
Տասն երկար ամիսներու բռնադատուած մեկուսացումէ և լռութենէ մը վերջ, սրտի անհուն ուրախութեամբ է որ կօգտուինք այս առաջին պատեհութենէն՝ յարաբերութեան մտնելու համար մեր կովկասահայ եղբայրներու հետ, մեր սիրելի «Մշակին» հետ…
Մինակ Վանը եղաւ, Շատախէն վերջ, որ կրցաւ տոկալ օրհասական բարբարոս կառավարութեան մոլեգին հարուածներուն: Ամբողջ 28 օր (ապր. 7-մայիսի 3) վանեցի հայերը Այգեստանի և քաղաքամէջի մէջ, իրարմէ անջատուած, դիմադրեցին գիշեր ու ցերեկ անընդհատ տևող յարձակումներու, ենթարկուած կարկուտի պէս տեղացող հրացանի գնդակներուն, որոնց ստիպուած էինք պատասխանել հատ-հատ, փամփուշտնիս չը սպառելու համար, բան մը, որ մեր մեծագոյն երկիւղը կը կազմէր: Ատոր միացաւ աւելի մեծ երկիւղ մը՝ սովը: Ինն ամիսներէ ի վեր արդէն կառավարութիւնը սիստեմատիկ կերպով հաւաքած էր հայերու ցորենները՝ գրաւելով բոլոր քիչ թէ շատ կարևոր ամբարները, և կռուի առաջին օրերէն իսկ քաղաքացին սկսաւ նեղուիլ անօթութենէ: Այդ բաւական չէր կարծես, մէկ-երկու շաբթուան ընթացքին քաղաք թափուեցան շրջակայ գիւղացիները, առանց մէկ պատառ հացի, մօտաւորապէս 10000 հոգի, որոնցմէ շատերը թալանուած և կոտորուած գիւղերու կիներ ու մանր աղջիկներն էին, զորս կառավարութիւնը բռնի կը բերէր քաղաքը կը լեցնէր, զէնքով ընել չկրցածը սովով գլուխ բերելու համար: Եւ սակայն այդ միջոցն ալ ի դերև ելաւ. վանեցին թէև անօթի, դիմացաւ, և կուսակալ Ջէվդէթ, որ ըստ իր նախկին գոռոզ յայտարարութեան 24 ժամուայ մէջ Վանը աւերակի պիտի վերածէր, չարաչար յուսախաբ եղաւ և իր զայրոյթը թափեց անպաշտպան գիւղացիութեան վրայ, 150-ի մօտ խեղճ հայ բանտարկեալներու վրայ, զորս բոլորն ալ գազանաբար խողխողեց: Յուսախաբ և խայտառակ եղաւ նաև վերջերս բերուած գերմանացի թնդանօթաձիգ սպան, որ զարմանքով կը տեսնէր, թէ 4 թնդանօթներու ճիշդ նշանաձգութեան և հարիւրաւոր ռումբերուն հայերը կը պատասխանէին երգելով և նուագածութեամբ, և երբ ինք դիրքերը արդէն քանդուած համարելով յարձակումի հրամանը կուտար, յարձակողները 40-50-ով գետին կը փռուէին գնդակահար և միւսները կը փախչէին:
Կռուի ամբողջ ընթացքին կառավարութիւնը չկրցաւ գրաւել մեր և ոչ մէկ դիրքը, չնայելով որ շատ տեղեր մեր խրամները կերկարաձգուէին բաց դաշտի մէջ, կիլօմետրերու երկարութեան մը վրայ, ընդհակառակն, առաջին օրերէն իսկ մենք յաջողեցանք վռնտել թիւրքերը իրենց մի քանի կարևոր դիրքերէն՝ այրելով զանոնք:
Վերջին օրերն նկատուեցաւ, որ թիւրքերը վհատած էին, գործողութիւնները թոյլ էին: Մայիսի 4-ին Վանի պատմական բերդը գրաւուած էր արդէն, և անոր վրայ կը ծածանէր խաչ դրօշակը: Թիւրքերը փախած էին իրենց ընտանիքներով Գաւաշի ուղղութեամբ և անկէ ով գիտէ ուր: Իրենց խուճապին մէջ անոնք թողած էին 8-10 թնդանօթներ, որոնց 4-ը գործածական: Երկու օր վերջ (մայիս 6-ին) Վան կը մտնէին կամաւորներու խումբերը և ռուս բանակի մէկ մասը: Այդ օրը վանեցին չպիտի մոռնայ բնաւ:
Ջէվդէթ չարաչար խաբուեցաւ իր հաշիւներուն մէջ: Նա մտածեց մէջտեղէն վերցնել հրապարակի վրայ երևցող կուսակցական յայտնի շէֆեր և յաջողեցաւ Իշխանը դաւադրաբար սպաննել և Վռամեան «աքսորել (ամեն հաւանականութեամբ զայն ալ սպաննած է) և այդպիսով ջլատել հայերու դիմադրական ոյժը, բայց Վանը ցոյց տուաւ, որ ինք ոչխարի հօտ չէ և իր միջէն կրնայ դուրս հանել պէտք եղած ղեկաւարները:
Սահմ.-Ռամկ. Կուս. Վանի շրջանի ակումբի՝
Վ.նախագահի՝ Շաւարշ Հովիւեան
Վ.ատենադպրի՝ Յ. Գ. Կաքաւեան
Վանում
Վանում հրատարակվող «Աշխատանք» հայ թերթի առաջին համարում կայ նկարագրութիւնը այն ճաշկերոյթի, որ Վանի ազգաբնակութիւնը տուել է գեներալ
Ն.-ին: Նա ասաց, որ Ռուսաստանը, սկսած 1626 թւից, 1856թ. և 1878 թթ. ձգտել է ազատել Հայաստանը թիւրքաց լծից, բայց քաղաքական հանգամանքները նրան թոյլ չեն տուել կատարելու այդ: Այժմ պետութիւնների քաղաքական խմբաւորումը հիմնովին փոխվել է: Անգլիան և Ֆրանսիան ձեռք-ձեռքի տուած գնում են մեզ հետ, և գեներալւ յոյս ունի, որ հայ ժողովուրդը կազատվի թիւրքաց լծից:
Արամը իր պատասխան ճառում ասել է.
-Մի ամիս առաջ մենք յոյս չունէինք ռուս զօրքերի գալու վրայ: Մեր դրութիւնը անտանելի էր՝ կամ անձնատուր լինել կամ թոյլ տալ, որ մեզ մորթոտեն ոչխարների պէս կամ կործանվել «Տիտանիկ» նաւի նման երաժշտութեան հանդիսաւոր հնչիւնների տակ: Մենք գերադասեցինք վերջինը և մենք կկործանվէինք, բայց մեզ օգնութեան եկաք դուք, եկաք անսպասելի կերպով և մեր յաղթանակի կէսը ձեզ ենք պարտական:
Կենաքը Վանում իր հունի մէջ է մտնում: Շրջականերից այնտեղ հաւաքված բազմաթիւ փախստականները (մինչև 50000) գնում են դէպի գիւղերը: Կազմակերպված է ինքնավարութիւն բնակիչներից, որի գլուխ է կարգված Վանի և շրջակաների համար Արամը: Գործում է ժամանակաւոր պօստ, կազմված է ոստիկանութիւն և ժանդարմէրիա: Եռանդուն կերպով շրջակաները մաքրվում են քիւրդ թափառական աւազակախմբերից: