կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-01 11:21
Քաղաքական

Մարտի 1-ին նախորդող և հաջորդող ՀՅԴ հայտարարությունները ցավալիորեն արդիական են նաև մեր օրերում. ՀՅԴ ՀԳՄ հայտարարությունը

Մարտի 1-ին նախորդող և հաջորդող ՀՅԴ հայտարարությունները ցավալիորեն արդիական են նաև մեր օրերում. ՀՅԴ ՀԳՄ հայտարարությունը

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՏԻ 1-ին ՆԱԽՈՐԴՈՂ ԵՎ ՀԱՋՈՐԴՈՂ ԴԵՊՔԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Սիրելի հայրենակիցներ, 2008 թ. մարտի 1-ից անցել է տասներկու տարի: Անառարկելի է, որ մարտի 1-ը  մեր պատմության դառն ու ցավոտ էջերից մեկն է՝ թե՛ անդառնալի մարդկային, թե՛ քաղաքական, բարոյական և պետական կորուստների առումով:

Կարող էինք շրջանցել, բացառել այդ էջը, եթե դրսևորվեր քաղաքական և պետական բավարար շրջահայացություն, եթե նախընտրական պայքարը կառուցվեր գաղափարական արժեքների վրա, եթե ցանկալի հաղթանակին հասնելու ճանապարհին ատելության, թշնամանքի և անհանդուրժողականության մթնոլորտն այդքան կործանարար և աննահանջ չլիներ:

2008 թ. նախագահական ընտրություններում Դաշնակցության թեկնածուն Վահան Հովհաննեսյանն էր: Մենք գնում էինք ընտրության՝ համոզումով, որ կհաջողենք երկիրն ու պետականությունը հետ պահել ատելության և առճակատման կործանարար հեռանկարից, կկարողանանք պետականության ընթացքը հունավորել դեպի կայուն ժողովրդավարություն, արժանապատիվ հասարակություն:

Մարտի 1-ին նախորդող՝ օրեցօր թեժացող և պայթյունավտանգ մթնոլորտում Դաշնակցությունը հանդես եկավ գործողություններով և քաղաքական հայտարարություններով, որոնք սթափվելու, երկիրն արկածախնդրության և փորձության չտանելու ահազանգ էին ու գնահատականներ: Ցավոք,  մարտի 1-ից չխուսափեցինք: 

Հրապարակելով 2008 թ. մարտի 1-ին նախորդող և հաջորդող ՀՅԴ հայտարարությունները, նպատակահարմար ենք գտնում հանրությանը մեկ անգամ ևս ներկայացնել մեր գնահատականները, նաև ափսոսանքով արձանագրել, որ դրանք ցավալիորեն արդիական են և համահունչ նաև մեր օրերում:

Մեկ անգամ ևս կիսելով զոհերի ընտանիքների վիշտն ու ցավակցելով նրանց, այսօր էլ հաստատում ենք և գտնում, որ մեր համազգային և պետական շահը պարտադրում է մարտի 1-ից դուրս գալ դասեր քաղած, արժանապատվորեն,  հրաժարվել հասարակությունը  վրեժխնդրության և ներքին թշնամիների որոնման ցանցում ջլատելու վարքագծից:

Միայն համախոհությամբ և մեր ներուժի ողջ կարողականությամբ է հնարավոր  լծվել մեր պետականության ամրապնդմանն ու բազմաթիվ մարտահրավերների դիմագրավմանը:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

01 մարտի, 2020 թ.

 

Հավելված 1

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Սիրելի՛հայրենակիցներ,

Ես դիմում եմ Ձեզ անձամբ իմ անունից` որպես ՀՀ նախագահի թեկնածու։ Այս ամբողջ ընթացքում ես պայքարեցի բացառապես քաղաքական մեթոդներով` հենվելով գաղափարական եւ բարոյական արժեքների վրա: Ես ջանք չխնայեցի մրցակցությունը կառուցողական քաղաքական բանավեճի շրջանակներում պահելու, մեր քաղաքացիներին «հանուն», այլ ոչ թե «ընդդեմ» կողմնորոշելու համար: Ես փորձեցի մեր քաղաքացիներին համոզել, որ հաղթանակը հնարավոր է:

Դա ինձ չհաջողվեց: Նախընտրական պայքարի ողջ ընթացքում տիրեց ատելության ու անհանդուրժողականության, ահաբեկման ու սպառնալիքների մթնոլորտ։ Դա չէր կարող իր դրոշմը չթողնել բուն ընտրության օրվա վրա:

Տարաբնույթ ընտրական խախտումները, ընտրակաշառքի համատարած բաժանումը, որոշ տեղամասերում կոպիտ բռնությունը, լցոնումները էլ ավելի խորացրին հասարակության մեջ ընտրությունից ընտրություն արմատավորվող կասկածամտությունը եւ անվստահությունը։

Նորից սահմանափակվեց ժողովրդի քաղաքական կամքի ազատ արտահայտման իրավունքը, ոտնահարվեց եւ վիրավորվեց մեր քաղաքացիների արժանապատվությունը: ՀՅԴ Գերագույն մարմինը մանրամասն ուսումնասիրում է բոլոր մարզերից, ընտրատեղամասերից ստացվող զեկույցները, որոնց հիման վրա կտա իր գնահատականները եւ հանդես կգա համապատասխան հայտարարությամբ: Սակայն, անկախ այդ գնահատականից, ես կայացրել եմ իմ անձնական որոշումը։ Ես հրաժարվում եմ ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնից:

Հայրենակիցնե՛ր, իմ առաջադրումով եւ ընտրապայքարով ես փորձում էի Ձեզ ցույց տալ ելքը ընտրությունից ընտրություն կրկնվող այս վիճակից: Դա ինձ չհաջողվեց: Բայց եթե շատերն այս անգամ չտեսան ելքը, դա չի նշանակում, թե այն գոյություն չունի: Ի վերջո, ինձ հավատաց ու վստահեց առնվազն 100.000 մարդ, եւ դա ինձ հիմք է տալիս հպարտությամբ հաստատելու, որ Հայաստանում ես ունեմ մտածող, հայրենասեր, հավատարիմ, մաքուր եւ անկաշառ կողմնակիցների մի այնպիսի բանակ, որի հետ եւ հանուն որի հնարավոր է պայքարել` նրանց արժանի Հայրենիք կառուցելու համար: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հավատացին ինձ եւ տեսան իմ մատնանշած ելքը:

Շնորհակալություն նաեւ նրանց, ովքեր քվեարկեցին ազնվորեն, իրենց կամքով` չազդվելով կուրացնող ատելությունից, վախից կամ ագահությունից: Եվ, իհարկե, շնորհակալ եմ իմ դաշնակցական ընկերներին եւ կուսակցության համակիրներին, իմ բոլոր թիմակիցներին, որոնց նվիրումը, եռանդը եւ հավատը ոգեւորում էին ինձ եւ տանում առաջ:

Ես Ձեզ հանդարտության եւ զսպվածության կոչ եմ անում: Նրանք, ովքեր այսօր փորձում են գնալ ընդվզումի ճանապարհով, պետք է հիշեն եւ հասկանան, թե ինչ հանցանք գործեցին եւ ինչ արհավիրք բերեցին մեր ժողովրդի գլխին` կոպտորեն կեղծելով 1996 թ. նախագահական ընտրությունները, սանձազերծելով ընտրախախտումների ինքնակատարելագործվող մի մեքենա, որը կանգնեցնել մինչ օրս չի հաջողվում: Բայց հավերժ այսպես չի լինելու:

Եվ ես կոչ եմ անում բոլորիդ սառնասիրտ վստահությամբ պատրաստվել մեր հաղթանակին:

Իմ բոլոր մրցակիցներին ես ցանկանում եմ հաջողություն, իսկ Հայաստանի ապագա Նախագահին նաեւ իմաստնություն եւ վճռականություն` առաջիկա տարիներին այնպիսի բարեփոխումներ կատարելու, որ հաջորդ ընտրություններում իշխանությունը պարտավորված չլինի ապավինել փողին, իշխանական ռեսուրսին, նրա հետ հաճախ սերտաճած կիսաքրեական տարրերին, այլ հնարավորություն ստանա հենվել քաղաքական ուժերի եւ ժողովրդի վստահության վրա:

Իսկ Ձեզ` սիրելի՛ հայրենակիցներ, ես կոչ եմ անում չվհատվել եւ չհիասթափվել: Ես Ձեզ հետ եմ եւ ուժեղ։ Մեր պայքարը երկարատեւ պայքար է։

22.02.2008 թ

Հավելված 2

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ


Հայրենակիցներ,

2008 թ. նախագահական ընտրությունները հերթական փորձությունն էին մեր երկրի հետագա ժողովրդավարացման ճանապարհին: Մենք կարող ու պարտավոր էինք այդ փորձությունից դուրս գալ էլ ավելի միասնական և ամրացած, ինչը հնարավորություն կտար լիարժեքորեն դիմագրավել և՛ ներքաղաքական, և՛ սոցիալ-տնտեսական, և՛ արտաքին մարտահրավերները:

Այդպես չեղավ մի շարք պատճառներով: Ընտրարշավի ամբողջ ընթացքում գերակայեցին փոխադարձ թշնամաքն ու ատելությունը, անհանդուրժողականությունն ու սպառնալիքները: Հասարակությունը արհեստականորեն երկփեղկվեց ու բևեռացվեց: Մի կողմից ցանկացած եղանակով իշխանափոխություն իրականացնելու նախկինների մոլեռանդությունն էր, մյուս կողմից` ամեն գնով սեփական դիրքերը պահպանելու ներկաների ձգտումը:
Հատուկ պետք է շեշտենք, որ Դաշնակցության թեկնածուն հնարավոր ամեն բան արեց մրցակցությունը ծրագրային, գաղափարական հունի մեջ պահելու, երկրի զարգացումը առողջ մթնոլորտում շարունակելու համար, սակայն այս մոտեցումը, ցավոք, լայն արձագանք չգտավ:

Գերագույն Մարմինը բարձր է գնահատում Վահան Հովհաննեսյանի սկզբունքային վարքագիծն ու դիրքորոշումները և շնորհակալություն է հայտնում իր թեկնածուին՝ ՀՅ Դաշնակցությունը հարազատորեն ներկայացնելու համար:

Բուն ընտրությունները ևս ուղեկցվեցին տարաբնույթ խախտումներով: Համատարած, բացահայտ ու քողարկված ընտրակաշառքով զբաղվեցին առաջատար թեկանածուների կողմնակիցները, որոշ տեղամասերում կոպիտ բռնության, լցոնումների դեպքեր արձանագրվեցին, թերություններով ընթացավ նաև քվեների հաշվարկման փուլը: Արդյունքում` ընտրությունների վերաբերյալ մեր քաղաքացիների գնահատականը միանշանակ չէ, և այսօր էլ առկա է հասարակական լարվածություն, երկիրը կանգնած է հետընտրական բևեռացումը կանխելու հրամայականի առաջ: Ներկա իրավիճակում մենք պատրաստ ենք համերաշխության վերականգնման կամուրջի դեր ստանձնել:

Կատարելով այս հաստատումները, ամփոփելով բոլոր մարզերից ու տեղամասերից ստացված զեկույցները, նկատի ունենալով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջնական արդյունքները և միջազգային հանրության` հիմնականում դրական արձագանքը` ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը չի վիճարկում ընտրությունները և հաջողություն է մաղթում նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին:

Միաժամանակ, հավատարիմ մնալով 2007 թ. Կոալիցիայի հետ ստորագրած հուշագրին, մենք հանդես ենք գալիս կուսակցության ստանձնած պետական պաշտոններից հրաժարվելու պատրաստակամությամբ և դիմում ենք համագործակցությունը մեր կողմից դադարեցնելու առաջարկով:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեկնելով երկրի կայունության և առաջընթացի հրամայականներով` մենք նաև առաջարկում և պահանջում ենք.

ա. անաչառ ու ամբողջական քննության ենթարկել ընտրակեղծիքների բոլոր փաստերը և պատժել մեղավորներին,

բ. և՛ ընտրական, և՛ հետընտրական գործընթացներում հետայսու բացառել ընտրակաշառքը, ոչ քաղաքական, կիսաքրեական տարրերի մասնակցությունը, ինչպես նաև իշխանական ռեսուրսի անզուսպ կիրառումը,

գ.  դատապարտել իշխանությունը բռնի ուժով փոխելու, ինչպես նաև ընտրությունների արդյունքներից դժգոհողների հանդեպ բռնություն կիրառելու մտայնությունը,

դ. երկրում ապահովել իրական բազմակարծություն և խոսքի ազատություն,

ե. ներքաղաքական կյանքում, ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներում, ընդդիմության համար ապահովել ինքնադրսևորման լիարժեք հնարավորություններ,
զ. շուտափույթ քայլեր ձեռնարկել Հայաստանի միջազգային հեղինակությունն ամրապնդելու, ներքին լարվածությունը մեղմելու ուղղությամբ,

է. քաղաքական երկխոսության և ազգային համաձայնության արդյունքում այնպիսի կառավարություն ձևավորել, որն իր մասնագիտական, մարդկային-բարոյական որակներով ի վիճակի կլինի երկիրը դուրս բերել ժողովրդավարության և սոցիալ-տնտեսական արագընթաց զարգացման մայրուղի:

Սիրելի՛ հայրենակիցներ,

ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը շնորհակալություն է հայտնում Ձեզ նախագահական ընտրություններին աննախադեպ ակտիվությամբ մասնակցելու համար:

Մենք Ձեզ վստահեցնում ենք, որ շարունակելու ենք մնալ մեր սկզբունքային դիրքորոշումներին հավատարիմ և հետևողականորեն աշխատելու ու պայքարելու ենք հանուն մեր ժողովրդի, մեր յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների պաշտպանության, հանուն մեր պետականության հզորացման:

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆ

25.02.2008 թ.

 

Հավելված 3

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՏճԱՌՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ժամանակավոր Հաձնաժողովի կողմից ներկայացված եզրակացությունը մեծածավալ աշխատանքի արդյունք է և ներառում է 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների վերաբերյալ մանրամասը տեղեկատվություն: Եզրակացությունը առաջին հերթին խոսում է Հանձնաժողովի արդյունավետ աշխատանքի մասին: Բացի այդ, չափազանց կարևոր և արժեքավոր է եզրակացությունում ներկայացվող առաջարկությունների և առաջ քաշված առաջնահերթությունների իրացման վերաբերյալ մշտադիտարկում իրականացնելու Հանձնաժողովի առաջարկությունը:

Եզրակացությունը ներառում է նաև որոշակի հաստատումներ և գնահատականներ, որոնց մի մասի վերաբերյալ ներկայացնում ենք մեր` եզրակացության մեջ ներկայացվող տեսակետներից տարբերվող մոտեցումները:

Մասնավորապես.

Նկարագրելով մարտի 1-ի առավոտյան «Ազատության» հրապարակում և դրան հարակից տարածքներում, Երևանի քաղաքապետարանին հարող տարածքում իրադարձությունների զարգացումն ու ոստիկանության գործողությունները, արդարացիորեն նշելով ոստիկանության որոշ ներկայացուցիչների ոչ համարժեք վարքագիծը, այնուամենայնիվ եզրակացությունը ներառում է գնահատական, որ «Ազատության» հրապարակում և դրանց հարակից տարածքներում ոստկանության ձեռնարկած գործողություններն ընդհանուր առմամբ իրավաչափ և համաչափ են, իսկ Երևանի քաղաքապետարանին հարող տարածքում ձեռնարկված գործողությունները` իրավաչափ:

Մենք համակարծիք չենք այս միանշանակ գնահատականներին հետևալ հիմնավորմամբ`

ա) «Ազատության» հրապարակում ևդրան հարակից տարածքներում, ինչպես նշվում է նաև եզրակացության նկարագրական մասում, թեկուզ մասնակի դեպքերում, կիրառվել է անհարկի ուժ, հետևաբար ոստիկանության գործողությունների համաչափությունը կասկածի տակ է առնվում: Այս հանգամանքը հաշվի առնելով մենք գտնում ենք, որ ոստիկանության այս անհամաչափ վարքագիծը պետք է հստակորեն արտացոլված լինի Եզրահանգումների 3.2 բաժնի 19 մասում` օրինակ այս մասի հենց սկզբում օգտագործելով հետևյալ ձևակերպումը «Չնայած առանձին դեպքերում ոստիկանության գործողությունների դրսևորած անհամաչափ վարքագծին..» արտահայտությունը (մնացածն ըստ տեքստի):

բ) Երևանի քաղաքապետարանին հարող տարածքներում «Չերյոմուխա-7» հատուկ միջոցի ոչ իրավաչափ գործադրումը արդեն իսկ խոսում է մասնավորապես անհամաչափության դրսևորման, իսկ ընդհանարապես նաև` ոչ իրավաչափության մասին: Անշուշտ չենք պնդում ոստիկանության ողջ գործողությունները ոչ իրավաչափ և անհամաչափ գնահատելու տեսակետը, սակայն «ոչ իրավաչափ» և «անհամաչափ» արտահատությունները, թեկուզ մասնակի դրսևորման պարագայում, առավել հստակ, պետք է տեղ գտնեին Հանձնաժողովի Եզրահանգումների 4.2 բաժնի առաջին մասում:

Անդրադառնալով մարտյան իրադարձությունների հետաքննության գնահատակին, ինչպես այդ մասին նշվում է ԵԽԽՎ 1677 բանաձևի 8.2 մասում, մենք գտնում ենք, որ եզրակացությունը պետք է ներառեր հետևյալ հաստատումը. «Մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների և դրանց հանգամանքների վերաբերյալ կատարված քննության անկողմնակալության և վստահելիության մակարդակը գնահատելիս հարկ է ընդգծել, որ արձանագրված բացթողումները և թերացումները չեն երաշխավորում անկողմնակալության և վստահելիության չափանիշներին ամբողջությամբ բավարարելու արժանահավատությունը»:

Մարտյան իրադարձություններում զոհված անձանց մահվան, ինչպես նաև վիրավորված անձանց վիրավորվելու հանգամանքների պարզման, մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու հարցերի վերաբերյալ, գտնում ենք, որ եզրակացությունում անհրաժեշտ է հաստատում առ այն, որ արձանագրված բացթողումներն ու թերացումները վերացնելու, հասարակության մոտ առկա կասկածները փարատելու, ինչպես նաև ապագայում նման իրադարձությունները բացառելու երաշխավորությունը (ինչն ի դեպ հիմնական խնդիրներից է) պահանջում է լրացուցիչ քննություն:

Մեր առարկություններն ամենին նպատակ չունեն նսեմացնելու կատարված հսկայածավալ աշխատանքը և մեր գոհունակությունն ու շնորհակալությունն ենք հայտնում հանձնաժողովի բոլոր անդամներին ու հանձնաժողովի նախագահին` համատեղ, հագեցած և արդյունավետ աշխատանքի համահ:

2008թ. ՄԱՐՏԻ 1-2-ին ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՏճԱՌՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ, ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ`


ԱՐՏՅՈՒՇԱ ՇԱՀԲԱԶՅԱՆ, ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
15.09.2009 թ.