Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մանկապարտեզների հարցը շատ լուրջ է, քանի որ մեր օրերում մանկապարտեզ ընդունվելն ավելի դժվար է դարձել, քան` համալսարան: Այսօր լրագրողներին նման կարծիք հայտնեց կրթական ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
Ըստ նրա` եթե երեխային ուզում ենք սովորող դարձնել, պետք է շեշտը ոչ թե ավագ դպրոցի վրա դնել, այլ` նախակրթարանների: Խաչատրյանը նշեց նաև, որ Հայաստանում այսօր 0-3 տարեկան երեխաների միայն 30 տոկոսն է մանկապարտեզ հաճախում, իսկ 3-6 տարեկանների` 51 տոկոսը, ինչը ոչ բավարար արդյունք է:
«Ամեն ինչ սկսվեց տարիներ առաջ. մանկապարտեզները փակվեցին, շենքերը վաճառվեցին, իսկ հետո, երբ պետական ու անվճար դարձան դրանք, բոլորն ուզեցին, որ իրենց երեխան մանկապարտեզ հաճախի: Սակայն հիմա էլ այնպիսի հերթեր են գոյացել, քանի որ մանկապարտեզների թիվը շատ քիչ է: Շատ կարևոր է, որ մանկապարտեզների շենքերը պահպանվեն: Ինչ վերաբերում է մասնավոր մանկապարտեզներին, ապա այնտեղ մի շարք ռիսկեր կան` սիրուն շենքեր են կառուցում, լավ սնունդ տալիս, սակայն մանկավարժական կողմը շատ կասկածելի է»,- ասաց Խաչատրյանը:
Երևանի ավագանու «Ելք» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանն էլ նշեց, որ այն, ինչ այսօր քաղաքապետարանն է անում մանկապարտեզների հարցով, ոչ մի օրենքի չի ենթարկվում: Ըստ նրա` մարդիկ իրենց երեխաներին հերթագրում են ու տարիներ շարունակ սպասում, երբեմն այնքան երկար են սպասում, որ երեխան արդեն դպրոց գնալու տարիքին է հասնում:
«Նախակրթությունը կրթության հիմքն է, ըստ օրենքի` նախակրթական տարիքը 0-3 տարեկանում պետք է սկսվի, սակայն այսօր մեր մանկապարտեզները սկսում են երեխաներին հերթագրել` 3 տարեկանից սկսած: Քաղաքապետարանի` մանկապարտեզների հետ կապված փոփոխություններն ապօրինի են տարվա այս ժամանակ, չի կարելի սեպտեմբերի սկզբին ինչ-որ բան փոխել ու ծնողներին փաստի առաջ կանգնեցնել»,- ասաց Բախշյանը` հավելելով, որ քաղաքապետարանն ուղղակի պարտավոր է ապահովել երեխաների նախակրթական կրթությունը: