կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-15 10:02
Իրավական

Մարիցա Քյուչյուքի սպանությունն ու իրավասու անձանց անտանելի լռությունը

Մարիցա Քյուչյուքի սպանությունն ու իրավասու անձանց անտանելի լռությունը

Դեկտեմբերի 28-ին 85-ամյա Մարիցա Քյուչյուքին դանակահարելով սպանությունը թերթերի երրորդ էջերում լույս տեսավ որպես շարքային սպանություն, սակայն հայ համայնքը դեպքի շուրջ պարուրված հաստ շղարշի պատճառով չափազանց տխուր է և ցայսօր որևէ բառ չասած իրավասուներից սպասում է պարզաբանում:

 

Արտաքինից Մարիցա Քյուչյուքի սպանությունը գուցե և Թուրքիայում ամեն օր տեղի ունեցող տասնյակ դեպքերից մեկն էր: Մտել էին կնոջ տուն, կոկորդը կտրել, որոշ զարդեր գողացել: Ոստիկանությունը հետաքննություն սկսեց: Ընտանիքը ցավում էր: Այսքանն էր լրատվությունը: Լրագրողների տեսանկյունից հարցը փակված էր, իսկ իրավասուներն էլ լուռ էին:

 

Մինչդեռ մի բուռ մարդկանց համար, ովքեր գիտեին, որ այս սպանությունն արդեն Քոջամուսթաֆափաշա կոչվող նախկին Սամաթիա թաղամասում մեկ ամսվա ընթացքում հայ կանանց նկատմամբ  երկրորդ հաձակումն է, Մարիցա Քյուչյուքի սպանությունը շատ ավելի տագնապալի վիճակ է հանդիսանում: Այս երկու դեպքերի միջև եղած կապի հնարավորությունն առնվազն սարսափ է առաջացնում:

 

Կրկին Սամաթիայում կրկին դեկտեմբերին Մարիցա Քյուչյուքի նման միայնակ ապրող 87-ամյա մեկ այլ հայ կին հարձակման էր ենթարկվել: Իր շենքից ներս մտնելու ժամանակ հետևից մոտեցած հարձակվողը նախ` բռունցքով հարվածել, այնուհետև խեղդելով` Թ. Ա.-ի զարդերը գողացել էր: Հարձակման արդյունքում մեկ աչքը կորցրած տարեց կինը երկար ժամանակ բուժվելուց հետո դուրս էր գրվել:

 

Մարիցա Քյուչյուքի սպանությունը պոլսահայերին անմիջապես հիշեցրեց այս դեպքը: Նույն  ամսում նույն թաղամասում երկու հայ կին նույն ձևով հարձակման են ենթարկվել, մեկը մահացել է, իսկ մյուսն էլ մահից փրկվել է՝ կորցնելով մեկ աչքը: Ավելին` լուր տարածվեց, թե Մարիցա Քյուչյուքի մարմինը մերկ է եղել: Քյուչյուքի որդին՝ Զատիկ Քյուչյուքը, ով մորը գտել էր այդ վիճակում, ասում էր, որ մոր մարմնի վրա դանակով կատարած խաչի նշան է տեսել:

 

Ճիշտ է` Զատիկ Քյուչյուքը հետո «Ակօսի» լրագրողին ասել էր, թե մոր մարմնի վրա հորիզոնական վերքի հետք է տեսել, սակայն կարծեցյալ խաչի մյուս թևը միգուցե և վերևի վերքից ծորած արյան հետքն է եղել, սակայն բառն արդեն մեկ անգամ բերանից դուրս է եկել: Դանակահարված, մարմնի վրա խաչի նշան կատարված, սպանված և մերկ կնոջ կերպարը Ստամբուլում բնակվող մոտ 50 հազար հայի գլխում այն կասկածն է առաջացնում, որ Մարիցա Քյուչյուքը դարձել է հայ ինքնությունից բխող ատելության զոհ:

 

Իսկ թեմայի վերաբերյալ հարցերն ու լուսաբանման կարիք ունեցող կետերը բազմազան են.

  • Արդյո՞ք Մարիցա Քյուչյուքի մարմնի վրայի խաչի հետքի պնդումը համապատասխանում է իրականությանը: Շտապ օգնությունն ու անվտանգությունն ինչո՞ւ անմիջապես կասկածները փարատող հայտարարությամբ հանդես չեն գալիս:
  • Կարճ ընդմիջումներով Սամաթիայում երկու հայ կնոջ վրա կատարված հարձակումները կարո՞ղ են պատահականություն լինել:
  • Եթե երկու դեպքն էլ կապ ունեին գողության մեղադրանքի հետ, ապա ինչո՞՞ նման սաստիկ հարվածներ տեղի ունեցան:
  • Երբ դեպքը դեռ նոր էր տեղի ունեցել, ոստիկանությունը Քյուչյուքի ընտանիքին ասել էր, թե «դեպքը սիրողական գործ է, ձերբակալելը վայրկյանների հարց է»: Արդյո՞ք սա ճիշտ դիրքորոշում է, որովհետև անմիջապես մարդու միտքն է գալիս Ստամբուլի այն ժամանակվա Անվտանգության տնօրեն Դելալեդդին Ջերրահի՝ Հրանտ Դինքի սպանությունից հետո կատարած հայտարարությունը. «Որևէ կազմակերպության հետ կապ չկա: Ազգայնական հողի վրա կատարված սպանություն է»: Այդ պարզաբանումից հետո սպանության հետաքննությունն ինչպես հարկն էր չկատարվեց, և վերջապես բոլորս միասին տեսանք, թե ինչ ավարտ ունեցավ դատավարությունը, որն անձամբ վճիռ կայացրած դատավորին անգամ հոգեկան անհանգստություն պատճառեց:

 

Ավելին, Ստամբուլի անվտանգությունը նման հայտարարություն կատարել է նաև 2011 թ. հոկտեմբերին, սակայն հետագայում մեղավորին այդպես էլ չեն կարողացել ձերբակալել: Մի հայ կին, ով Զինջիրլիքույուում տաքսի էր նստել և ենթարկվել տաքսու վարորդի հարձակմանը միայն այն բանի համար, որ հայ է, դեպքից հետո տաքսու վարորդի դեմ բողոք էր ներկայացրել: Անվտանգությունը հանցագործի անունը հաստատել էր և ասել, թե ձերբակալելը վայրկյանների հարց է, սակայն միայն 15 ամիս անց էր մեղադրյալը ձերբակալվել:

 

Այսքան կասկածներից և նմանություններից հետո հայ համայնքը իրավասուներից` հանգստացնող լուսաբանում, իսկ մամուլից` հարցին հետամուտ եղող մասնագիտական արձագանք էր սպասում, սակայն` ապարդյուն: Տեսնելով, որ հարցը օրակարգ չի բերվում, հունվարի 4-ին լույս տեսած «Ակօսի» համարում «Սամաթիայի սպանությունը թող առանց լուսաբանման չմնա» խորագրով լուր հրատարակեցինք, որով նպատակ էինք հետապնդում հասարակության ուշադրությունը հրավիրել այս դեպքի վրա, սակայն տեսնում ենք, որ չկարողացանք հաջողել: Ո՛չ մամուլը հարցով հետաքրքրվեց, ո՛չ էլ ոստիկանության ու քաղաքական դաշտի իրավասուները:

 

Գուցե անտեղի ենք կասկածում: Գուցե այս երկու դեպքերի վերաբերյալ մեր կասկածները անտեղի են: Գուցե երկու դժբախտ կանայք էլ դարձել են շարքային հանցագործության զոհ, սակայն այն, որ օրեր շարունակ ոչ մի իրավասու հարցի վերաբերյալ վստահեցնող պարզաբանում չի կատարում, ավելին՝ նախընտրում է լռել, կարծես թե այս հանցագործությունը տեղի չի ունեցել, Թուրքիայում ապրող ողջ հայ քաղաքացիների անհանգստությունը մեծացնում է:

 

Հայ համայնքը, որը դեռևս ապրում է 2007 թ. հունվարի 19-ին Հրանտ Դինքին կորցնելու մղձավանջը, 2011 թ. ապրիլի 24-ին Բաթմանում զինվորական ծառայության մեջ գտնվող Սևակ Շահինի սպանությամբ ավելի մեծ շոկի ենթարկվեց, ուզում է իմանալ, թե Սամաթիայում տեղի ունեցած հարձակումները ատելությա՞ն հողի վրա են իրականացվել, թե ոչ: Իրավասուները, շահագրգիռ անձինք, պատասխանատուները, եթե ծանր կացության մեջ հայտնված թուրքիացի հայերին այս երկրի հավասար քաղաքացի են համարում և եթե չեն ցանկանում, որ նրանց շարքերն օրեցօր ավելի նոսրանան, գաղթեն կամ էլ վախի մթնոլորտում ապրեն, անհրաժեշտ է, որ պահ առաջ բավարարող հայտարարությամբ հանդես գան:

 

Հակառակ դեպքում մի քանի տարի հետո չեն մնալու փոքրամասնություններ, որոնց մասին խոսեն, լուրեր պատրաստեն, ողջունեն որպես Թուրքիայի խճանկարի մի մասնիկ կամ էլ հայհոյեն՝ ասելով`  «մեր միջի օտարները», որովհետև պատմության ողջ ընթացքում նման դեպքերի արդյունքում «փոքրամասության» վերածված համայնքներն այս վախերի ազդեցությամբ այնքան են քչանալու, որ մի օր Թուրքիայում, որը համարվում է Մերձավոր Արևելքում այն երկիրը, որտեղ ամենաքիչ թվով քրիստոնյաներն են բնակվում, քրիստոնյա բնակչության դիմաց 0 են գրելու:

 

Եթե նրանց ցանկացածը սա չէ, ապա իրավասու անձինք պահ առաջ պետք է գործի անցնեն:

 

Ռոբեր Քոփթաշ