Տեղեկացրեցինք, որ քիչ առաջ Անկարայում ՌԴ դեսպանի սպանության մասին ելույթով հանդես եկավ երկրի նախագահ Էրդողանը՝ «խստագույնս դատապարտելով» կատարվածը: Ինչպես թուրք բարձրաստիճան պաշտոնյաները, այնպես էլ Էրդողանը կատարվածը որակեց «ահաբեկչություն»՝ ակնարկելով Թուրքիայում ահաբեկչական համարվող Գյուլենական շարժմանը, որի առաջնորդն է իր գլխավոր ընդդիմադիր, կրոնական առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը:
Նշենք, որ այս շարժումը Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվում է հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը գլխավորելու մեջ: Ուշագրավ է, որ CNNTURK-ի հաղորդավար Ամեդ Հաքանը Էրդողանի ելույթից հետո փորձեց ավելի «պարզաբանել» նախագահի ելույթը՝ նրա ակնարկածը բացահայտ հայտարարելով: «Այո, ինչպես նախագահը նշեց՝ աշխատանքներ կտարվեն՝ ցույց տալու, որ սպանությունն իրականացվել է «Գյուլենական շարժման» կողմից»,-վստահաբար հայտարարեց Հաքանը: Ասես, գլխի ընկնելով ասվածը՝ վերջինս անմիջապես փորձեց ուղղել թույլ տված «վրիպումը»:
«Աշխատանքներ կտարվեն ահաբեկչական կազմակերպությունը բացահայտելու ուղղությամբ»,-նշեց հաղորդավարը: Ակնհայտ է, որ Թուրքիայի իշխանությունները հերթական անգամ փորձում են ինչ-որ բան կոծկել՝ Գյուլենին թիրախավորելով:
Հրանտ Դինքի սպանությունից անցել է ինը տարի, սակայն Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրի իշխանությունները որոշեցին հանկարծ «բացահայտել» սպանության մեղավորներին: Դինքի սպանության մեջ թուրքական իշխանության կողմից մեղադրվող գյուլենականներն, ըստ երևույթի, այդ հարցում նույնպես մեղավոր «կճանաչվեն» նրա կողմից: