կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-14 15:00
Քաղաքական

Անվախ հերոս... էպոսագետը

Անվախ հերոս... էպոսագետը

Երբ առաջին անգամ էպոսագետ Վարդան Սեդրակյանը հայտարարեց, որ առաջադրելու է իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում, վստահ եմ` շատերիս համար դա զվարճալի էր: Բայց հիմա էպոսագետի հայտարարություններն արդեն ձանձրացրել ու խեղկատակության են վերածվել:

 

Այսօր էլ մամուլի ակումբներից մեկում էպոսագետն իր հերթական ասուլիսն էր հրավիրել, ու թեեւ թեման արտաքին քաղաքականության մասին իր տեսլականների վերաբերյալ էր, բայց նախաբանից հետո լրագրողներն էպոսագետի ընտրած այդ «լուրջ» թեման շրջանցեցին եւ հնչեցրեցին հարցեր, որ բազմիցս են հնչել: Եվ դա շատ բնական է, օրինակ` բոլորիս էլ հետաքրքրում է, թե ո՞վ է կանգնած էպոսագետի մեջքին, ո՞վ է նրան խաղի մեջ մտցրել, ինչո՞ւ է ծաղրում հայ ժողովրդին, նախագահական ինստիտուտը` անկախ նրանից` գործող նախագահին ընդունո՞ւմ ենք, թե՞ ոչ:

 

Այս բոլոր հարցերը, հատկապես` Yerkir.am-ի հարցերը էպոսագետին, իհարկե, դուր չեկան, մարդն անգամ վրդովված նշեց, որ երբ այս 4 ամիսների ընթացքում տնտեսական եւ արտաքին քաղաքական հարցերին վերաբերող նոր հարց է բարձացնում, լրագրողներն ամեն անգամ ընդհատում ու շարունակ նույն հարցերն են տալիս:

 

Էպոսագետ Վարդան Սեդրակյանի ամենաուշագրավ հայտարարությունն այսօր թերեւս այն էր, որ ինքը պատրաստվում է իր քարոզարշավի ընթացքում առաջնային տեղը տալ իր խոսքը ԶԼՄ-ներով փոխանցելուն, հատկապես` տարբեր հեռուստաընկերություններով ելույթներ ունենալուն:

 

«Մասսայական հանդիպումներ չեն լինի, հանրահավաքներ` եւս: Հիմնականում քարզարշավը կառուցվելու է հեռուստատեսության եւ ԶԼՄ-ների օգնությամբ: Հաշվի առնելով ազգաբնակչության սակավ թիվը` այդ մասսայական հանդիպումները որեւէ լուրջ արդյունք տալ չեն կարող: Գյուղերում մնացել են հիմնականում կանայք, անչափահաս երեխաներ, եւ այդ մարդկանց փետրվարի սառնամանքին հանել դուրս եւ բացատրել ինչ-ինչ վեհ գաղափարներ, սխալ է»,- հայտարարեց նաը:

 

Ի դեպ, ողջ ասուլիսի ընթացքում գործող նախագահին Վարդան Սեդրակյանը Սերժիկ Սարգսյան էր անվանում ու փնովում, քննադատում: Նա, սակայն, ի պատասխան մեր հարցի, հայտարարեց, որ այս կերպ չի փորձում ծաղրել, վիրավորել, այլ պարզապես գործող նախագահի անունն ասում է այնպես, ինչպես անձնագրում է գրված, բացի այդ` տեսել է «Սերժիկ Սարգսյանի ՀՀՇ մտնելու դիմումը»:

 

Չհարցնել մեծն էպոսագետին չէինք կարող,` այդուհանդերձ, ինչո՞ւ է ծաղրում գործող նախագահին, նրա վարած քաղաքականությունը, եւ որ ճի՞շտ ենք հասկացել, որ նրան խաղի մեջ մտցրել են հենց այդ նպատակի համար: «Գործող նախագահին ես երբեք չեմ ծաղրել, այն վիճակը, որ կա, ինքնին գնացեք, մտածեք, եթե գործող նախագահը հինգ տարի նախագահ լինելուց հետո դեկտեմբերին ստուգայց ա կատարում ու պարզում, որ առողջապահության ոլորտում կոռուպցիա կա, էլ ի՞նչ ձեռ առնես, ինքն իրեն ցույց ա տալիս»,- հայտարարեց Սեդրակյանը եւ խորհուրդ տվեց մի քիչ համեստ հարցեր տալ:

 

Ի դեպ, էպոսագետին հունից հանեց մեր այն հարցը, թե ինչպես է հեռուստաընկերություններով ելույթներ ունենալու, գործող նախագահին, օրինակ, հեգնական տոնով Սերժիկ Սարգսյան անվանելու, երբ նախագահի փեսան` Միքայել Մինասյանը, ՀՀԿ շտաբի պետի տեղակալն է, եւ հասկանալի, թե կոնկրետ ինչ գործառույթ է կատարելու ընտրություններում: Ու թեեւ հեռուստաընկերությունների եւ նախագահի փեսայի կապի մասին մեր էպոսագետ թեկնածուն, գիտեր, բայց շտապեց հայտարարել, որ Միքայել Մինասյանից չի վախենում:

 

«Իմ ծրագիրը կենսունակ ծրագիր է: Երեք նախագահները միավորվելու են իմ շուրջը, ստեղծվելու է նոր պետություն: Այդ ճանապարհին Միքայել Մինասյանն այն մարդը չէ, ով կկարողանա խանգարել այդ գործընթացին: Եթե երեք նախագահները միավորվում են, ումի՞ց պետք է վախենամ, Միքայել Մինասյանի՞ց: Ինձ իմ ողջ կյանքում ոչ ոք ոչինչ չի արգելել... Գործող նախագահը իմ մրցակիցը չէ, նա շատ նորմալ, հանգիստ կհանձնի իշխանությունը... Մի քիչ համեստ հարցեր տվեք, Միքայել Մինասյանից չե՞ք վախենում, Սերժ Սարգսյանին ծաղրո՞ւմ եք...»,- բորբոքված հայտարարեց էպոսագետ թեկնածուն ու հեռացավ իրեն ուղեկցող 4-5 տղաների հետ: