կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-18 01:07
Հասարակություն

Անվախ շնագայլերը եւ վախեցած մարդիկ` Կապանի փողոցներում

Անվախ շնագայլերը եւ վախեցած մարդիկ` Կապանի փողոցներում

Կապանում երկար ժամանակ է շնագայլերն ակտիվություն են ցուցաբերում: Այս մասին հաղորդում է aravot.am կայքը: Դեռևս նոյեմբեր ամսվանից ի վեր կապանցիներն ահազանգում են, որ գիշերվա հերթափոխից կոմբինատի աշխատողները աշխատանքից տուն վերադառնալիս, փողոցներում հանդիպում են ոչ միայն թափառող շների, այլև` ազատ տեղաշարժվող շնագայլերի, ինչը խիստ վտանգավոր է բնակիչների ազատ ու անվտանգ տեղաշարժի համար:

 

Մի խումբ կապանցիներ Կապան համայնքի ավագանուն էին նույնիսկ դիմել` փողոցային լուսավորությունը գիշերային ժամերին ավելացնելու խնդրանքով: Եթե նախկինում շնագայլերը վախենում էին ու քաղաքի մոտակա անտառներից քաղաքամեջ չէին իջնում, ապա վերջին ժամանակներս սնունդ հայթայթելու նպատակով արդեն միայնակ կամ զույգերով են իջնում մարզկենտրոնի տարբեր թաղամասեր:

 

Կապանի անհատական տներից բաղկացած թաղամասերի բնակիչները տնամերձ հատվածներում շնագայլերի հանդիպելուց հետո մութ ժամանակ զգուշանում են տներից դուրս գալ:

 

«Գիշերը պառկած ժամանակ պատուհանիս տակով չախկալները գալիս-գնում են, ուղիղ ականջներիս տակ ոռնոցները գցում: Լույսը վառում ենք, քար կամ փայտ շպրտում, որ հեռանան: Բայց քար շպրտելով հարց չես լուծի, համատարած ավելացել են էդ անտեր կենդանիները, պիտի էդ հարցով լուրջ զբաղվեն պատկան մարմինները, քանի որ մի կամ երկու թաղամասի հարց չի»,- նշել է Գարեգին Նժդեհ փողոցի անհատական տներից մեկի բնակիչ Սամվելը:

 

Շնագայլերն իրենց գոյության մասին զգացնել են տալիս գրեթե ամեն գիշեր` իրենց ոռնոցներով մեծ աղմուկ հանելով և խանգարելով բնակիչների գիշերվա հանգիստն ու քունը:

 

Մնում է պարզել, թե արդյոք պատասխանատու կառույցները տեղյա՞կ են խնդրին և մինչև օրս պայքարի ինչ-որ միջոցառումներ կիրառե՞լ են բազմացած ու քաղաքի թաղամասերում անվախ շրջող, բնակչության համար վտանգ ներկայացնող շնագայլերի դեմ: